Երբ Երկինքը գիտի քո հասցեն

Գործք Առաքելոց 10-րդ գլխում գրված է մի պատմություն, թե ինչպես հռոմեացի հարյուրապետ Կոռնելիոսն իր ընտանիքի, բարեկամների և ընկերների հետ ընդունեցին փրկությունը, թե ինչպես նրանք նաև մկրտվեցին Սուրբ Հոգով՝ վերապրելով Սուրբ Հոգու հեղեղն իրենց վրա ճիշտ այնպես, ինչպես առաքյալները՝ Պենտեկոստեի օրը:

Լինելով «Իտալական» կոչված գնդի հարյուրապետ, Կոռնելիոսը նկարագրվում է որպես բարեպաշտ մարդ, ով շատ ողորմություններ էր անում ժողովրդին, ամեն ժամանակ աղոթում  էր ճշմարիտ Աստծուն: Սակայն, այդ ամենը բավական չէր փրկություն ունենալու համար:

Մեկ օր` աղոթքի ժամանակ, Աստծո հրեշտակը կանգնելով նրա կողքին՝ ասաց, որ նրա ողորմություններն ու աղոթքները լսվել են երկնքում, և հիմա պատվիրում է մարդ ուղարկել Հոպպե և կանչել Սիմոնին, որ Պետրոս է կոչվում, ով կառաջնորդի նրան փրկության:

Հետաքրքիրն այն է, որ երկնքից ուղարկված հրեշտակը ոչ միայն գիտեր Պետրոսին, այլ գիտեր նաև, թե ում տանն է նա հյուրընկալվում այդ պահին:
Միգուցե ոմանք առարկեն. «Ի՞նչ հետաքրքիր բան կա դրանում… Չէ՞ որ Աստված ամեն բան գիտի»:
Իհարկե, գիտի. Նա գիտեր ավելին, երբ Կոռնելիոսին ուղարկում էր Հոպպե՝ Պետրոսի հետևից: Թեև Տերը Պետրոսին դեռ ոչինչ չէր հայտնել նրա՝ Կոռնելիոսի տուն գալու մասին, բայց, միևնույն է, վստահ էր, որ երբ նա լսի կանչը, չի մերժի: Հենց դա էր պատճառը, որ հրեշտակն ասաց. «Նա կգա և կասի, թե ինչ է պետք քեզ անել»:
Նա վստահ էր, որ Պետրոսը չի ասի՝ «Ժամանակ չունեմ…», «Եթե գործերս հարմարեցնեմ՝ կգամ…» կամ  «Կգամ, երբ կարողանամ…»:

Որքան պատճառաբանություններ ունենք մենք, երբ պետք է ինչ-որ բան անել: Իհարկե, դեռ պետք էր Պետրոսին ցույց տալ երկնքից իջնող մի անոթ՝ լի անմաքուր կենդանիներով, ասել, որ պետք է մորթի և ուտի դրանց, բացատրել, որ այն, ինչ Աստված արդեն մաքրել է, չպետք է անմաքուր համարի:
Բայց այդ ամենը՝ հետո: Իսկ  մինչ այդ՝ Կոռնելիոսի տնից ուղարկված մարդիկ  հրեշտակի հրամանով արդեն ճանապարհ ընկած գալիս էին Հոպպե:
Պետրոսը բոլորովին անտեղյակ էր այդ ամենից: Բացի այդ,  նրա իմացած ուսմունքների և սովորությունների համեմատ, ժամանակի ընթացքում հեթանոսների մոտ մտնելու բավականին մեծ պատնեշ էր ձևավորվել, որի հաղթահարման համար անհրաժեշտ էր Աստծո միջամտությունը:
Իսկ ի՞նչ կլիներ, եթե Պետրոսը չհնազանդվեր երկնային տեսիլքին. չէ՞ որ նա ուներ այդ հնարավորությունը:
Գուցեև պատմությունն ընթանար այլ ուղղությամբ, կամ էլ՝ Աստված օգտագործեր մեկ այլ մարդու: Բայց փառք Աստծուն, որ սովորություններից բացի, նա ուներ ճիշտ սիրտ և բաց ականջներ՝ լսելու Սուրբ Հոգու ձայնը: Երբ նա դեռ խորհում էր տեսիլքի շուրջ, Հոգին ասաց. «Ահա երեք հոգի քեզ են որոնում, բայց վե՛ր կաց, իջի՛ր և գնա՛ նրանց հետ առանց խղճմտանք անելու, որովհետև Ես եմ ուղարկել նրանց» (Գործք 10.19, 20):
Երկնքում հեթանոսների հետ կապված նախապատրաստված ծրագիր կար, որը պետք է սկսվեր Կոռնելիոսի ընտանիքից: Ո՞վ պետք է աներ առաջին քայլը՝ այն իրականացնելու համար: Աստծո ընտրությունը կանգնեց Պետրոսի վրա:

Տերը, կարծես թե, նայում էր երկնքից և մտածում. «Ո՞ւմ ուղարկենք Մեզ համար»: Եվ տարիներ անց, նույն Պետրոսն էր, որ պետք է ասեր հավաքված եղբայրներին. «Դուք գիտեք, որ առաջին օրերից ձեր միջից Աստված ընտրեց, որ իմ բերանով հեթանոսներն Ավետարանի խոսքը լսեն և հավատան» (Գործք 15.7):

Երկինքը ե՞րբ գիտի քո հասցեն:
Իհարկե, Աստված գիտի ամեն բան: Միգուցե հենց դա է պատճառը, որ Նա ոմանց հրաշալի կերպով օգտագործում է, իսկ մյուսներին թույլ է տալիս վայելել իրենց հանգիստը՝ չանհանգստացնելով նրանց, որովհետև նախորոք գիտի նրանց պատասխանը:

Բայց անհամեմատ մեծ պատիվ է, երբ գիտակցում ես, որ բացի քո գտնվելու վայրից, Տերը գիտի ավելին: Նա գիտի, որ դու չես լռի, երբ պետք լինի օգտագործել քո շուրթերն Ավետարանի համար: Երբ ինչ-որ տեղ գնալու և ժամանակդ տրամադրելու պահը գա, չես ասի. «Սա իմ հանգստի ժամն է, միգուցե ավելի՞ հարմար մարդ գտնեք»:

Եթե այս խոսքերը քոնը չեն, հիշի՛ր, որ բավական է միայն ասես՝ «Ահա՛ ես, Տե՛ր, օգտագործի՛ր ինձ»: Իսկ հետո ետ կնայես և կուրախանաս, որ Աստծո ընտրությունից բացի, կար նաև քո հաստատ որոշումը.  ծառայել Նրան կյանքի բոլոր օրերում՝ չնայելով իրավիճակներին:

Երանի այն ծառային, ում Տերը վստահում է նրան, որովհետև իր վարձքը չի կորցնի երբեք: