Ամուսնացեք մեկի հետ, ով Աստծուն սիրում է ավելի, քան ձեզ
Ես մի գաղտնիք ունեմ, որով ցանկանում եմ կիսվել ձեզ հետ. կա Մեկը, Ում իմ ամուսինը սիրում է ավելի, քան ինձ:
Պատահական ունկնդրի համար նման խոսքերը շատ տարօրինակ ու կատարելապես անընդունելի կարող են հնչել: Մեկը կմտածի, որ մեր ամուսնության մեջ ճեղքեր կան, կամ, որ մենք համաձայնել ենք միմյանց հետ միջակ հարաբերությունների:
Բայց մեզ համար այս միտքը լիովին հասկանալի է՝ Աստծո՝ Հիսուս Քրիստոսի հետ մեր անձնական հարաբերությունների լույսի ներքո:
Իմ ամուսին Ջոնը Աստծուն սիրում է ավելի, քան ինձ: Այո: Եվ ես Աստծուն սիրում եմ ավելի, քան ամուսնուս: Եվ այդպես միշտ է եղել: Ես աղոթում եմ, որ դա այդպես էլ շարունակվի:
Աստծո հետ մեր հարաբերություններն ավելի կարևոր են միմյանց հետ հարաբերություններից: Եվ ես անկեղծորեն համարում եմ, որ հենց դրա վրա է հիմնվում ու պահպանվում մեր ամուսնությունը՝ մնալով ամուր ու լիարժեք:
Ես գիտեմ, որ լավ օրերին զուգընթաց մեր ամուսնության մեջ կլինեն օրեր, երբ չենք ցանկանա ոչ սիրել, ոչ էլ ներել: Երբեմն մենք վիճում ենք, երբեմն մեզնից մեկը ցանկանում է հեռանալ…
Մեր էությունից ելնելով՝ նման իրավիճակներում մենք հակված ենք փախչելու, թաքնվելու և վրեժի միջոցներ որոնելու: Եվ հենց նման պահերին մի գերբնական ուժ մեզ առնում է վերահսկողության տակ:
Նման օրերում Աստծո հետ մեր հարաբերությունները դառնում են մեր սիրո աղբյուրը ու պահում մեզ շրջանակների մեջ: Աստծո հետ մեր հարաբերությունները գերբնական հարաբերություններ են, որոնք մեզ զորություն են տալիս շինելու մեզ շրջապատող մարդկանց կյանքը:
Մենք՝ քրիստոնյաներս, գիտենք, որ Աստծո հետ հարաբերություններ ունենալով՝ մենք լցվում ենք Սուրբ Հոգով: Եվ այդ Հոգին մեր մեջ բերում է որակներ, որոնք անհրաժեշտ են առողջ կյանքի և առողջ ամուսնության համար:
Ըստ Աստվածաշնչի՝ որակները, որոնք Աստծո Հոգին աճեցնում են մարդու կյանքում՝ սերն է, ուրախությունը, խաղաղությունը, երկայնամտությունը, բարությունը, գթասրտությունը, հավատքը, հեզությունը, ժուժկալությունը: Որպես փորձառու հոգեբան-խորհրդատու՝ կարող եմ հստակ ասել, որ հենց այս հատկանիշներն են անհրաժեշտ առողջ մարդկային փոխհարաբերությունների համար:
Մի՞թե սա պատահական զուգադիպություն է: Ես համոզված եմ, որ ոչ:
Ծանր օրերում, ապավինելով իմ հանդեպ ամուսնուս սիրուն, ես առավել ապավինում եմ Սուրբ Հոգուն, Ով իր աշխատանքն է կատարում իմ ամուսնու ներսում: Ես շնորհակալ եմ, որ ամուսինս Աստծուն սիրում է ինձնից ավելի: Որովհետև հենց Աստծո հետ փոխհարաբերությունների շնորհիվ է նա սովորել սիրել ինձ՝ ինչպես հարկն է:
Ես չեմ ձգտում ասել, թե առանց Աստծո հետ հարաբերությունների հաջող ամուսնություն հնարավոր չէ: Այլ ասում եմ հետևյալը. առանց Աստծո հետ հարաբերությունների չի հաջողվի տեսնել սեր՝ իր ողջ լիությամբ: Որովհետև միայն Աստծո մեջ է ստեղծվել կատարյալ սեր, ու միայն Նրա մեջ այն հնարավոր է վերապրել: Եվ միայն Աստծո մեջ այն կարող է ազատորեն տրվել: Քանզի Աստված սեր է: Նրանից դուրս՝ դրանք ընդամենը նշույլներ են:
Լավագույն ընտանիքները, որ ինձ հաջողվել է տեսնել կյանքում, այն ամուսնություններն են, որտեղ նման սեր է դրսևորվում ու սնուցվում Քրիստոսի հանդեպ անփոփոխ նվիրմամբ և հավատարմությամբ: Որովհետև այդ սերն ամեն բան փոխում է, վերափոխում է ձեզ ու ձեր կողակցին՝ դարձնելով այնպիսի մարդիկ, ովքեր հետևում են աստվածային կոչմանը:
Հենց սա է պատճառը, որ ես պնդում եմ՝ հավատացյալները պետք է ամուսնանան նրանց հետ, ովքեր Աստծուն ավելի են սիրում, քան իրենց:
Եվ այսպես, մի՛ ամուսնացեք, այսպես կոչված, «լավ մարդկանց» հետ կամ ինքնակոչ «քրիստոնյաների» հետ: Մտեք ամուսնական ուխտի մեջ մեկի հետ, ով սիրահարված է Աստծուն, ու այդժամ կվկայեք նրա կյանքի ամեն բնագավառում՝ այդ թվում և ձեր ամուսնության, Աստծո Հոգու գերբնական ներկայության մասին: