Մի դեպք, որ ինձ խորհելու առիթ տվեց

Մեկ անգամ ես ու ամուսինս հնարավորություն ունեցանք շփվելու մեր նոր ծանոթ ընտանիքի հետ: Ընտանիքի հայրը մեզ դիմավորեց դռան մոտ: Մենք ներս մտանք, նստեցինք և սկսեցինք զրուցել: Նա ինձ շատ հաճելի մարդ թվաց: Թեյ պատրաստեց մեզ համար, և մենք շարունակեցինք մեր շփումը:

Հետո երկրորդ հարկից եկավ նրա կինը: Եվ հանկարծ խոսակցության ուղղությունը կտրուկ փոխվեց: Դրան համընթաց փոխվեց նաև սենյակում տիրող մթնոլորտը: Խոսակցության մեջ կինը կոպտում էր ամուսնուն, անվերջ ընդհատում նրան, վերապատմում նրա պատմածները, ոչ մեկ անգամ նշում, թե որքան քիչ գումար է նա վաստակում, դիմում նրան ազգանունով, երբեմն-երբեմն ձայնը բարձրացնում և այլն:

Ինչպես ամուսինս է ասում՝ դա ոչ թե շփում էր, այլ «բզկտում»: Նստած իմ տեղում՝ ես հետզհետե ավելի ու ավելի էի վախենում այդ կնոջից: Կին, ով զրկում էր իրեն կանացիությունից, իսկ ամուսնուն՝ տղամարդկությունից: Ես անգամ այդ թեյը չէի ցանկանում խմել: Իսկ մթնոլորտն այնքան լարված էր, որ ոչ ոք այլևս չէր կարող մեղմացնել այն:

Տան ճանապարհին ես քայլում ու մտածում էի. «Ինչո՞ւ նման կանանց ներկայության մեջ հասուն այդ տղամարդիկ թվում են «փոքրիկ տղա, ում վրա մայրիկը բղավում է»». «ախր նա չի պատմում, ինչպես պետք է, հիմա ես ամեն բան կպատմեմ», «այս ու այն կողմ մի քայլիր, նոր եմ հատակը լվացել», «չդիպչես հանկարծ» և այլն…

Կնոջ ներսում կա մայրության զգացում: Եվ որոշները «սխալ ուղղությամբ են» ուղղում այդ մայրությունը: Իսկ ավելի հաճախ դա ընդհանրապես մայրություն չէ, այլ բիրտ անարգանք, որը մարդու անհատականության դանդաղ «սպանությանն է» հավասար:

Շատերը կասեն՝ «տղամարդը նույնպես մեղավոր է, որ իրեն «փալասի» պես է պահում»: Բայց ամեն մեկը, նախևառաջ, պատասխան է տալիս իր համար, իր քայլերի, ուրիշի հանդեպ վերաբերմունքի, տվյալ դեպքում՝ հարազատ և մտերիմ մարդու հանդեպ: Եվ ոչ ոքի իրավունք չի տրվել նվաստացնել և ճնշել ուրիշին:

«Սպասիր՝ ես խոսում եմ»: «Իսկ ի՞նչ է քեզ մոտ ընդհանրապես ստացվում»: «Ապրում ենք քո վաստակած «կոպեկներով»»:

Միշտ էլ ավելի հեշտ է մարդուն նվաստացնելը, քան բարձրացնելը, ավելի հեշտ է նրա սխալները մատնանշելը, քան առավելությունները գտնելը, ավելի հեշտ բղավելը, քան հանգիստ խոսելը:

Բացասականը երբեմն-երբեմն դուրս է գալիս մեր շուրթերից: Իսկ այ լավը ասելը, անելը, դրսևորելը. այստեղ աշխատանք է անհրաժեշտ: Պետք է համբերություն դրսևորել, երբ ցանկանում ես «ասել, ինչ պետք է»: Եվ ուղեղը շարժել՝ գտնելու համար, թե ինչը կարելի է գնահատել: Պետք է նաև ժուժկալություն դրսևորել, երբ այդքան սովոր ես ձայնդ բարձրացնել, պետք է ինքդ քեզ սանձես, երբ ցանկանում ես կրկին սխալները «նետել երեսին»:

Ժուժկալությունը, համբերությունը, բարությունը, հեզությունը, հարգանքը… Այս ամենը մեծ աշխատանք է բնավորության վրա: Եվ որքա՜ն ցավալի է, որ մեզնից ոմանք անտեսում են «այս աշխատանքը» ու թողնում հարաբերություններն ինքնահոսի:

Իննա Սավոչկա
Աղբյուր՝ CrossNews.AM