8 ճանապարհ՝ ամուսնության մեջ միաբանությունը պահելու
Ես միշտ ցանկացել եմ լավ ամուսին լինել: Եվ այս իմ ձգտման ճանապարհին բացահայտել եմ, որ ամուսնությունը չի կարող իրապես օրհնություն լինել, եթե իմ կինը և ես չենք լուծում մեր միջև ծագած անհամաձայնությունները: Կան մի քանի դասեր, որ ես սովորել եմ, և դրանք մեր ամուսնությանը հնարավորություն են տվել անցնելու ոչ միայն տարաձայնությունների միջով, այլև դրանցով հանդերձ՝ բուռն զարգացում ապրելու.
- Հիշեք՝ ամուսնության մեջ խնդիրը նրանում չէ, թե ով է ճիշտ և ով՝ սխալ. խնդիրը միաբանությունը պահելու մեջ է:
Մեր նպատակը երբեք չպետք է լինի վեճից «հաղթող» դուրս գալը, այլ հաշտեցում ու միաբանություն փնտրելը:
- Վեճի մեջ թող ձեր կողակիցը մտածի, թե դուք ընդունում եք նրա խոսքերը, անգամ եթե հասկանում եք, որ նա սխալ է:
Երբ տեսնում եք, որ դիմացինը սովորականի պես չի պահում իրեն՝ հասկանալով անգամ, որ նման կերպ պահելաձևը նորմալ չէ, պատասխան հարված հասցնելու փոխարեն փորձեք ներողամիտ լինել և փնտրել խնդրի արմատը: Դիմացինին պատասխան հարված հասցնելը հաճախ թույլ չի տալիս հետագայում միաբանություն հաստատել:
- Միշտ հարգեք ձեր կողակցի զգացմունքները:
Անկախ նրանից՝ հասկանո՞ւմ եք, թե՝ ոչ, թե ինչն է վիրավորել ձեր կնոջը/ամուսնուն, միշտ փորձեք տեսնել նրա տեսակետը և ընդունեք այն: Միաբանությունը կոտրելու ամենակարճ ճանապարհը տպավորություն ստեղծելն է, թե այն ինչ դիմացինը վերապրում է, ծիծաղելի է կամ հիմարություն:
- Երբ ներողություն եք խնդրում, վստահ եղեք, որ ամբողջ սրտից եք անում դա:
Ի միջի այլոց ներողություն խնդրելը ներում խնդրել չէ ընդհանրապես: Մենք չենք կարող խաբել մեր կողակցին՝ կարծելով, թե կեղծ ներողությունը վստահության արժանի կլինի:
- Թող քո գործերը ցույց տան միաբանությունը պահելու քո ցանկությունը:
Օրինակ, երբ ես ինձ խոնարհեցնում եմ այն չափով, որ մեր վեճից անմիջապես հետո կարող եմ մոտենալ, գրկել նրան, ձեռքը բռնել և այլն, դա դիպչում է նրա սրտին՝ հաստատություն ծառայելով իմ խոսքերի համար: Երբ ներողություն ես խնդրում քո կողակցից, ցույց տուր քո նվիրումը միաբանությանը համապատասխան ձևով: Երբեմն մեկ հասարակ հպումը կարող է փոխել խոսակցության ողջ ընթացքը:
- Երբեք ձեր ձայնը մի բարձրացրեք:
Խոսեք ձեր կողակցի հետ. մի՛ բղավեք: Սերը երբեք նման զենքի կիրառման կարիք չունի: Եթե ձեր ձայնը բարձրանում է, շուտով դուք «կկորցնեք» այն:
- Երբեք առիթ մի փնտրեք՝ պատժելու ձեր կողակցին նրա համար, որ նա ձեզ ցավ է պատճառել:
Ձեր ամուսնուն/կնոջը արհամարհելը երբեք հասունության ցուցանիշ չէ. դա հպարտության նշան է:
- Հիշեցրեք ինքներդ ձեզ, որ ամեն պահը, որ անցկացնում եք ձեր ամուսնու/կնոջ կողքին՝ օրհնություն է Տիրոջից:
Ոչ ոք չի կարող ասել, թե կարթնանա՞ արդյոք ինքը վաղն առավոտ իր կողակցի կողքին: Թույլ մի տվեք անհիմն փաստարկներին բաժանել ձեզ: Ամեն օրը հնարավորություն է՝ մեծացնելու ձեր սերը միմյանց հանդեպ:
Չաք Լոուլես