Ներելը կարո՞ղ է քեզ ազատություն պարգևել
Քրիստոնյաների կյանքում ատելությունը պետք է դրսևորվի միայն մեղքի հանդեպ, իսկ անհանդուրժողականությունը՝ մեղավոր ապրելակերպ քարոզողների հանդեպ։ Մենք պետք է սովորենք ներել իրար և համախմբվել՝ միաբանվել, որպեսզի կարողանանք դիմակայել մեր առջև ծառացած դժվարագույն մարտահրավերներին։
Ներելը և հիշաչարությունից ազատագրվելը աստվածային որակ է, որը Տերը փոխացնում է Իրեն հավատացող մարդկանց։ Ես իսկապես հավատում եմ այս ճշմարտությանը, քանի որ ողորմասիրտ ու կարեկից լինելը Տեր Աստծո էության դրսևորումներից են։ Աստված է ներողամտության հեղինակը։ Հետաքրքիր է նկատել, որ «ներողամտություն» բառը կազմված է «ներող» և «միտք» բառերից: Տեր Հիսուսն ակնկալում է, որ յուրաքանչյուրս պետք է ներող միտք ունենա, այլ ոչ թե հիշաչար։ Սա միաբանություն կբերի մեր ընտանիքներում, մեր հասարակության ու մեր ազգի մեջ։
Ե՛կ միասին մի պահ խորհենք Հովհաննես 3․16 խոսքի՝ հանրահայտ հատվածի շուրջ.
«Աստված այնքան սիրեց աշխարհը, որ Իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով Նրան հավատում է, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3․16)։
Հե՛նց Հիսուսի խաչի մահվան շնորհիվ ենք մենք ներում ընդունում Տեր Աստծուց, որովհետև Նրա արյունը թափվեց մեր մեղքերի ներման համար։ Մեր հանցանքների պատիժը Նա Իր վրա վերցրեց։
Այսպիսով, ներելը երբեմն ցավ է՝ անգամ մեր կողմից որոշակի բաներ զոհելու պատրաստակամություն: Ներելը հեշտ բան չէ և իր մեծ գինն ունի, որը յուրաքանչյուրս պետք է վճարի, որպեսզի ազատագրվի ատելության կապանքներից և մասնատվածության թակարդներից: Որևէ մեկին կամ ինքդ քեզ ներելը զորավոր գործ է, որը ազատություն է բերում քո կյանքի մեջ: Ատելությունը ծանր բեռ է։ Այն ընկնում է քո ուսերից, երբ կարողանում ես ներել։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ միասին աղոթենք այս աղոթքով. «Հա՛յր, շնորհակալ եմ, որ Քո Որդուն զոհեցիր, որպեսզի ես, Նրան հավատալով, ներում ընդունեմ Քեզնից։ Շնորհակալ եմ, որ Քո սիրո պարգևը թույլ է տալիս վայելելու իրական ներումը: Այսօր օգնիր ինձ ներելու այն մարդկանց, որոնք իրապես ցավ են պատճառել ինձ։ Օգնի՛ր ինձ, խնդրում եմ, որպեսզի իմ ներումը միաբանություն բերի իմ ընտանիքում, իմ եկեղեցում, իմ ազգի ու իմ երկրի մեջ։ Ներման ու սիրո մթնոլորտ պարգևի՛ր մեզ, Տե՛ր։ Խնդրում եմ իմ յուրաքանչյուր հայրենակցի համար, որ մեր ուսերից վերցնես ատելության ու թշնամանքի բեռները, որ միաբանես մեզ Քո անվան շուրջ և ամուր ու համախմբված ժողովուրդ դարձնես։ Ես գիտեմ, որ այդ ամենը կարող է սկսվել իմ ներումից։ Աղոթում եմ, որ ներելը իմ սիրտը ազատ ու թեթև դարձնի, որ ես կարողանամ մարդկանց սիրել Քո սիրով։ Շնորհակալ եմ քեզ Քո խաղաղության համար, որը պատել է ինձ հիմա: Եվ խնդրում եմ այդ խաղաղությունը գա նաև իմ երկրի ու իմ ժողովրդի մեջ։ Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»:
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։