Օգտագործիր քո սեփական հողե փոշին
Մի գիտնական է մահանում, նրա հոգին կանգնում է Աստծո առաջ ու ասում է Արարչին հետևյալը.
– Մենք՝ գիտության մարդիքս, եկել ենք այն եզրակացության, որ էլ Քո կարիքը չունենք: Մենք բացահայտել ենք բոլոր գաղտնիքները և գիտենք ամենը, ինչ գիտես Դու. կարողանում ենք մարդ կլոնավորել, մարդկանց օրգանները փոխպատվաստել, ստեղծել բույսերի ու կենդանիների նոր տեսակներ… Մի խոսքով՝ մենք կարող ենք անել այն ամենը, ինչը նախկինում համարվում էր հրաշք ու վերագրվում Քո իմաստությանն ու ամենակարողությանը:
Աստված համբերատար լսում է, և երբ գիտնականն ավարտում է իր ասելիքը, նրան առաջարկում է.
– Դե, արի, ուրեմն, փորձենք՝ մարդկությունը դեռ իմ կարիքն ունի՞, թե՞ ոչ: Անցկացնենք մի փոքր ստեղծագործական մրցույթ:
Գիտնականը համաձայնում է ու հարցնում.
– Ի՞նչ ես ուզում, որ ես անեմ:
– Արի նորից առաջին մարդուն՝ Ադամին, արարենք,- պատասխանում է Աստված:
– Հիանալի է,- ասում է գիտնականը ու կռանում՝ հող վերցնելու, որպեսզի Ադամին կառուցի:
Իսկ Աստված ասում է.
– Հե՜յ, մա՛րդ արարած, օգտագործիր քո սեփական հողե փոշին, իսկ իմ արարչագործությանը մի դիպչիր: