Ծերությունն անխուսափելի է, հասունությունը՝ ընտրովի
Դասախոսություններից մեկին պրոֆեսորը մեզ ներկայացրեց մի նոր ուսանողի: Այդ պահին ես թեթև հպում զգացի ուսիս:
Հայացքս թեքելով՝ տեսա մի փոքրամարմին տատիկի, ով ժպտում էր ինձ այնպիսի անկեղծությամբ, որ ակամայից իմ դեմքին նույնպես ժպիտ հայտնվեց:
– Բարև, գեղեցկուհի, իմ անունը Ռոզա է, և ես 87 տարեկան եմ,- ասաց նա:- Կարո՞ղ եմ կողքիդ նստել:
Ես ժպտացի ու համաձայնության նշան տվեցի՝ տեղ տալով նրան.
– Իհարկե, նստեք: Կարո՞ղ եմ իմանալ, թե ինչն է ձեզ համալսարան բերել նման անմեղ տարիքում,- այդ օրը ինձ մոտ կատակելու տրամադրություն կար:
– Ես այստեղ եմ մի հարուստ ամուսին գտնելու և նրան բազում երեխաներ պարգևելու համար,- իմ կատակին պատասխանելով՝ ժպտաց տատիկը:
– Իսկ եթե լո՞ւրջ,- Ռոզան գնալով ինձ ավելի ու ավելի էր հետաքրքրում:
– Իսկ եթե լուրջ… Ես միշտ էի ցանկանում բարձրագույն կրթություն ստանալ և ահա ես այստեղ եմ,- պատասխանեց նա:
Դասախոսություններից հետո մենք գնացինք ուսանողական ճաշարան և միասին ճաշեցինք: Այդ օրից երեք ամիս շարունակ մենք միասին էինք ճաշում: Ռոզան դարձավ մեր ընկերը ու ամեն ուսանողական խնջույքների կենտրոնը: Բոլոր ուսանողները շփվում էին նրա հետ՝ ոչ մի անգամ տհաճություն չհայտնելով:
Կիսամյակի վերջում մենք հրավիրեցինք նրան՝ իր խոսքն ասելու մեր ավարտական երեկոյին: Երբ նա մոտեցավ ամբիոնին, թերթիկները ընկան նրա ձեռքերից ու թափվեցին գետնով մեկ: Շփոթվելով՝ Ռոզան փորձում էր հավաքել դրանք, սակայն քամին թույլ չէր տալիս:
– Ներողություն եմ խնդրում իմ ցրվածության համար: Քանզի չկարողացա հուշաթերթիկները հավաքել, թույլ տվեք պարզապես ասել այն, ինչ մտածում եմ,- հումորով ասաց նա:
Մինչ ծիծաղը լռում էր, նա սկսեց իր խոսքը:
– Մենք չենք դադարում խաղալ այն պատճառով, որ մեծանում ենք: Մենք մեծանում ենք, դրա համար ենք դադարում խաղալ:
Կա երիտասարդության, երջանկության ու հաջողության չորս գաղտնիք: Նախ մենք պետք է ժպտանք և ամեն օր կյանքի մեջ մի զավեշտալի բան գտնենք:
Հետո. մենք բոլորս երազանքի կարիք ունեք: Երբ դուք դադարում եք երազել՝ մահանում եք: Ձեր շուրջն այնքան մարդիկ կան, ովքեր արդեն մեռած են, բայց նրանք անգամ գլխի չեն ընկնում այդ մասին:
Այնուհետև. կա մեծ տարբերություն ծերանալու և հասունանալու միջև:
Եթե դուք 19 տարեկան եք և մի ամբողջ տարի անցկացրել եք բազմոցի վրա պառկած՝ ոչինչ չանելով, ապա մեկ տարի անց, միևնույնն է, 20 տարեկան եք դառնալու: Եթե ես մի ամբողջ տարի անցկացնեմ բազմոցին պառկած ու ոչինչ չանեմ, ես, միևնույնն է, դառնալու եմ 88 տարեկան: Ոչ մի դժվար բան չկա տարիքով մեծանալու մեջ: Մեզ տաղանդ կամ ձիրք պետք չէ՝ ծերանալու համար: Ձիրքը փոփոխությունների մեջ ինքդ քեզ համար նոր հնարավորություններ բացահայտելու մեջ է:
Եվ վերջապես. ոչինչի համար մի՛ ափսոսացեք: Ծեր մարդիկ սովորաբար չեն ափսոսում կատարած գործերի համար, նրանք ափսոսում են այն ամենի համար, ինչ չեն հասցրել անել: Իսկ վախենում են մահից միայն նրանք, որոնց մեջ չափից դուրս շատ է զղջումն ու ափսոսանքը:
Իր խոսքն ավարտելով՝ «հարգանքներով, Ռոզա» խոսքերով, ծեր կինը վերադարձավ իր տեղը: Մինչ այդ բոլորս լուռ փորձում էինք ընկալել ու հասկանալ նրա խոսքերի էությունը:
Մեկ տարի անց Ռոզան ստացավ բարձրագույն կրթություն, որի մասին այդքան երկար երազել էր: Իսկ մեկ շաբաթ անց նա լուռ մահացավ քնած ժամանակ: Ավելի քան երկու հազար ուսանող եկավ նրա թաղմանը՝ ի հիշատակ այն ամենի, ինչ այդ փոքրիկ ու լուսավոր կինն իր օրինակով ցույց էր տվել նրանց: Եվ դա հետևյալն էր՝ երբեք ուշ չէ դառնալու մեկը, ով ցանկանում ես լինել:
Աղբյուրը՝ CrossNews.am