«Թոմ և Ջերի»-ի ստեղծողը Ավետարանը սովորեցնում է կոմիկսների միջոցով

Սուպերմենի, Բարբիի, Թոմ և Ջերիի մասին պատմությունների հեղինակ, պատկերազարդող Նեյթ Բաթլերն 2013թ․ այցելել է Կիև: «Կոմիկս 35» սեմինարին նա հանդիպել է նկարիչների, անիմատորների, դիզայներների հետ. հաղորդում է Invictory.org-ը:

Թեմատիկ դասընթացներին, մաստեր-կլասերին մասնակցել են Ուկրաինայի ամենատարբեր շրջաններից եկած հյուրեր, ինչպես նաև Կենտրոնական Ասիայից, Ղրղզստանից և Ուզբեկստանից:

Նեյթ Բաթլերը շահագրգիռ լսարանի հետ խոսել է մի շարք գաղափարների և իր փորձի մասին՝ հայտնելով՝ ինչպես կարելի է Աստծո մասին պատմել գրաֆիկական պատկերների օգնությամբ:

Կենդանի օրինակների վրա նա ցուցադրել է, թե հատկապես որ ծաղրաշարերն են ընկալվում ինչպես մանկական, այնպես էլ մեծահասակ լսարանի կողմից՝ և՛ Արևելքում, և՛ Արևմուտքում:

Ներկաները մեծ հետաքրքրությամբ լսել են վարպետի խորհուրդները և ակտիվորեն մասնակցել պատկերազարդ պատմությունների ստեղծմանը: Նրանցից շատերը հատկապես ոգեշնչվել են՝ այսուհետ ստեղծելու ավետարանչական թեմաներով գրքույկներ, բրոշյուրներ, թերթեր և ամսագրեր՝ օգտագործելով նման կոմիկսներ:

Հավելենք միայն, որ Նեյթ Բաթլերն ավելի քան 20 տարի աշխատել է որպես ծաղրանկարիչ, կոմերցիոն նկարիչ, ծաղրաշարերի սցենարիստ և պատկերազարդող:

Նա աշխատել է նաև ավելի քան 10-յակ աշխարհահռչակ կերպարների վրա, ինչպես Մապպետները, Jughead Jones, Bucks Bani, Heathcliff, Migthy Mouse, Բարբի, Բեթմեն, Թոմ և Ջերի և այլն: