Գլխավոր անձը ձեր ամուսնության մեջ
Հենրին շատ լավ երիտասարդ էր: Նա եկեղեցու անդամ էր, գրանցվել էր զինվորական ծառայության և այդ ժամանակ ծառայում էր տեղական կառավարության շենքում: Եկեղեցում նա հանդիպում է Լիզային, և նրանք սկսում են հանդիպել: Վերջիվերջո, Հենրին հանդիպում է նաև Լիզայի հոր հետ և խնդրում Լիզայի ձեռքը:
Ամեն բան լավ էր ընթանում, մինչ զույգը պատրաստվում էր ամուսնության: Հենրին վայելում էր Լիզայի ընտանիքի բարեհաճությունը, այդ թվում՝ նրա հոր: Հենրին ամեն ջանք անում էր իր ապագա աներոջ հետ լավ հարաբերություններ հաստատելու համար: Հենրին և Լիզան ամուսնանում են, և ամեն բան լավ էր՝ մինչ այն պահը, երբ նրանք վերադառնում են մեղրամսից: Հենրին որոշում է, որ իրենք Լիզայի հետ պետք է հեռու ապրեն նրա ընտանիքից: Նա գնալով հեռանում է Լիզայի ընտանիքից, դադարում է հանդիպել նրա հոր հետ, և այդպես տարիներ շարունակ:
Եթե աները զանգում էր նրան, Հենրին խուսափում էր նրա հետ զրուցելուց: Իրավիճակն այնքան է վատանում, որ Հենրին չի հանդիպում և չի խոսում Լիզայի ընտանիքի հետ 7 տարի շարունակ:
Հիմա կարո՞ղ եք պատկերացնել, թե ինչպես էր իրեն զգում Լիզան կամ Լիզայի հայրը, ով այդքան վստահում էր իր ապագա փեսային. վիրավորված, շփոթված, բարկացած, և, վերջիվերջո, նա չէր կարող այլևս լավ վերաբերվել Հենրիին, քանի որ վերջինս գողացավ իր դստերը և հեռացրեց նրա հարազատ ընտանիքից:
Սա տխուր պատմություն է: Բայց տխուր, հատկապես, Հենրիի համար: Որովհետև Լիզայի հայրն այս պատմության մեջ Աստծո խորհրդապատկերն է: Այնքան շատ են նրանք, ովքեր Աստծուն իրենց Հայր կոչելով՝ մոռանում են, որ Աստված նաև իրենց կողակցի Հայրն է:
Ես, հավանաբար, չեմ կարող բացատրել, թե քանի անգամ եմ տեսել նման «Հենրիների» իմ կյանքում: Նրանք աղոթում էին Աստծուն՝ խնդրելով կին իրենց համար: Իսկ երբ ամուսնանում էին, մոռանում էին, թե ում շնորհիվ կազմվեց իրենց ընտանիքը: Նկատի ունեմ, որ որոշ զույգեր տարիներ շարունակ երբեք չեն աղոթում միասին: Ամուսինը հրաժարվում է գնալ իր կնոջ իրական Հոր՝ Աստծո մոտ: Պատկերացրեք, թե ինչպես է Աստված զգում Իրեն. Նա, Ով դրել է ընտանիքի հիմքը, մոռացվում է ընտանիքի կողմից:
Ըստ իմ պատկերացման՝ ամուսնությունը Աստծո, տղամարդու ու կնոջ միջև է, դա երեքի միություն է, ոչ թե երկուսի: Ինչպես որ մտածում ենք ամուսնության մասին, դա էլ ձևավորում է մեր ընկալումն ու հավատը: Եթե մեկը հավատացած է, որ ամուսնութունը երեքի միասնություն է, ապա գործում է համապատասխան այդ մտածելակերպի: Պատկերացրու, որ Աստված իսկապես քո ամուսնու Հայրն է: Արդյոք դա կազդի՞ ամուսնուդ հետ քո ամենօրյա շփման վրա:
Ընտանիքի ամենակարևոր անձը Աստված է: Նա ամենագետ և ամենազորավոր, ստեղծագործ Աստված է, Ով սիրում է քեզ և քո կողակցին: Եվ Աստված անաչառ է ամեն տեսակ անհամաձայնություններում, որը դուք կարող եք ունենալ որևէ հարցի շուրջ:
Ամեն օր փնտրեք Աստծուն: Դուք կարող եք գտնել Նրան Իր Խոսքի՝ Աստվածաշնչի մեջ: Դուք կարող եք գտնել Նրան ձեր կողակցի հետ աղոթքի մեջ և անհատական աղոթքի: Դուք կարող եք գտնել Նրան ձեր հովվի կամ հոգևոր առաջնորդի միջոցով և կարող եք գտնել Նրան՝ պարզապես կանգնելով ու երկրպագելով Նրան: Զույգերը, որոնց ամուսնության հիմքում Աստված է, և ովքեր իրենց ամուսնական միությունը երեքի միություն են դարձնում, կյանքի հատուկ հանգամանքները դիմագրավում են ավելի հեշտ, քան նրանք, ովքեր թողնում են Աստծուն եկեղեցու շենքի մոտ:
Դագ Ուեյս