Իմ հրեշտակներին հրամայել եմ պահպանել քեզ. իրական պատմություն

Սա իրական պատմություն է, որ տեղի է ունեցել ինձ հետ:

Այդ ժամանակ ես տասներեք տարեկան էի: Մեր եկեղեցում պետք է ավետարանչություն անցկացվեր, և ես իմ ընկերուհու հետ միասին գնացի հրավիրատոմսեր բաժանելու: Դրանից հետո մենք հյուր գնացինք մեր եկեղեցու քույրերից մեկին: Միասին թեյ խմեցինք, շփվեցինք, աղոթեցինք: Հետո նկատեցինք, որ արդեն բավականին ուշ է և պետք է տուն վերադառնայինք:

1993 թվականն էր, երբ սկիզբ էր առնում ազատությունն ու շատանում էին հանցագործությունները:

Այն թաղամասը, որտեղ ապրում էր մեր այդ ծանոթը, այնքան էլ լավը չէր: Մոտակայքում էր գտնվում հացի  մի գործարան, լքված մի մարզադաշտ և բազում հանրակացարաններ, որտեղ հաճախ կռիվներ էին լինում:

Մենք շատ էինք վախենում դեպի տուն քայլելիս, բայց ամբողջ ճանապարհին  ես և ընկերուհիս քաջալերում էինք միմյանց՝ քրիստոնեական պատմություններ պատմելով, թե ինչպես է Աստված պահպանել ու պաշտպանել Իր ժողովրդին, հիշում էինք ու կրկնում Աստվածաշնչյան խոսքեր:

Այդ ընթացքում պարբերաբար մեզ էին հանդիպում միայնակ անցորդներ, ոմանք մեզ շրջանցում էին մեկ մետր հեռավորությունից ու վախեցած շրջվում ու մեզ էին նայում:

Երբ հասանք տան մոտ, պարզվեց, որ մեր հարազատները կանգնած էին դրսում և պատրաստվում էին մեզ փնտրել:

Այդ երեկո, իհարկե, նրանք բարկացան մեզ վրա: Բայց զարմանալին այն է, որ ամբողջ երեկո տան անդամներն ինձ հարցնում էին կաշվե բաճկոններով ու մարմնի սպորտային կազմվածքով տղաների մասին, որոնք, իբրև թե, եկել են մեզ հետ ու հասցնելով մինչև տան մոտ՝ անհետացել են: Բայց մենք հաստատ գիտեինք, որ ոչ ոքի հետ էլ չենք քայլել:

Գիշերը ես աղոթում էի, և Տերն ինձ ասաց՝ «Իմ հրեշտակներին հրամայել եմ պահպանել քեզ»:

Այժմ հասկանալի էր, թե այդ ինչ տղաներ էին, որոնց տեսել էին մեր հարազատները և որոնց շրջանցում էին փողոցի անցորդները:

Առավոտյան ես շտապեցի ընկերուհուս մոտ, որպեսզի կիսվեմ բացահայտումովս:

Թվում է թե, այս ամենն անհնար է, բայց դա տեղի է ունեցել ինձ հետ: Ինձ չեն դադարում զարմացնել Աստծո գործերը:

«Որովհետև իր հրեշտակներին հրամայել է քեզ համար, որ պահեն քեզ քո բոլոր ճանապարհներում» (Սաղմոս 91.11):

Աղբյուր՝ CrossNews.AM