Բարի պատմությունները մեզ ավելի լավն են դարձնում

Մի քանի շաբաթ առաջ ես իմ զգեստներից մի քանիսը զոհաբերեցի կարիքավոր ընտանիքների համար: Իսկ երեկ, այգում զբոսնելիս, տեսա մի կնոջ, ում հագին հենց իմ վերանաշապիկն էր: Ես ժպտացի նրան և ասացի. «Ձեր վերնաշապիկը ձեզ շատ է սազում»: Նա նույնպես ժպտաց ինձ ու պատասխանեց. «Այո՛, այն հիասքանչ է ու ինձ շատ է դուր գալիս»:

***

Իմ հայրիկը աշխարհի ամենալավ հայրիկն է, որի մասին ուղղակի կարելի է երազել: Նա հոգատար ծնող է, մայրիկիս համար՝ սիրող և ուշադիր ամուսին:

Այսօր առավոտյան, երբ նրա գործիքների արկղի մեջ մի գործիք էի փնտրում, հանկարծ նկատեցի խորքում մի խունացած թուղթ: Դա օրագրից պոկած էջ էր: Նայեցի, այնտեղ գրառում կար հայրիկիս կողմից՝ իմ ծնվելուց ուղիղ մեկ ամիս առաջ: Եվ ահա, թե ինչ էր նա գրել. «Ես հարբեցող եմ՝ քրեական անցյալով, ում դուրս են արել քոլեջից, որտեղ ես մի ժամանակ սովորում էի: Բայց այժմ, հանուն իմ դեռևս չծնված դստեր, ես որոշում եմ կայացնում փոխվել և դառնալ նրա համար աշխարհի լավագույն հայրը: Ես կդառնամ նրա համար այնպիսի հայր, ինչպիսին ինքս երբեք չեմ ունեցել»:

Ես չգիտեմ՝ ինչպես է նա արել, բայց նա դա արել է:

***

Այսօր ես տաքսի էի նստել: Եվ երբ տեղ հաս ու պետք է իջնեի, նկատեցի, որ մոռացել եմ դրամապանակս: Այդ պահին մեքենային մոտեցավ նոր ուղևոր և, նկատելով իմ խուճապը, ինքը վճարեց իմ փոխարեն: Ես շնորհակալություն հայտնեցի նրան և հարցրեցի, թե ինչպե՞ս կարող եմ վերադարձնել գումարը: Նա տվեց ինձ մի այցեքարտ՝ ասելով. «Այս հասցեում կարող եք թողնել»: Երեկոյան, երբ գնացի այդ հասցեով, տեսա, որ դա բարեգործական կենտրոն է:

 ***

Մեր ընտանիքում պարտքեր էին կուտակվել: Եվ հայրս, դրանք մարելու համար, որոշեց վաճառել իր սիրելի ֆոտոխցիկը: Հայտարարությամբ մեր տուն եկավ մի հարուստ կոլեկցիոներ: Նա հարցրեց հորս, թե ինչո՞ւ է որոշել վաճառել այդ հրաշալի ֆոտոխցիկը: Հայրս բացատրեց, որ պարտքեր ունի վճարելու: Կոլեկցիոները վճարեց ամբողջ գումարը, հետո ասաց, որ իր մեքենայից վերցնելու բան ունի: Նա դուրս եկավ մեր տանից, նստեց իր մեքենան ու հեռացավ՝ առանց ֆոտոխցիկը իր հետ տանելու:

 ***

Այսօր որդիս գրկեց ինձ ու ասաց. «Դու աշխարհի ամենալավ մայրիկն ես»: Ես հարցրեցի. «Ինչո՞ւ ես այդպես որոշել: Դու հո աշխարհի բոլոր մայրերին չե՞ս ճանաչում»: Իսկ նա պատասխանեց. «Դու ինձ համար ողջ աշխարհն ես»:

Ըստ bible-facts.ru-ի