Մայրական դպրոց

Հռչակավոր չեխ մանկավարժ, հրատարակախոս, քարոզիչ, մեծ հայրենասեր և մտածող Յան Ամովսի Կոմենսկին շատ մեծ և անգնահատելի ներդրում է ունեցել երեխաների դաստիարակության գիտության մեջ: Նա ներկայացնում է այս գիտությունը՝ որպես ինքնուրույն գիտություն, որին պետք է շատ լավ ծանոթ լինի յուրաքանչյուր ծնող:
Նշեմ նաև, որ հանճարեղ մանկավարժը եղել է բողոքական քարոզիչ, խորապես հավատացյալ անձնավորություն, որի քրիստոնեական հայացքներն իրենց խոր հետքն են թողել նրա մանկավարժական մտքերի և գիտություն վրա:

Քանի որ երեխաներն Աստծո ամենաթանկարժեք պարգևն ու հազվագյուտ գանձերն են, ապա նրանց հանդեպ պետք է ցուցաբերել մեծագույն հոգատարություն:

Երեխաները Տիրոջ ժառանգությունն են

Յան Ամովս Կոմենսկին ասում է «Մեծ մարդու վեհությունը արտահայտվում է փոքր մարդկանց հետ նրա վարվելակերպում»:

Երեխաների բարոյական դաստաիարակության գործում ամենակարևոր տեղերից մեկը Կոմենսկին հատկացնում է ընտանիքին՝ մոր և հոր դերին: Նա գտնում է որ դպրոցը, դաստիարակները, քարոզիչները կարող են զարգացնել և ինչ-որ կերպ երեխաների դաստիարակությունն ուղղորդել անհրաժեշտ հունով, բայց երեխայի մտային ուղղվածությունը և արժեքների համակարգը ծնվում և ձևավորվում է ընտանիքում:

Այն մասին, որ երեխաները անգին գանձեր են, Աստծո Հոգին վկայում է Դավթի շուրթերով:
«Ահա որդիները Տիրոջ ժառանգությունն են և որովայնի պտուղը Նրա պարգևն է: Ինչպես որ նետերը զորեղ մարդու ձեռքում, այնպես են երիտասարդ որդիները» (Սաղմոս 127: 3-5):
Տեսնո՞ւ մ եք, թե Աստվածաշունչը ինչ երջանիկ է համարում նրանց, ում Աստված զավակներ է պարգևում: Աստված, ցանկանալով վկայել մեր հանդեպ ունեցած Իր անսահման սիրո մասին, մեզ անվանում է Իր որդիները՝ դրանից ավելի փառավոր կոչում չգտնելով:
Հետաքրքիր է, որ նույնիսկ անհավատների երեխաների մասին Տերն ասում է, թե նրանք ծնվել են իր համար (Եզեկիել 23: 2-7): Սրանով Նա հասկացնում է, որ երեխաները ծնվում են ոչ թե մեր, այլ Աստծո համար, և նրանց  հետ, որպես Աստծո զավակների, պետք է վարվել մեծագույն հոգատարությամբ:
Այդ իսկ պատճառով, Աստծո միածին Որդին, ով հայտնվեց մարմնում, ոչ միայն կամեցավ երեխաներին նմանվել, այլև մեծագույն բավականություն և հաճույք համարեց նրանց իր գիրկն առնելն ու սիրելի փոքրիկ եղբայրների ու քույրերի նման փաղաքշելը, համբուրելն ու օրհնելը (Մարկոս 10: 16):
Եվ ոչ միայն դա: Նա խստիվ արգելում էր երեխաներին նույնիսկ փոքր-ինչ գայթակղելը և պատվիրում էր պաշտպանել նրանց, ինչպես ինքներս մեզ կպաշտպանենք: Նա ասում էր՝ «վայ նրան, ով կհամարձակվի գայթակղել փոքրիկներից որևէ մեկին» (Մաթևոս 18: 5):

Սեր և խաղաղություն սերմանող ընտանիքում երեխան կդառնա Սուրբ Հոգու տաճար, Աստծո փառքի և գթասրտության անոթ, որն ավելի ու ավելի կարտացոլի ամենակարող Աստծո պատկերն ու նմանությունը՝ դրսևորելով նրա զորությունը, իմաստությունը ու բարությունը:

Յան Ամովս Կոմենսկի