Հոգևոր պատերազմի նոր ռազմավարություն. Լիզա Բիվեր

«Վասնզի մեծ և արդյունավոր դուռ է բացված ինձ, և հակառակողները շատ են» (Ա Կորնթացիս 16.9):

Հնարավորություններն իրենց հետ բերում են հակառակություն: Երբ դու բարձրանում ես նոր մակարդակի վրա, կհանդիպես դիվային նոր հակառակության: Այս խոսքը պատկերավոր ներկայացնելու համար պատկերացրեք վիրտուալ վիդեոխաղ: Ցանկացած լավ վիդեոխաղի դեպքում անհրաժեշտ է անցնել բազմաթիվ մակարդակներ՝ նախքան խաղի ավարտը: Ամեն մակարդակ բաղկացած է ուրույն մարտերից, որոնք պահանջում են մարտի յուրահատուկ ռազմավարություն: Նոր մակարդակի անցումը միշտ ենթադրում է նոր ավելի ուժեղ թշնամի:

Ըստ իմ որդիների, ովքեր վարպետ են վիդեո խաղերի ընտրության մեջ, ամեն մակարդակը կարևոր է: Նպատակը պարզապես տվյալ մակարդակը հնարավորինս արագ անցնելը չէ: Նման կերպ տրամադրված խաղացողը լավ արդյունք չի գրանցի կամ չի մնա խաղի մեջ շատ երկար: Երբ նայում եմ իմ տղաների հնարքներին և ռիսկերին՝ վերցնելու որոշակի առարկաներ, որոնք թաքնված են ճանապարհի սահմաններում ամեն մակարդակի վրա, նկատում եմ, որ այդ առարկաներից յուրաքանչյուրն ունի որոշակի արժեք, բայց այդ առարկաների կարիքը սովորաբար միանգամից չի երևում: Ավելի հաճախ դրանք հավաքվում են ապագա օգտագործման համար: Այն, ինչ ձեռք է բերվում մի մակարդակի վրա, կարող է անհրաժեշտ լինել մյուսում:

Այս համեմատությունից ելնելով՝ շատ կարևոր է, որ մենք լավ կատարենք փոքր բաները: Երբեք մի կասկածիր, որ ներկայիս փոքր կամ աննշան թվացող որոշումները կամ քայլերը կարող են բացել նոր ուղի կամ անգամ զորացնել քեզ ապագայում: Համոզված եղիր, որ միայն մեր գործերը չեն, որ մեզ հետ տանում ենք դեպի ապագա, այն դասերը, որ սովորել ենք մեր ճամփորդության ամեն մի նոր փուլում, նույնպես մեզ հետ են:

Երբ Իսրայելացիները պատրաստ էին տիրելու խոստացված երկրին, Տիրոջ ռազմավարությունը նրանց համար հետևյալն էր. երկիրը պետք էր գրավել քայլ առ քայլ: Մովսեսը եզրափակում է միտքը. «Եվ քո Եհովա Աստվածը կքշի այն ազգերին քո առաջիցը քիչ քիչ. դու չես կարող նրանց շուտով վերջացնել, որ մի գուցե դաշտի գազանները քեզ վրա շատանան» (Բ Օրինաց 7.22):

Պատճառը, թե ինչու Աստված հրաժարվեց ժողովրդի առաջից քշել նրանց թշնամիներին միանգամից, սա էր. նրանք կժառանգեին մի երկիր, որին չէին կարողանալ տիրել: Իսկ նրանց թշնամիներին քշելով քիչ-քիչ` Աստված թույլ էր տալիս նրանց աստիճանաբար աճել տիրելու իրենց կարողության և խոստացված երկրին իշխելու մեջ: Եթե Աստված միանգամից տա մեզ ամեն խոստացված բան, մենք ի զորու չենք լինի իշխել դրանց վրա:

Կյանքը մշտապես կապ ունի սեզոնների, փուլերի և մակարդակների հետ: Մտիր կյանքի ամեն նոր մակարդակի մեջ և վերցրու այն դասերը, որ Աստված սովորեցնում է քեզ: Աստված պատրաստում է քեզ ամենի համար, ինչ արդեն նախատեսել է քեզ համար: Դու պարզապես չես անցնում քո կյանքի այս շրջանով, դու աճում ես՝ անցնելով այն:

Մեր նպատակը պետք է լինի մեզ հանդիպած ամեն մի մարտը հաղթելը՝ գիտակցելով, որ մենք մասնակից ենք վաղուց ի վեր խավարի ու լույսի միջև պատերազմին՝ Աստված ընդդեմ սատանայի: Չնայած որ մենք կռվում ենք արդեն հաղթողի կարգավիճակով, այդ հաղթանակը պետք է հաստատվի մեր կյանքում: Եվ դա արվում է աստիճանաբար՝ քիչ-քիչ: