Թե ինչպես են քրիստոնյաները հակառակվում Քրիստոսի վարդապետությանը

Լիակատար անկեղծությամբ ցանկանում եմ նշել, որ մենք՝ քրիստոնյաներս, երբեմն իսկապես Քրիստոսին հակառակ ենք գործում: Մենք ասում ենք, թե հետևում ենք Քրիստոսին, բայց անում ենք այն, ինչ ուզում ենք: Մենք ասում ենք, որ սիրում ենք Աստծուն, բայց չենք հնազանդվում Նրա Խոսքին: Մենք ասում ենք, որ քրիստոնյա ենք, բայց մեզ քրիստոնյային վայել չենք պահում այլ մարդկանց նկատմամբ:

Որոշ մարդիկ կասեն, թե ժամանակ առ ժամանակ դժվար է հետևել Քրիստոսին և վարվել՝ ինչպես Նա է պատվիրել: Եվ սա յուրաքանչյուրիս իրականությունը կարող է լինել մի որոշակի պահի:

Ընկերնե՛ր, այս հոդվածը չեմ գրում որևէ քրիստոնյայի քննադատելու կամ վիրավորելու համար, կամ աշխարհի առջև բացասական վկայություն լինելու: Գրում եմ՝ օգնելու Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդի՝ գիտակցելու, որ բոլորս ժամանակ առ ժամանակ կարիք ունենք մեր ընթացքի մեջ ուղղվելու: Մենք կարիք ունենք գնահատական տալու մեզ, որ կարող լինենք ավելի լավն անել՝ Հիսուս Քրիստոսի հետ մեր ընթացքի մեջ:

Ցանկանում եմ առանձնացնել երեք կետ՝ թե ինչպես ենք մենք՝ քրիստոնյաներս, հակառակվում Հիսուսի վարդապետությանը: Հույս ունեմ, որ սա կօգնի ձեզ.

  1. Երբ մենք ողորմած չենք այլ մարդկանց հանդեպ

Մենք հակառակվում ենք Քրիստոսին, երբ այլ մարդկանց հանդեպ շնորհ չենք ցուցաբերում: Աստվածաշունչը սովորեցնում է, որ անկախ նրանից՝ մենք հարուստ ենք, թե՝ աղքատ, մեզ տրվել է շնորհ՝ Տեր Հիսուս Քրիստոսով:

Քանի որ մենք մեղք գործեցինք և ընկանք Աստծո փառքից, մենք չենք արժանացել փրկված լինելու, մենք չենք արժանացել սիրված լինելու ու բարիք ժառանգելու: Բայց Տերը Իր մեծ սիրո համեմատ Իր միածին Որդուն ուղարկեց՝ Իր սերը ցույց տալու:

Երբ մենք հետ ենք պահում շնորհը կամ բարին, որին դիմացինը չի արժանացել, մենք Քրիստոսի պես չենք գործում: Ահա թե ինչ նկատի ունեմ.

«Այն ժամանակ Պետրոսը նրա մոտ գալով ասաց. Տեր, քանի՞ անգամ, եթե իմ եղբայրն ինձ դեմ մեղք անի, ես ներեմ նրան. մինչև յո՞թն անգամ։ Հիսուսը նրան ասաց. չեմ ասում քեզ՝ մինչև յոթն անգամ, այլ մինչև յոթանասուն անգամ յոթը» (Մաթևոս 18.21-22):

  1. Երբ մենք ինքնավստահ ենք (պարծենում ենք սեփական արդարությամբ)

Մյուսը՝ ինքնավստահ լինելն է, ինչը մեզ ինքնաբերաբար հեռացնում է Քրիստոսի նման լինելուց: Հիսուսը երբեք չէր գործում այնպես, ասես Նա միակն էր, ով առանց մեղքի էր, չնայած, որ Նա իրոք այդպիսն էր և է: Նա երբեք չէր պարծենում Իր արդարությամբ մարդկանց առջև: Նա պարզապես յուրաքանչյուրին բերում էր դեպի Աստծո արդարությունը՝ ինչպես տեսնում ենք Իր Խոսքի մեջ:

Երբ մենք գործում ենք այնպես, ասես մենք ավելի լավն ենք ու ավելի սուրբ ենք, քան ուրիշները, հատկապես եթե այդպես ենք վարվում անհավատ մարդկանց հանդեպ, մենք սեփական արդարությունն ենք ի ցույց դնում: Մտորեք այն մասին, թե ինչ է Հիսուսն ասել ինքնավստահ մարդկանց՝ փարիսեցիներին, Մաթևոս 23.4-ում.

«Որովհետև ծանր և դժվարակիր բեռներ են կապում և դնում մարդկանց ուսերին, բայց իրենց մատովը չեն ուզում շարժել նրանց»:

Այս կերպ վարվելով՝ մենք նմանվում ենք փարիսեցիներին, ովքեր հետ էին պահում մարդկանց Աստծո ճանաչողությունից, որովհետև իրենք չէին ճանաչում Նրան:

  1. Երբ չծառայելով ուրիշներին՝ պահանջում ենք որ մեզ ծառայեն

Երբ մենք չենք ծառայում ուրիշներին, բայց փոխարենը պահանջում ենք, որ մեզ ծառայեն, մեր վարվելակերպը հակառակ է դառնում Հիսուս Քրիստոսի թողած օրինակին: Նա եկավ՝ ծառայելու, եթե մենք կոչում ենք Նրան՝ մեր Տեր, այդ դեպքում՝ ո՞վ ենք մենք, որ չծառայենք:

Ահա Նրա պատասխանը Իր աշակերտներին, երբ նրանք խնդրում են իրենց պատիվ տալ՝ Իր կողքին նստելու:

«Հիսուսն էլ նրանց իրեն մոտ կանչելով՝ ասաց. գիտեք, որ ազգերի իշխանները տիրում են նրանց վրա, և մեծամեծները իշխում են նրանց վրա, բայց այնպես չլինի ձեր մեջ, այլ ձեզանից ով որ կամենա մեծ լինել, թող ձեզ ծառա լինի։ Եվ ձեզանից ով որ կամենա առաջին լինել, թող ձեզ ծառա լինի։ Ինչպես մարդի Որդին չեկավ, որ իրեն ծառայեն, այլ որ ինքը ծառայի և շատերի փոխարեն իր անձը փրկանք տա» (Մաթևոս 20.25-28):

ՋԲ. Կաչիլա