Ձեր բոլոր հոգսերը Նրան հանձնեք
Չկա տրտմությունից ձերբազատվելու ավելի լավ միջոց, քան այն բանի գիտակցումը, որ Աստված հոգ է անում ձեզ համար: Քրիստոնյա՛, քո հավատքը կասկածի տակ մի դիր՝ մշտապես անհանգստանալով:
Ե՛կ, քո բեռը դիր Աստծո վրա: Դու կռանում ես ծանրության տակ, որը զուր ես կրում: Այն, ինչ քեզ համար անտանելի ծանր բեռ է, Նրա համար ընդամենը փետուր է կշեռքի վրա: Համբերատար եղիր:
Աստված Իր ամենատեսության մեջ քեզ չի մոռացել: Նա, Ով կերակրում է երկնքի թռչուններին և դարեդար պահում Իր հավատարմությունը, քեզ չի թողնի:
Մի՛ հուսահատվիր, երբեք հույսդ մի՛ կորցրու: Զինվի՛ր հավատքով կասկածի ամեն մի նշույլի դեմ, և քո ողջ շփոթությանը վերջ կդրվի: Կա Մեկը, Ով հոգ է անում քեզ համար: Նրա աչքերը քեզ են նայում, Քո ցավից Նրա սիրտն էլ է խոցվում: Նրա ամենակարող ձեռքը կհասնի քեզ օգնության և չի ուշանա: Անգամ ամենամութ ամպերը կթափեն ողորմության անձրևը, ամենաանցանելի խավարը իր տեղը կզիջի լուսաբացին:
Եթե դու Նրա ընտանիքի անդամն ես, Նա կդարմանի քո վերքերը և կբժշկի քո կոտրված սիրտը: Դժվարություններում ու վերապրումների մեջ կասկածի տակ մի դիր Նրա գթությունը: Հավատա՛, որ Նա սիրում է քեզ, ինչպես փորձության պահերին, այնպես էլ՝ ուրախության:
Որքա՜ն խաղաղ, հանգիստ կյանք դու կապրեիր, եթե քո հոգսերը իրապես Տիրոջը հանձնեիր: Եղիան սովը վերապրեց սափորում վերջացող յուղով և ալյուրի վերջին բուռով: Նույնը և հնարավոր է նաև քեզ:
Եթե Աստված հոգ է տանում քո մասին, արժե՞ արդյոք անհանգստանալ: Նա երբեք չի հրաժարվել տանել քո բեռը, ոչ մի անգամ չի ընկրկել ծանրության առջև: Քո հոգսերը քեզ սիրող Հորը հանձնիր:
«Ձեր բոլոր հոգսը նրա վրա գցեցեք, որովհետև նա հոգս է անում ձեզ համար» (Ա Պետրոս 5.7):