Երկրորդ համաշխարհային պատերազմն աթեիստներին հավատացյալ դարձրեց

Երկրորդ համաշխարհային պատերազմը հանգեցրել է կրոնականացման աճին. հաղորդում է rosbalt.ru-ն: Ռազմաճակատից վերադարձածների թվում ավելի քիչ են աթեիստները, ընդ որում՝ հավատացյալների առավելագույն տոկոս սոցիոլոգները գրանցել են պատերազմի մասնակիցների շրջանում, ովքեր ապրել են մինչ մեր օրերը:

Գիտնականները հարցում են անցկացրել Համաշխարհային պատերազմի 1123 վետերանների շրջանում և նկատել, որ նույնիսկ ներկայումս հավատացյալ մարդկանց ցուցանիշը շատ ավելի բարձր է, քան կռվի չմասնակցած հասակակիցների դեպքում:

Նրանք, ովքեր ծանրագույն մարտերի են մասնակցել, այժմ 21%-ով ավելի հաճախ են այցելում եկեղեցի, քան նրանք, ովքեր մարտական փորձ չունեն, սակայն միայն մասնակցությունը լիարժեք կերպով չի սահմանում կրոնականությունը:

Ուսումնասիրության արդյունքում բացահայտված երկրորդ գործոնը ռազմական շրջափուլի ընկալումն է: Ովքեր դրան դրական են վերաբերվում, քիչ կրոնավոր են, քան նրանք, ում մոտ պատերազմը բացառապես կապված է բացասական հիշողությունների հետ:

Բացի այդ, վետերանների պատմությունների վրա կատարված վերլուծությունների հիման վրա պարզ է դարձել, որ առավել վտանգավոր պահերին աղոթողների թվաքանակը մեծապես աճել է՝ 42%-ից հասնելով 74%-ի:

Նոր բացահայտման հեղինակների խոսքով՝ ուսումնասիրությունը կարող է գործնական կիրառում ունենալ հոգեթերապիայում:

«Կրոնական համայնքում մասնակցությունը կարող է օգնել հաղթահարելու ռազմաճակատում ստացված «հետևանքները», սակայն այն փաստը, որ խրամատներում աթեիստներ չեն լինում, խոսում է ոչ թե աթեիստների, այլ խրամատների դեմ»,- նշել են նրանք: