Աստված ուզում է, որ Իր սերը փոխադարձ լինի
Երբեմն մարդկանց ներելն ու նրանց մեղքերը ծածկելն ու մոռանալը հասկացվում և կիրառվում է որպես մարդկանց արհամարհել և անտարբեր դառնալ նրանց հանդեպ:
Եթե մեր ներման հիմքում ընկած չլինի Աստծո սերը, դա, իրոք, այդպես էլ կհամարվի, քանի որ որտեղ բացակայում է սերը, այնտեղ իշխում է չարությունն ու նախանձը, որը և մարդուն դարձնում է անտարբեր:
Եվ ընդհանրապես, ամենամեծ ու ամենավտանգավոր մեղքերը ծնվում են հենց սիրո բացակայությունից, քանի որ ամենամեծ մեղքը առանց սիրելու ապրելն է, որովհետև երբ սիրում ես, նաև վախենում ես, որպեսզի չկորցնես նրան, ում սիրում ես, իսկ Աստծո վախը իր հերթին հեռացնում է մեզ մեղք գործելուց:
Աստծուն սիրելն ու Նրա հանդեպ երկյուղ ունենալը անմիջական և ուղիղ կապ ունեն իրար հետ: Եթե մարդը ասում է, որ սիրում է, բայց չունի երկյուղ նրան կորցնելու, ուրեմն՝ դա սեր չէ, այլ եսասիրություն, որը միայն պահանջում է, բայց երբեք սեր չի տալիս, կամ էլ տալիս է միայն իր շահերից ելնելով. իսկ դա համարվում է անբարոյականություն:
“Նոր պատվիրան եմ տալիս ձեզ, որ միմյանց սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի: Սրանով բոլորը կիմանան, թե իմ աշակերտներն եք, եթե իրար հանդեպ սեր ունենաք…” (Հովհ. 13:34-35):
Հիսուսի գալու իմաստն ու պատճառը հենց Աստծո սերն էր, և Նրա նոր պատվերը մարդկությանը` միմյանց սիրելը, քանի որ առանց սիրո օրենքը պահելը միայն ծնում է մեռած հավատք` կրոն և հպարտություն, որը հավատացյալին հաղթելու սատանայի համար առաջին զենքն է:
Որքա՜ն ենք սիրում լսել, որ Աստված սիրում է մեզ և երբեք մեզ չի թողնի, սակայն որքա՜ն շատ է Աստված ուզում, որ Իր սերը փոխադարձ լինի, և դրա համար ուղարկեց իր Որդուն` հայտնելով Իր սերը մեր հանդեպ, և այնուհետև Սուրբ Հոգուն, ով օգնում է մեզ սիրել Աստծուն այնպես, ինչպես Նա սիրեց մեզ…
Աստված Սեր է, և առանց սիրո ապրելը հենց առանց Աստծո ապրելն է, և, հետևաբար, սատանային տեղ տալը մեր կյանքերում…