Սաղմոս 77. հիշիր Աստծո բարությունը, երբ հոգնած ես
Գոհությամբ լցված լինելու միջոցներից մեկը հիշելու կարողությունն է:
Ես հիշում եմ մի շրջան, երբ ծառայությունը, անկեղծ ասած, այնքան էլ լավ հունով չէր ընթանում: Քննադատությունը գալիս էր ամեն ուղղությունից, և ես ու Սթիվը՝ ամուսինս, հոգնած էինք… Ես նկատի ունեմ՝ սպառված էինք: Անկեղծ ասած՝ մենք պատրաստ էինք ամեն բանի վերջ դնել: Բայց մի առավոտ ինչ-որ բան փոխվեց, երբ էլեկտրոնային փոստով նամակ ստացա որդուցս, ով այդ ժամանակ քոլեջում էր սովորում մեկ այլ նահանգում:
Իմանալով, թե ինչ շրջանով ենք մենք անցնում, նա գրում էր. «Հայրի՛կ, մի՛ մոռացիր անցյալի հրաշքները: Աստված օգտագործել է ձեզ նախկինում, և Նա կանի դա հիմա»: Այդ կարճ նամակը հիշեցրեց ինձ Ասափի սաղմոսը. «Հիշում եմ Տիրոջ գործերը» (Սաղմոս 77.11):
Կասկածի խավար շրջանում Ասափը առանցքային ընտրություն է կատարում՝ հիշելով, թե ինչպես էր Աստծո բարությունը պահել իրեն անցյալում: Հիշելու ընտրությունը վերափոխում է Ասափի վերաբերմունքը և տալիս նրան մխիթարող հույս: Դու և ես նույնպես կարող ենք հետևել Ասափի օրինակին և ընտրել՝ հիշելու կարգ ու կանոնը:
Հիշիր ժամանակները, երբ Աստված տալիս էր քեզ երգեր քո խավար շրջանի մեջ
«Հիշում եմ գիշերումը իմ երգելը» (77.6): Կանգ առ և գոհացիր Տիրոջը՝ քեզ աջակցելու համար այն երկար տանջալի օրերում ու գիշերներում, երբ ելք չէիր տեսնում: Հիշիր, որ Նա չի թողել քեզ խավարի մեջ: Նա բերում է հույս՝ առավոտվա լույսի հետ:
Հիշիր անցյալ տարվա հրաշքները
«Հիշում եմ Տիրոջ գործերը» (77.11):
Գուցե քո հրաշքը եկել է գումարի տեսքով՝ այն պարտքի դիմաց, որը չէիր կարծում, թե երբևէ կկարողանաս փակել: Կամ գուցե քո հրաշքը եկել է բժշկված հարաբերությունների տեսքով, որ վախենում էիր, թե երբևէ չեն վերականգնվի: Կամ քո բժշկված զավակի, ում բժշկությունը անհնարին էր քեզ համար: Հիշիր Նրա հրաշքները և գոհացիր Տիրոջից: Փառաբանիր Նրան, երբ հույսը կորած է թվում. դա միշտ աշխատում է: Գոհացիր Նրանից հրաշքների համար, որ Նա կատարում է քեզ համար:
Հիշիր այն ժամանակները, երբ նա ճեղքել է ջրերը քեզ համար
«Քո ճանապարհը ծովումն էր, և քո շավիղները շատ ջրերի մեջ, և քո հետքերը չհայտնվեցին» (77.19):
Երբ նայում եմ անցյալ, տեսնում եմ իրավիճակներ, երբ նախաձեռնել եմ այնպիսի բաներ, որ մարդկային տեսանկյունից հնարավոր չէին: Բայց ամենաանսպասելի պահերին Աստված ճեղքել է ջրերը ամենազարմանահրաշ ձևով: Երբ հետ եմ նայում և հիշում եմ, լցվում եմ գոհությամբ և փառաբանությամբ առ Աստված: Եվ ամեն մի քրիստոնյա կարող է մտաբերել այն իրավիճակները, երբ Աստված ճեղքել է ծովը իր առջև: Եթե այդ պահը չի եղել քո կյանքում, ուրեմն մի հուսահատվիր, այլ հավատա, որ այն Աստվածը, ով ճեղքեց Կարմիր ծովը Իր ընտրյալ ժողովրդին անցկացնելու համար, կանի դա այսօր ևս Իր զավակների համար, երբ սահմանված ժամանակը գա:
Ընկե՛ր, եթե դու լցված չես առ Աստված գոհությամբ, ուրեմն փորձիր հիշել: Հիշիր Աստծո բարությունը: Հիշիր, որ Քրիստոսը Իր անձը դրեց ամեն մեկիս համար, երբ մենք դեռ մեղավոր էինք: Հիշիր Աստծո գործերը, որ տեսել ես քո կյանքում այս տարիների ընթացքում և տես, թե ինչպես է սիրտդ լցվում գոհությամբ:
Բեքի Հարլինգ
Աղբյուր՝ CrossNews.AM