Ինչու է Աստված ցանկանում, որ մենք սպասենք

Ճիշտն ասած՝ ես այնքան էլ համոզված չեմ, թե ում համար եմ գրում այս հոդվածն այսօր, բայց ենթադրում եմ, որ ինչ-որ մեկին անհրաժեշտ է կարդալ այն: Աղոթքի մեջ խորհելով հրապարակումների թեմաների շուրջ՝ մտքումս եկավ հետևյալը. սպասել Աստծուն:

Իմ մեջ արթնանում են հովվական ու առաջնորդական զգացումները, երբ լսում եմ քրիստոնյաների մասին, ովքեր համբերությունը կորցնում են Աստծուն սպասելու մեջ, և այս պատճառով ցանկանում եմ, որ միասին աղոթենք սպասման համար:

Ահա աստվածաշնչյան մի քանի համարներ, որոնք հիշեցնում են ինձ այն մասին, որ ես պետք է թույլ տամ Աստծուն՝ փրկագնել իմ անհամբերությունը.

«Բայց Տիրոջ ապավինողները կնորոգվեն ուժով, թևերով վեր կսլանան արծիվների պես, կվազեն և չեն վաստակի, կգնան և չեն հոգնի» (Եսայի 40.31):

«Սպասիր Տիրոջը, թող սիրտդ պինդ և զորավոր լինի. և սպասիր Տիրոջը» (Սաղմոս 27.14):

«Ես սպասում եմ Տիրոջը, իմ անձը սպասում է, և ես նրա խոսքին եմ հուսացած: Իմ անձը սպասում է Տիրոջը ավելի, քան թե առավոտվա սպասողները՝ առավոտվա սպասողները» (Սաղմոս 130.5-6):

«Բայց ես Տիրոջը կսպասեմ և կհուսամ իմ փրկության Աստծուն. ինձ պիտի լսի իմ Աստվածը» (Միքիա 7.7):

Երբ կարդում եմ Սուրբ Գրքի այս տեղերը, ապա սպասումը բավականին պարզ մի բան է թվում: Մենք պարզապես սպասում ենք այն օրվան, թե երբ Աստված կպատասխանի մեր աղոթքին, իսկ սպասման ժամանակ մեր ուշադրությունը կենտրոնացնում ենք Նրա վրա: Այնուամենայնիվ, սպասելը հաճախ այնքան էլ հեշտ չէ:

Ինչո՞ւ է Աստված կամենում, որ մենք սպասենք:

  1. Սպասումը հիշեցնում է մեզոր ամեն բան Նրա վերահսկողության տակ է: Մենք չենք օրացույցի կամ ժամերի պատասխանատուն: Մենք չենք, որ վերահսկում ենք ամեն բան: Դա անում է Աստված, և սպասումը հեշեցնում է մեզ այս ճշմարտության մասին:
  2. Սպասումը սովորեցնում է մեզ հավատալ. «Հավատքը հուսացած բաների հաստատությունը և չերևացող բաների ապացույցն է» (Եբրայեցիս 11.1): Այս սկզբունքը ենթադրում է սպասում՝ մեր աղոթելու պահից սկսած մինչև Աստծուց այդ աղոթքի պատասխանը ստանալը: Եթե ամեն բան անհապաղ կատարվեր, ապա հավատալու անհրաժեշտություն չէր լինի:
  3. Սպասումը մեզ շնորհակալ է դարձնում: Երբ մենք աղոթում ենք ինչ-որ բանի համար, Աստված ցանկանում է, որ մենք սպասենք, քանի որ դա մեզ ավելի շնորհակալ է դարձնում, երբ Նա ուղարկում է մեր աղոթքի պատասխանը: Մենք նաև սովորում ենք շնորհակալ լինել այն ժամանակ, երբ Նա բացասական պատասխան է տալիս մեր աղոթքներին:
  4. Սպասումը ի հայտ է բերում՝ ինչ կուռքեր կան մեր կյանքում: Եթե մենք չենք կարող սպասել, ապա ակնհայտ է հետևյալը. այն, ինչին մենք սպասում ենք, ավելի ցանկալի է մեզ համար, քան մեր կյանքի համար Աստծո ծրագիրը: Մենք կարծում ենք, որ մեր ծրագիրը այնքան կատարյալ է, որ Աստված պետք է միանգամից կատարի այն:
  5. Սպասումը պատրաստում է մեզ այն ամենին, ինչ Աստված ունի մեզ համար ապագայում: Ինչպիսին էլ լինի Աստծո ծրագիրը, սպասումը հաճախ ենթադրում է, որ Աստված հետևյալն է մեզ ասում. «Դու պատրաստ չես ստանալու այն, ինչ խնդրում ես»: Նա գիտի մեր սիրտը և միայն Նա գիտի, որ մեզ պետք է սերտել Նրա մի քանի դասերը՝ նախքան մեր խնդրածը ստանալը: Մենք պետք է վստահենք Նրան սպասման ժամանակ:

Ես աղոթում եմ, որպեսզի Աստված այսօր ձեզ համբերություն և հույս տա:

Չակ Լոուլես