Սարսափելին ոչ թե մենությունն է, այլ` դատարկությունը. Արթուր Սիմոնյան
Երբ մարդը կարող է ինչ-որ մեկի հետ դեմ առ դեմ, սրտից սիրտ շփվել և կիսվել, դա երջանկություն է: Հակառակ դրան` ես տեսնում եմ, որ այսօր աշխարհը շարժվում է դեպի մենություն և դատարկություն: Գնալով մարդիկ ավելի են մեկուսանում միմյանցից, և դա հենց այն է, ինչին սատանան ձգտում է հասնել:
Մեկ անգամ զրուցում էի մասնագետների հետ, ովքեր պնդում էին, որ երիտասարդների 60-70 տոկոսն այսօր փոխել է իր կողմնորոշումը` դասական շփման փոխարեն նախապատվությունը տալով վիրտուալ հաղորդակցությանը: Եվ, իրոք, երիտասարդներից շատերն այսօր մեկուսացած են ծնողներից և ընկերներից, 20-25 տարեկան հասակում չեն էլ մտածում ամուսնության մասին: Բայց այդպես չէր, ասենք, ընդամենը 20 տարի առաջ:
Այդուհանդերձ, ես համոզվել եմ, որ սարսափելին ոչ թե մենությունն է, այլ` դատարկությունը: Այն մարդը, ով Աստծուն ունի իր ներսում, թեև մենակ էլ լինի, երբեք դատարկ չի լինի: Աստված նույնիսկ կանչում է մեզ ծածուկ սենյակ` մենության մեջ, բայց գիտենք, որ այդ մենության մեջ մենք դատարկ չենք: Երբ դու մտնում ես քո սենյակ և ասում. «Ո’վ իմ Տեր և իմ Աստված, ես սիրում ու պաշտում եմ Քեզ…», այդ պահից դու այլևս մենակ ու դատարկ չես:
Չամուսնացած կանայք մտածում են, որ եթե ամուսնանան, իրենց մենությունն ու դատարկությունը կանցնի, բայց դա այդպես չէ: Եթե մինչև ամուսնանալը չլուծես ներքին դատարկության հարցը, ապա ամուսնանալուց հետո էլ նույն հոգեվիճակում կլինես:
Եդեմի պարտեզում Ադամը մենակ էր, բայց ոչ դատարկ: Մինչդեռ պարտեզը լքելիս Ադամն ու Եվան երկուսով էին, սակայն լիովին դատարկ: Դու կարող ես հազարավոր մարդկանցով շրջապատված լինել, բայց քեզ մենակ և դատարկ զգալ, որովհետև դա հոգևոր վիճակ է, որը կարող է լցնել միայն Աստված: Եթե մարդը լցված չէ Աստծով, ապա նա փորձելու է հոգևոր դատարկությունը լցնել այլ բաներով:
Օրինակ` թմրամոլն ու հարբեցողը, շնացողն ու խաղամոլը այդ բաներն անում են դատարկության պատճառով, բայց որպեսզի նրանց կյանքը փոխվի, նախ պետք է Աստծով լցվեն:
Ծննդոց 1:2, 3 խոսքերում ասվում է. «Եվ երկիրն անձև ու դատարկ էր, և խավար կար անդունդի վրա, և Աստծո Հոգին շրջում էր ջրերի վրա: Եվ Աստված ասաց. «Լույս լինի», և լույս եղավ»:
Աստված է, որ կարող է ձև տալ մեր կյանքին և լցնել մեր դատարկությունը: Կյանքը ձևավորողը Նա է, ոչ թե մենք: Չէ՞ որ, երբ պետք է հագուստ կարել կամ մազ կտրել, դու ինքդ չես անում, այլ գնում ես մասնագետի մոտ: Սուրբ Գիրքն ասում է, որ երկիրը տձև էր ու դատարկ, և Աստված ասաց. «Թող լույս լինի», և լույս եղավ: Նույնը կարող է մեր կյանքի հետ կատարվել:
Դատարկությունը կարող է գալ նաև քրիստոնյայի կյանքի մեջ, եթե նա Աստծուն Աստծո պես չպաշտի ու չերկրպագի, չփառաբանի ու չաղոթի:
Մատթ. 12:43-45 խոսքերում նկարագրվում է, որ չար ոգին մարդուց դուրս գալուց հետո կրկին ետ է վերադառնում և մարդուն հայտնաբերում դատարկ: Այդ ժամանակ գնում է և իր յոթ ընկերներին բերում:
Սիրելինե’րս, պետք չէ մեղքի հետ սիրախաղ անել: Մենք Աստծո անոթներն ենք, և շատ անգամ մեղքը մեր անոթի մեջ անցքեր է բացում, և Տիրոջ ներկայությունն ու օծությունը հոսում-գնում է մեզնից:
Եթե լիքը մտնես մեղքի մեջ, դրանից դատարկ դուրս կգաս: Մեղքը լիովին դատարկում է քրիստոնյային: