Աղոթքի գործոնը

Ողջ պատմության ընթացքում Աստծո բոլոր մեծ մարդիկ վարժվել ու սպառազինվել են աղոթքի դպրոցում: Մովսեսն ընդգրկվեց աղոթքի դպրոցում ու դարձավ հոգով հզոր: Պատմության մեջ քչերն են ունեցել Աստվածաշնչի՝ Մովսեսին տրված գնահատականները՝ Տիրոջ ծառա (Բ Օրինաց 34.5), Իսրայելի մեծագույն մարգարե (Բ Օրինաց 34.10), Աստծո բարեկամ (Ելից 33.11) և իր սերնդի ամենախոնարհ մարդը (Թվոց 12.3):

Սակայն նման գովասանքի Մովսեսն արժանացել է միմիայն աղոթքի դպրոցն ավարտելուց հետո: Մովսեսի կյանքը կարելի է բաժանել երեք քառասնամյա շրջանների: Առաջին շրջանը նա անցկացրել է եգիպտական դպրոցներում՝ սովորելով այնտեղ զանազան հմտություններ: Աշխարհի առջև նա դարձավ հզոր մեկը՝ զորեղ պետության ուժեղագույն զինվորական միավորներից մեկի հրամանատարը:

Այնուամենայնիվ, Մովսեսն անկարող էր օգնել իր հայրենակիցներին: Աստծո մարդ դառնալուց առաջ նա պետք է գար այն համոզման, որ իր մարդկային ուժն ու կարողությունը բնավ չեն կարող իր եղբայրներին ու քույրերին ազատել գերությունից: Մովսեսը մի եգիպտացի սպանեց ու սարսափած փախավ Մադիամի երկիր: Հզոր զինվորականը աղքատ հովիվ դարձավ: Շատ բաների սեփականատերը սննկացավ, և ճիշտ այդ ժամանակ Աստված հանդիպեց նրան: Աստված Իր թագավորությունը կառուցում է ոչ թե մարդու կամ կնոջ զորության վրա, այլ՝ խոնարհ սրտերում:

Աստված օրհնում է ձախողում ու պարտություն ճաշակած, խոցված սրտերը: Նա օգտագործում է աննշան մարդկանց, այն մարդկանց, ովքեր սովորել են, որ Աստված է դառնում իրենց կյանքերում ամեն բան միմիայն այն ժամանակ, երբ իրենք դառնում են ոչինչ:

Աստված ավելին կարող է անել անապատում պարտություն կրած Մովսեսի, քան Եգիպտոսում ապրող ուժեղ ու զորավոր Մովսեսի միջոցով: Աստված որոնում է Իր երեսը փնտրող, կոտրված սիրտ ունեցող մարդկանց: Եվ աղոթքը Նրան ճանաչելու լավագույն միջոցն է:

Այս գիտությունը հասանելի եղավ Մովսեսին իր կյանքի երկրորդ շրջանում: Քորեբ լեռան վրա Աստծո հետ հանդիպելուց հետո նա ամբողջովին փոխվեց: Նա այլևս չկրեց իր գավազանը, նա կրում էր Աստծո գավազանը: Գործում էր ոչ թե ուժով ու զինվորական ռազմավարությամբ, այլ՝ Աստծո զորությամբ ու իմաստությամբ: Նա այլևս իր անձին չէր ապավինում, այլ՝ լեռան վրա հանդիպած Աստծուն: Իսրայել ազգի հաղթությունն ու ազատագրումը Աստծո հետ անմիջական հանդիպման արդյունքն էր:

Յուրաքանչյուր սերնդի կարիքը աղոթող մարդիկ են: Եկեղեցու հաղթության ամենահզոր միջոցը վերափոխված կյանքն է: Աշխարհը դառնում է Քրիստոսին ոչ թե հիասքանչ ապարանքների, այլ Աստծո նշանն իրենց սրտերում ունեցող մարդկանց միջոցով:

Աղոթքն Աստծո դրոշմն է: Մենք բնավ չենք կարող ներգործել աշխարհի վրա, եթե Տիրոջ դրոշմը չունենանք: Մեր ներսի մարդու վրա Աստծո դրոշմի առկայությունը հաղթանակ կբերի եկեղեցուն, համայնքին ու ազգին:

Պետք է սովորենք, որ հաղթանակը ծնվում է մեր ծալված ծնկներից:

Սեմի Թիփիթի «Աղոթքի գործոնը» գրքից