Ամենակարճ աղոթքը

Անդրեն մի քանի ժամ շարունակ անցել էր Հյուսիսային Կանադայի անտառներով: Նրան դուր էր գալիս կիլոմետրը կիլոմետրի հետևից անցնել անբնակ վայրերով, սակայն նա շատ էր հոգնել: Եվ, վերջապես, հասավ մի փոքրիկ հյուրանոց, որտեղ կանգ էին առնում պատահական անցորդները և գործուղման մեջ գտնվող մարդիկ: Նրա ճամփորդության նպատակն էր՝ հասնել այն բնակավայրը, որտեղ նա պետք է քարոզեր, և հիմա ուրախ էր, որ գոնե երեկոն անցկացնելու էր այս փոքրիկ, խաղաղ հյուրանոցում:

Հազիվ էր հասցրել մտնել ընդունարան, երբ նրան ընդառաջ է գալիս հյուրանոցի տերը՝ փայլող դեմքով:
— Հովի՛վ Ջեքսոն,- բացականչում է նա:- Գյուղում ինձ ասացին, որ դուք այսօր անցնելու եք այս վայրերով: Ես շատ ուրախ եմ, որ դուք այստեղ եք: Եկեք, դուք պետք է մի բաժակ սուրճ խմեք:

Անդրեն չէր կարող մերժել նման սրտագին հրավերը: Մի փոքր ուշ նա արդեն նստած էր հյուրանոցի տիրոջ կողքին ու լսում էր նրա պատմությունը:
Հյուրանոցի տերն ու իր կինը քրիստոնյաներ էին, բայց քաղաքից շատ հեռու էին ապրում, որպեսզի կարողանային պարբերաբար հաճախել ծառայությունների: Դա էր պատճառը, որ հովվի այցն այդպես ուրախացրել էր նրանց: Նրանք հրավիրում են հովվին նաև ընթրիքի: Ընթրիքի ժամանակ Անդրեն հասկացնում է նրանց, որ պատրաստվում է մնալ ընդամենը մինչև հաջորդ առավոտ: Ի պատասխան՝ հյուրանոցի տերն առաջարկում է հովվին նախաճաշից հետո ծառայություն անցկացնել, որին հրավիրված կլինեն հյուրանոցի մարդիկ:

— Սիրով,- ասում է հովիվը:- Բայց ես շատ ուրախ կլինեմ, եթե հյուրանոցի անձնակազմը նույնպես ներկա լինի: Երբ իրերս էի տանում իմ սենյակ, տեսա մի կնոջ, ով պատուհաններն էր լվանում: Նա շատ տխուր էր: Երբ բարևեցի նրան, նա իմ կողմ թեքեց դեմքը, և նկատեցի արցունքներ նրա աչքերում:
— Դուք այն կնո՞ջը նկատի ունեք,- ասում է տերը:- Նա հնդկուհի է և շատ ծանր ժամանակներ է ապրել: Ես խղճահարությունից եմ պահում նրան այստեղ, որովհետև նա լիովին կորցրել է աշխատելու որևէ ցանկություն: Ես չեմ կարծում, որ հյուրերին հաճելի կլինի նրա ներկայությունը քարոզի ընթացքում: Նա իրեն բացառապես չի հետևում…
— Դե, գոնե թող դռների մոտ նստի,- խնդրում է Անդրեն:- Ես այնքան եմ ցանկանում, որ նա ներկա լինի:

Հաջորդ առավոտյան հյուրերը բավական զարմացած էին, երբ նախաճաշից հետո ծառայություն հայտարարվեց: Շատերը մնացին քարոզը լսելու, որովհետև իրենց ճամփորդությունների պատճառով վաղուց եկեղեցում չէին եղել: Նրանք ուշադրությամբ լսեցին հովվին, որոշները ջերմորեն շնորհակալություն հայտնեցին նրան, և միայն մեկը վերջում մնաց՝ որոշ հարցեր տալու: Դա տխուր դեմքով այն կինն էր, ով աննկատ նստել էր դռան մոտ: Երբ բոլոր հյուրերը հեռացան, նա մոտեցավ հովվին.

– Պարո՛ն, ես երբեք չեմ լսել, որ ինչ-որ մեկը խոսի Աստծո մասին: Չե՞ք կարող ինձ մի կարճ աղոթք սովորեցնել: Գիտեք, ես կրթություն չունեմ, բայց ուզում եմ սովորել աղոթել:
– Իհարկե՛,- ուրախությամբ պատասխանում է հովիվը,- ես ձեզ մի աղոթք կսովորեցնեմ: Դուք պետք է ասեք այն ամեն օր շաբաթվա ընթացքում, մինչև կրկին վերադառնամ այստեղ: Այդժամ կշարունակենք մեր խոսակցությունը:
– Միայն թե, խնդրում եմ, պարո՛ն, որ ինձ շատ կարճ աղոթք սովորեցնեք: Երկարը չեմ կարող հիշել:
– Այն շատ կարճ է՝ ընդամենը հինգ բառ, մեկական բառ ձեր ձեռքի ամեն մատի համար, այնպես որ, դուք չեք մոռանա: Ահա այդ աղոթքը. «Տե՛ր, ցույց տուր ինձ՝ ինչպիսին եմ ես»:

Երբ մեկ շաբաթ անց հովիվը վերադառնում է, հյուրանոցի տիրոջը բարևելուց հետո նա առաջին հերթին հարցնում է այն կնոջ մասին, որ պատուհաններն էր լվանում:

– Թվում է, թե նրա վիճակն էլ ավելի է վատացել: Ամեն անգամ, երբ հանդիպում եմ նրան, նա լացում է: Եթե այդպես շարունակվի, ես ստիպված կլինեմ հեռացնել նրան աշխատանքից: Նրա վարքը ազդում է ուրիշների վրա,- ասում է տերը:

Հովիվը գնում է կնոջը փնտրելու:
— Ես վերադարձա,- ասում է նա՝ գտնելով այն կնոջը:- Դուք չե՞ք մոռացել այն աղոթքը: Աղոթո՞ւմ էիք արդյոք ամեն օր:

Արցունքները գլորվում են նրա աչքերից:
– Ես ամեն օր կրկնում եմ այդ աղոթքը և ավելի եմ վատանում: Ամեն օր ես հիշում եմ անցյալի մեղքերս, որ արել եմ նախկինում, և խղճի խայթ եմ զգում: Ի՞նչ անեմ:
– Ես կասեմ ձեզ՝ ինչ անել: Այլևս մի՛ աղոթեք այդ աղոթքը: Ես կսովորեցնեմ ձեզ մեկ այլ աղոթք:
– Միայն թե՝ կա՛րճը, պարո՛ն: Մի՛ մոռացեք, որ ես անկիրթ եմ և չեմ կարող շատ բառեր հիշել:
– Շատ կարճ: Ինչպես նախկինում՝ հինգ բառ: Մեկական բառ ամեն մատի համար: Ահա. «Տե՛ր, ցույց տուր ինձ՝ ինչպիսին ես Դու»:
– Եվ որքա՞ն ժամանակ աղոթեմ այս աղոթքը:
– Դուք կարող եք ողջ կյանքի ընթացքում աղոթել այդպես:

Մի քանի տարի անց Անդրե Ջեքսոնը կրկին այցելում է այս վայրերը՝ քարոզելու նոր եկեղեցում, որը բացվել էր այն հյուրանոցից ոչ հեռու: Կայանալիք ծառայությանը շատ մարդ էր հավաքվել: Անդրեն ցնցված էր երիտասարդների ուրախությունից ու նրանց փառաբանությունից: Երբ նա իր հիացմունքն է հայտնում, այդ եկեղեցու հովիվն ասում է.

– Ես շատ շնորհակալ եմ Աստծուն մեր երիտասարդության համար, և դա իմ ծառայության վաստակը չէ: Այդ ամենը մի զույգի շնորհիվ է, ով ապրում է այս թաղամասում: Նրանք վերջերս են ամուսնացել և մեծ աշխատանք են կատարում երեխաների և պատանիների հետ: Կինն ասես երկրորդ մայր լինի ողջ երիտասարդության համար: Նա մի արտասովոր կին է՝ ազգությամբ հնդկուհի և կրթություն չունի:
– Ես շատ կցանկանայի հանդիպել նրան,- ասում է Անդրեն:

Քիչ անց մի գեղեցկատես ու կոկիկ հագնված կին է մոտենում նրան ու սեղմում ձեռքը:
— Դուք դեռ հիշո՞ւմ եք ինձ, պարո՛ն,- հարցնում է նա ու ծիծաղում՝ տեսնելով շփոթություն նրա դեմքին:- Ես հույս անգամ չունեի, որ դուք կճանաչեք ինձ: Հիշո՞ւմ եք հինգ բառանի այն աղոթքը՝ մեկական բառ ամեն մատի համար:

Հովիվն անմիջապես հիշում է նրան: Իսկ կինը շարունակում է.
— Ձեր հեռանալուց հետո ես ամեն օր աղոթում էի այդ աղոթքը: Եվ Տերը ցույց էր տալիս ինձ, թե ինչպիսին է Ինքը: Ես շարունակում եմ այդպես աղոթել և սովորում եմ ավելի ու ավելի սիրել Նրան: Աղոթելու եմ այդ աղոթքով մինչև այն օրը, որ տեսնեմ Նրան երես առ երես:

«Փորձիր ինձ, ով Աստված, և ճանաչիր իմ սիրտը. քննիր ինձ և ճանաչիր իմ մտածմունքները. և տես, թե որ չար ճանապարհում լինեմ, և  առաջնորդիր ինձ դեպի հավիտենական ճանապարհը» (Սաղմոս 139.23-24):