Անճոռնի քարը
Մի ծովափնյա քաղաքում խանութի դիմաց կանգնած էր մեծ անճոռնի քար: Խանութի տերը վաղուց երազում էր ազատվել այդ քարից, քանի որ այն ծածկում էր ցուցափեղկը:
Նա խնդրում է իր աշխատողներին փորել, հանել քարը և տանել այն հեռու խանութից, բայց նրանք այդ ծառայության համար շատ բարձր գին են պահանջում:
Խանութի տերը չի համաձայնվում այդպիսի գումարներ վատնել ինչ-որ քար տեղափոխելու համար և հաշտվում է այն մտքի հետ, որ քարը մնալու է իր խանութի առջև կանգնած:
Որոշ ժամանակ անց մի երիտասարդ է մոտենում, չափում է քարը տարբեր կողմերից և մոտենում է այդ նույն խանութպանին, թույլտվություն խնդրում նրանից այդ քարը տանելու՝ վճարելով սիմվոլիկ գումար:
Խանութի տերը շատ է ուրախանում, անգամ իր կողմից վճարում է այն սարքավորումների համար, որոնք երիտասարդը վարձել էր քարը տեղափոխելու համար:
Դրանից հետո խանութի առևտուրը գնալով մեծանում է: Քանի որ հեռվից արդեն երևում էր այն, շատերն էին այցելում խանութ, և խանութպանը մեծ գումարներ է սկսում վաստակել:
Մեկ տարի անց մի նավ է ժամանում քաղաք ու բերում մեծ, հիասքանչ մի քանդակ, որը վաճառելու համար ծովի ափին աճուրդ է կազմակերպվում:
Այն խանութի տերը նույնպես ցանկանում է մասնակցել աճուրդին: Նա մտածում է, որ նման գեղեցիկ արձանը կգրավի շատերի ուշադրությունը, և ավելի շատ մարդիկ կայցելեն խանութ: Եվ նա մեծ գումարներ վճարելով, ի վերջո, գնում է այդ քանդակը և երջանիկ ու բավարարված է զգում իրեն նոր ձեռքբերումով:
Հանկարծ նրան է մոտենում այդ քանդակի հեղինակը և հարցնում.
-Դուք չե՞ք հիշում ինձ:
-Ո՛չ, – պատասխանում է խանութպանը:
-Ես այն երիտասարդն եմ, ով մեկ տարի առաջ գնեց ձեզնից այս քարը,- պատասխանում է երիտասարդը՝ ցույց տալով արձանը:
Աղբյուրը՝ katast.info