Կանացի պայուսակի գաղտնիքները…

Զուր չեն ասում, որ կանացի պայուսակը շա՜տ գաղտնիքներ է թաքցնում. այնտեղ կարելի է շատ բան կորցնել, իսկ ավելի շատ բան՝ գտնել… Խոսքը միայն շրթներկի, դիմափոշու, դրամապանակի, սանրի և այլնի մասին չէ: Այս հասարակ իրերի կողքին կանացի պայուսակը կարող է նաև «տուն» դառնալ հազարավոր վնասակար բակտերիաների համար:

Նման եզրահանգման են եկել «Initial Washroom Hygiene» կազմակերպության գիտնականները, ովքեր «համարձակվել են» ուշադրության առնել  և հայացք գցել կանացի ամենասիրելի աքսեսուարի «սիրտը»: Մի շարք հետազոտություններից հետո պարզվել է, որ յուրաքանչյուր 5-րդ պայուսակը շատ կեղտոտ է. հաղորդում է utro.ru-ն: Որպես մշտական բնակության վայր` բակտերիաներն ամենից շատ «նախընտրում են» կաշվե պայուսակները: Գիտնականների խոսքով՝ կաշվե պայուսակների ծակոտկեն կառուցվածքը թույլ է տալիս բակտերիաներին հիանալի կերպով հաստատվել և տարածվել այնտեղ: Իսկ ահա ամենակեղտոտ առարկան, որտեղ ամենից հաճախ են հայտնվում «չարի բնակիչները» ձեռքի կրեմն է: Շրթներկն ու տուշը հաջորդում են դրան:

«Տարբեր միկրոբների փոխանցման հավանականությունը բարձր է, քանի որ կանացի ձեռքերը մշտապես կապի մեջ են ինչպես արտաքին, այնպես էլ պայուսակի ներքին մակերեսի հետ: Հատկապես շատ բակտերիաներ հայտնվում են, եթե պայուսակը երկար ժամանակ չի մաքրվել»,- մեկնաբանել է հետազոտական խմբի տնօրեն Պիտեր Բարրատը:

Հիվանդությունների մի ամբողջ ծաղկեփնջից խուսափելու համար գիտնականները խորհուրդ են տալիս պարբերաբար մաքրել պայուսակը հակաբակտերիալ անձեռոցիկներով կամ գելով, ինչպես նաև որքան հնարավոր է հաճախ լվանալ ձեռքերը: Սա կօգնի խուսափել խաչաձև աղտոտումից՝ ձեռքերը չեն վարակի մակերեսը, իսկ ամենակարևորը՝ պայուսակի մակերեսի բակտերիաները չեն անցնի ձեռքերին, այնտեղից էլ՝ դեմքին: Չէ՞ որ միջին հաշվով մեծահասակ մարդը ժամում 16 անգամ հպվում է իր դեմքին, ինչն էլ նշանակում է, որ վարակման հավանականությունը շատ բարձր է:

Բացի պայուսակից կան նաև այլ վարակման այլ կետեր, իհարկե, սակայն գիտնականները խորհուրդ են տալիս չխենթանալ: Պարզապես հարկավոր է առավելագույնս կանխել վարակի օջախների հետ շփումը: Սրբիչներն ու խոհանոցային սպունգերը կարելի է ջերմացնել միկրոալիքային վառարանում, իսկ առարկաների մակերեսները մաքրել հիգիենիկ անձեռոցիկներով: