Աստծո սիրո մեծությունը. Ջոշ Մաք-Դաուել

Եկեք մի պահ ուսումնասիրենք Աստծո սիրո մեծությունը մեր հանդեպ: Մենք հաճախ սերն արտահայտում ենք նվերներ տալով նրանց, ում հետ մենք շփումներ ունենք:

Երբեմն այդ նվերներն իրական իմաստ ունեն, իսկ երբեմն էլ դրանք սիրո խղճուկ փոխարինողներ են, նման նրան, երբ ծնողը, զբաղված լինելով, երեխաների կյանքը խաղալիքներով ու այլ իրերով լցնելով հանդերձ, չի կարողանում խորապես ներգրավվել նրանց կյանքի մեջ:

Չկա ավելի մեծ նվեր, քան սեփական անձը առաջարկելն ու տալն է: Ինչքան էլ թանկարժեք լինեն նյութական նվերները, դրանք չեն կարող համեմատվել մեր ներկայության հետ: Մեծ գրող Ռալֆ Վալդո Էմերսոնը ևս շատերի նման հասկացել էր այս ճշմարտությունը: Նա ասել է. «Նվերը պատրվակ է, որպեսզի չտաս ինքդ քեզ»: Իսկ սեփական անձը տալը ճիշտ և ճիշտ այն է, ինչ Աստված արեց մեզ համար՝ տալով Իր Որդուն՝ Հիսուս Քրիստոսին:

Իր Որդուն տալով՝ Աստված Ինքն Իրեն տվեց: Ահա թե ինչու է Պողոս առաքյալն ասում. «Աստծո Որդու հավատքովն եմ կենդանի. որ ինձ սիրեց և իր անձը ինձ համար մատնեց (տվեց)» (Գաղատացիս 2.20):

Աստված Ինքն Իրեն տվեց մարդկության փրկության համար: Սրա խոր նշանակությունն անժխտելի է, քանի որ ինչպե՞ս կարող էր Հայր Աստված ցույց տալ Իր սերն Իր ստեղծագործության հանդեպ, եթե մեկ ուրիշին ուղարկեր երկիր:

Իհարկե, չէր լինի: Քանի որ սիրո էությունն ինքնազոհաբերումն է, այն դեպքում, երբ ամբողջ տիեզերքի Աստվածն Ինքն Իրեն տվեց մարդկության համար, Նա ցուցադրեց պատմության մեջ սիրո ամենամեծ և զարմանահրաշ քայլը: Պողոսը նկատում է. «Որ իր Որդին էլ չխնայեց, այլ մեր ամենի համար մատնեց նրան, էլ ինչպե՞ս նրա հետ ամեն բան չի շնորհի մեզ» (Հռոմեացիս 8.32):

Պատմության մեջ տեղի ունեցած սիրո բոլոր քայլերը արժեզրկվում են Նրա Որդու անպատմելի պարգևի համեմատությամբ:

Սիրո նվերի արժեքը որոշվում է երկու ձևով՝ ինչքան է այն արժեցել նվիրատուի համար և աստիճանը, որով ստացողը արժանի է համարվում: Շատ սիրահարներ լցնում են իրենց սիրելիների կյանքը թանկարժեք նվերներով, շատ անգամ ավելի, քան իրենք կարող էին իրենց թույլ տալ, քանի որ անձնազոհ սիրում են նրանց:

Հակոբը 14 տարի աշխատեց Ռաքելի համար նրա հանդեպ ունեցած իր սիրո պատճառով: Աստված վճարեց ամենաբարձր գինը, որ Նա, հնարավոր է, կարող էր վճարել. Նա ուղարկեց Իր Միածին Որդուն՝ մեռնելու մեզ համար: Նա չէր կարող դրանից ավելի շատ վճարել: Նա տվեց այն ամենը, ինչ կարող էր նրանց համար, որոնք ոչինչի արժանի չէին:

Ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Բայց Աստված այսպես հայտնեց իր սերը դեպի մեզ, որ՝ երբ որ մենք դեռ մեղավոր էինք՝ Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիս 5.8):

 

Աղբյուր՝ christians.am