Աստծուն որոնողների մեծագույն խոստմունքը
Աստծուն որոնել՝ նշանակում է որոնել Նրա ներկայությունը: «Ներկայություն» բառը եբրայերենից թարգմանվում է՝ «երես»: Այսինքն, բառացիորեն, մենք պետք է փնտրենք Նրա «երեսը»՝ հին հրեական միջոցը` ստանալու մուտք Աստծո մոտ: Լինել Նրա երեսի առջև` նշանակում է լինել Նրա ներկայության մեջ:
Բայց մի՞թե Նրա զավակները միշտ չեն գտնվում Նրա ներկայության մեջ: Ե՛վ այո, և՝ ոչ: «Այո» երկու իմաստներով: Առաջինը այն իմաստով, որ Աստված ամենուր է, և Նա կա ամենուր և յուրաքանչյուրի կողքին: Նրանով ամեն բան գոյություն ունի: Նրա զորությամբ ամեն բան միշտ կառավարվում ու պահպանվում է:
Եվ երկրորդ` Նա միշտ Իր զավակների կողքին է՝ հավատարիմ մնալով Իր խոստմունքին՝ միշտ մեր կողքին լինելու: «Եվ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր մինչև աշխարհքի վերջը» (Մաթևոս 28.20):
Երբ Նա մեզ հետ չէ
Բայց Աստծո ներկայությունը տեսանելի, զգալի և գիտակցելի չէ մեզ համար: Լինում են ժամանակներ, երբ մենք անտեսում ենք Աստծուն, դադարում մտածել Նրա մասին, չենք վստահում Նրան՝ մեր սրտի աչքերով չենք տեսնում, թե Նա որքան մեծ է, հիասքանչ ու արժանի ողջ փառքին:
Եվ այս պատճառով Աստվածաշունչը բազմիցս է կոչ անում՝ «Խնդրեցեք Տիրոջը… Խնդրեցեք նրա երեսը ամեն ժամանակ» (Սաղմոս 105.4):
Նրա երեսը՝ Նրա անհատականության փայլը, թաքնվում է մեր մարմնական ցանկությունների վարագույրի հետևում, որոնք միշտ պատրաստ են հնազանդեցնելու մեզ իրենց: Ահա թե ինչու մեզ պատվիրված է փնտրել Նրա ներկայությունը անդադար: Աստված կոչ է անում մեզ ուրախանալ՝ մշտապես գիտակցելով Նրա անգերազանց մեծությունը, գեղեցկությունն ու արժեքը:
Ինչ է նշանակում «փնտրել» կամ «խնդրել»
Ե՛վ Հին, և՛ Նոր Կտարակարանում ասվում է, որ դա Աստծո վրա մեր միտքն ու սիրտը կենտրոնացնելն է:
«Հիմա ձեր սիրտն ու ձեր հոգին այդ բանին տվեք, որ ձեր Տեր Աստվածը որոնեք» (Ա Մնացորդաց 22.19):
Դա գիտակցական ընտրություն է՝ սիրտն առ Աստված ուղղորդելու: Ահա թե ինչպես էր Պողոսն աղոթում եկեղեցու համար. «Տերը ուղղի ձեր սրտերը դեպի Աստծո սերը և դեպի Քրիստոսի համբերությունը» (Բ Թեսաղոնիկեցիս 3.5): Մեր կողմից մենք անում ենք գիտակցված ջանք: Բայց ձգտումը Աստծուն որոնելու՝ աստվածային պարգև է:
Մենք չէ, որ արհեստականորեն ստեղծում ենք այդ մտավոր ու էմոցիոնալ ձգտումը՝ որոնելու Աստծուն: Մենք կարող ենք որոնել այդպես թղթադրամ, օրինակ: Բայց Աստված չի կորել: Միշտ կա մի բան, որի միջով կամ որի կողքով մենք պետք է անցնենք՝ գիտակցաբար հանդիպելու Նրան: Եվ հենց այդ անցումն էլ որոնման էությունն է: Աստված հաճախ թաքնված է մեր սրտի աչքերից: Մենք պետք է անցնենք այդ «միջնորդների» միջով ու հաղթահարենք մեր ճանապարհի արգելքները:
Երկինքը պատմում է Աստծո փառքը: Այդ պատճառով մենք կարող ենք որոնել Նրան երկնքի միջոցով: Նա Իրեն հայտնում է Իր Խոսքի մեջ: Այդ պատճառով կարող ենք փնտրել Նրան՝ շնորհիվ Իր խոսքի:
Որոնումը գիտակցված ձգտումն է՝ անցնելու բնականի ճանապարհով՝ անմիջականորեն Աստծուն հասնելու. այսինքն մեր հոգիները մշտապես ուղղորդելով առ Աստված՝ մեր բոլոր վերապրումներում, մեր մտքերն ու սրտերը դեպի Նրան ուղղելով՝ Նրա հայտնությունների միջոցով: Դա էլ նշանակում է որոնել Աստծուն:
Կան արգելքներ, որոնցից հարկ է խուսափել
Մենք գիտենք, թե ինչն է մեզ հատկապես զգայուն դարձնում Աստծո ներկայության հանդեպ: Եվ մենք գիտենք, թե ինչն է մեզ հետ պահում ու կուրացնում և անգամ զրկում Նրան որոնելու ցանկությունից: Մենք պետք է հեռանանք դրանից կամ խուսափենք, եթե ցանկանում ենք Աստծուն տեսնել: Սա այն է, առանց ինչի Աստծուն որոնելու ընթացքը չի կարող կայանալ:
Եվ այստեղ նորից մեր սրտերն ու միտքը ուղղում ենք առ Աստված մեր վերապրումների մեջ՝ աղաղակելով Նրան: Սա նույնպես Աստծուն որոնելու ընթացք է:
«Խնդրեցեք Տիրոջը, քանի որ նա գտնվում է» (Եսայի 55.6): Որոնումը աղաղակ է ու աղաչանք:
Խոնարհության կարևորությունը
Աստծուն որոնման մեծագույն արգելքը հպարտությունն է. «Ամբարիշտն իր երեսի ամբարտավանությունովն ասում է. երբեք չի խնդրում, Աստված չկա. նրա բոլոր խորհուրդները սա է» (Սաղմոս 10.4): Այդ պատճառով խոնարհությունը ծայրահեղ կարևոր է Աստծուն որոնելու ընթացքի մեջ:
Մեծագույն խոստմունքը, որ տրվել է Աստծուն որոնողներին, կայանում է հետևյալում. Նա կլինի գտնված:
«Եթե նրան որոնես, նա կգտնվի քեզանից» (Ա Մնացորդաց 28.9):
Եվ հենց դրանում էլ, որ Նա գտնված կլինի, կայանում է մեծագույն պարգևատրումը. «Որովհետև Աստծուն մոտեցողը պետք է հավատա, թե նա կա, և թե իրեն խնդրողներին վարձահատույց կլինի» (Եբրայեցիս 11.6):
Աստված Ինքն է մեծագույն պարգևատրումը: Եվ երբ Նա մեզ հետ է, մենք ունենք ամեն բան: «Խնդրեցեք Տիրոջը և նրա զորությունը. խնդրեցեք նրա երեսը ամեն ժամանակ»:
Ջոն Փայփեր