Նամակ սիրելի աղջկաս Երկնային Հորից Մարտի 8-ի առթիվ

Իմ սիրելի աղջիկ, քեզ չեմ մոռացել և սիրում եմ ինչպես միշտ:
Մարդիկ քեզ հիշում են ընդամենը մեկ օր, իսկ Ես՝ ամեն օր: Թույլ տուր շնորհավորել քեզ այսօր հայրական սիրով ու համբույրով: Գիտե՞ս աղջիկս այս օրը ես տեսա, երբ դու դեռ չէիր ծնվել և սպասեցի, որ այսօր հղեմ իմ նամակը քեզ: Քեզանով ուրախ եմ ու պարծենում եմ, մանավանդ, երբ դու կանչում ես ինձ հայրիկ, և երբ հնչում է քո երգը, քիչ է մնում լռեցնեմ հրեշտակներիս ու ասեմ՝ աղջիկս երգում է: Դու հուսահատ թերագնահատում ես քեզ, սակայն Ինձ համար դու միշտ արժեքավոր ես, իմ անուշ աղջիկ: Չգիտեմ՝ ինչու ես մտածում, որ Ես քեզ թողել ու մոռացել եմ։ Զավակս, Իմ բնավորության մեջ լքել չկա: Ես քեզ ընտրել եմ և գիտեմ ծնվածդ օրվանից, երբ ոմանք ասեցին և դու հավատացիր ու կոտրվեցիր: Ես ուրախացա, որ դու աղջիկ ես և պարծենում եմ քեզանով: Դու Ինձ համար հենց դու ես, Իմ անունը քո վրա է, և քո անունը գրված է Իմ գրքի մեջ;

Գիտեմ՝ երբեմն նեղված ես և վիրավորված։ Հիշիր Աննային՝ Իմ լալկան աղջկան, սովորիր նրա պես աղոթել ամբողջ սրտով և ինչպես նրա համար, նույնպես էլ քեզ համար գարուն կբերեմ: Կսրբեմ արցունքներդ Իմ երկնային թաշկինակով, և կամոքեմ վերքերդ Իմ հայրական ջերմ համբույրներով: Գլուխդ դիր ուսիս և հանգիստ առ:

Աղջիկս, ինչու՞ ես մտածում, որ Ես ուշանում եմ։ Դու պետք է սովորես Իմ ժամանակները։ Ես երբեք չեմ ուշանում: Հիշիր իմ դուստր Եղիսաբեթին։ Ես հիշեցի նրան, երբ բոլորը կարծում էին, որ ուշացել եմ: Նայիր շուրջդ.  գարուն է, թեև ոչինչ չի երևում՝ ոչ ծիլ, ոչ բողբոջ, սակայն դու գիտես, որ գարուն է: Քո կյանքում չի երևում, բայց շուտով կբողբոջի կյանքդ, կծաղկես և կգեղեցկանաս:

Անուշ աղջիկս, երբեմն  քեզ շատ եմ կարոտում, և դու այնքան զբաղված ես, որ Ինձ չես լսում. Չէ որ Իմ սիրտը քեզ համար  է բաբախում և զբաղմունքից տրտնջում ես, որը քեզ սազական չի: Ախ, Մարթա, Մարթա… Հիշեցի, երբ նա զբաղված ծառայում էր Որդուս և Նրան չէր լսում և տրտնջում էր: Աղջիկս, շատ մի զբաղվիր, լսիր Ինձ և խոսիր Ինձ հետ Մարիամի պես: Որ շատ տրտնջաս հայրիկն ականջները կփակի: Չնեղանաս. կատակ արեցի…
Աղջիկս, նայիր շուրջդ, որ ձնհալ է և թող քո ներսի սառույցը հալվի և քո հարաբերությունը բուժվի մյուս զավակներիս հետ: Թող քեզանից դուրս գա հաշտության կարկաչուն առվակը և նոր գարուն երգի քույրերիդ համար:

Երբ նայում եմ թախծոտ աչքերիդ՝ տեսնում եմ, որ կարոտ ունես: Գուցե չհիշեցնեմ, բայց ես Հայր եմ և սիրտս չի տանում, որ քեզ պես աղջիկը կարոտով ապրի: Հարազատ ես կորցրել, կամ հեռացել են, թույլ տուր Ես լրացնեմ նրանց դատարկ տեղը: Ես քեզ հետ եմ, դու անապահով չես, Իմ ձեռքերը քեզ ծածկում են ճնճղուկի պես, ոչ ոք չի կարող քեզ դիպչել. Ես քեզ մենակ չեմ թողնի: Ես այնքան մեծ եմ, որ կարող եմ լրացնել բոլոր դատարկ տեղերը:
Դու հաճախ ուզում ես ինձ լսել. Ինձ հետ խոսողը Ինձ կլսի էլ: Հիշում ես աղջկաս՝ Մարիամին, նա սովոր էր Ինձ հետ խոսել, դրա համար նրան ընտրեցի: Քեզ էլ եմ ընտրել: Խոսիր ինձ  հետ և ես կխոսեմ քեզ հետ:

Անգին աղջիկս, մի ասա մենակ եմ, օտարական եմ: Հիշիր Հռութիս, հիշիր, նա էլ էր այդպես, բայց դիմացավ, սպասեց և հավատաց  ու հավատարմորեն ժառանգեց օրհնություն, և նրանից ծնվեց թագավորական սերունդ:

Սիրելիս, քեզ համար նվերներ եմ պատրաստել ու քեզ պիտի զարդարեմ հոգևոր պարգևներով: Ինչ կուզես՝ հայրիկին ասա. Հիսուսի անունով Ես քեզ կտամ: Իսկ գիտե՞ս դրանից առաջ պիտի սիրել սովորես և սովորեցնես։ Չէ որ պապայի աղջիկն ես, ուստի Ինձ պիտի նմանվես:
Գիտե՞ս, որ Ես ասել եմ: Գարնանային գեղեցկության պես ավելացրու քո ներքին գեղեցկությունը, և Ես ուզում եմ, թանկագին դուստր, քեզ մաղթել՝

  • Բազմության մայր Սարայի պես,
  • Արքայական սերունդ Հռութի պես,
  • Աղոթքի տիպար Աննայի պես,
  • Քաջ ու զորավոր Դեբորայի պես,
  • Հնազանդ Ռեբեկայի պես,
  • Փրկության անոթ Մարիամի պես,
  • Ծառայության տիպար Փիբեյի պես,
  • Եվ ինչու չէ, կուզեմ այս ցանկին ավելացնել քո քաղցր անունը, իմ անուշ աղջիկ: Քեզ սիրում եմ և օրհնում:

Սիրով՝ քո Երկնային Հայր

Հեղինակ՝ Հովիվ Ռաֆֆի Շահվերդյան