Վերագտիր քո ուրախությունը՝ լավագույնը հիշելով
Անցած շաբաթ այցելեցի Սենթ Լուիս, քաղաք, որտեղ մեր ընտանիքը հաստատվել էր՝ Բոլիվիայից հեռանալուց հետո:
Երբ եկանք այստեղ, ամեն բան նոր էր մեզ համար… ու վախեցնող: Կրելով նույն հագուստը, ինչ Բոլիվիայում էինք հագնում՝ իմ 11-ամյա եղբայրը և ես (այն ժամանակ 12 տարեկան էի) գնացինք դպրոց մեր ժամանումից երկու օր անց: Մենք շատ արագ անգլերեն սովորեցինք, որովհետև այն ժամանակ՝ 1964թ-ին, իսպանախոսների համար հատուկ դասարաններ չկային: Կամ մենք կսովորեինք անգլերեն, կամ կխեղդվեինք օտար մշակույթի մեջ:
Աստված ուներ ծրագիր: Ես էլ ունեի իմը: Իմը ներառում էր երջանիկ ու առողջ կյանք Ամերիկայում՝ լիարժեք ընտանիքի հետ, որն ինձ կլցներ ուրախությամբ:
Աստծո ծրագիրն այլ էր:
Ես կորցրեցի իմ տեսողությունը, բայց Աստված տվեց ինձ խորաթափանցություն՝ տեսնելու Իր շնորհը: Ընտանիքով վերապրեցինք որդուս կորուստը: Աստված տվեց մեզ մխիթարություն, որ մենք էլ մեր հերթին կարողանայինք մխիթարել ուրիշներին:
Նեղության այս գետերով անցնելիս, սակայն, գոհությունը լցնում էր մեր սիրտը: Երբ հուսահատությունը փորձում էր ներս խուժել, լավագույնի հիշեցումները հետ էին բերում ուրախությունը:
Մի քանիսը այդ հիշեցումներից.
- Իմ կուրությունը հիշեցնում է ինձ՝ բորբոքել իմ տեսիլքը ամեն օր:
- Դասերը, որ սովորել եմ, հիշեցնում են ինձ, որ Աստված այսօր էլ գործում է:
- Ողբերգությունները, որ կատարվել են իմ կյանքում, հիշեցնում են ինձ, որ Աստված արդեն հաղթել է:
- Ուրիշների սխալները, որ ես տեսնում եմ, հիշեցնում են ինձ, որ ես էլ անսխալական չեմ:
- Արգելքները հիշեցնում են ինձ, որ դրանք երբեք չպետք է վերածվեն պատրվակների:
- Ուրիշների կոպիտ խոսքերը հիշեցնում են ինձ հսկել սեփական շուրթերս:
- Հուսահատությունն ինձ հիշեցնում է Աստծո Խոսքի հնչյունների ներքո պարել չդադարելու մասին:
- Ձախողումները հիշեցնում են ինձ, որ եթե չսովորեմ դրանցից, դրանք այդպես էլ կմնան ձախողումներ:
- Հաղթանակները հիշեցնում են ինձ, որ ամեն նոր մակարդակի վրա Հիսուսը ժպտում է:
- Մերժումները հիշեցնում են, որ Աստված կարող է վերաուղղորդել իմ քայլերը:
- Սերը, որ ստանում եմ Աստծո կողմից, հիշեցում է, որ Ինքը ներկա է:
- Անհաջողությունները հիշեցնում են, որ իմ սիրտը խարսխված է հույսի վրա:
- Պայքարը հիշեցնում է ինձ, որ Քրիստոսի միջոցով իմ տկարությունը վերածվում է զորության:
- Աստվածաշունչը հիշեցնում է ինձ, որ Աստծո Խոսքը գրված է նաև ինձ համար:
- Հոգատարությունը, որ տալիս եմ մարդկանց, հիշեցնում է, որ մեկ օր էլ ես կունենամ այդ հոգատարության կարիքը:
Գոհաբանությունը կարող է տևել մեկ օր կամ մի ամբողջ կյանք: Դա քո ընտրությունն է: Բայց երբ որոշում ես կայացնում, որ գոհությունդ կպահես ողջ կյանքիդ ընթացքում՝ ուրախությունը ծաղկում է, ու մեծանում է նոր հորիզոնների սպասումը:
Ջանեթ Փերեզ Էքլզ
Աղբյուր՝ CrossNews.AM