Տե՛ր, օգնիր իմ ամենօրյա անհավատությանը
Մեկ օր նստած էի հիվանդանոցի պալատում և հետևում էի, թե ինչպես է ութամյա որդիս անգիտակից վիճակում պայքարում իր կյանքի համար: Ես տարօրինակ կերպով հանգիստ էի:
Կառչել էի Աստծո բարությունից և ուժերիս ներածին չափով ապավինում էի այն բանին, որ Աստված իմ որդուն պահում է Իր ձեռքերի մեջ: Այդ պահին դա իմ միակ ընտրությունն էր, ըստ էության:
Չէր մնացել այլևս ոչ մի որոշում, որ ես կկարողանայի ընդունել, ոչ մի գործողություն, որ ես կկարողանայի կատարել, և ոչինչ, ինչ ես կկարողանայի վերահսկել:
Հետ նայելով այդպիսի ժամանակներին, երբ հավատքս ինձ մեծ էր թվում, չեմ կարող պարզապես ուրախանալ և ասել՝ ինձ մոտ ամեն բան ստացվեց, քանի որ չեմ կարող չնկատել, թե ինչպես եմ կտոր-կտոր լինում ավելի փոքր ու աննշան դժվարություններից, որոնք ծագում են իմ առօրյայում. այնպիսի դժվարություններից, որոնք ինձնից պահանջում են ընդամենը որոշումներ ընդունել կամ անել մի բան՝ իմ հավատքից ելնելով:
Հիմա ինձ նյարդայնացնում է, թե ինչպես է իննամյա որդիս վիճում իր եղբոր հետ: Ես հոգնած եմ մեր տեղափոխությունից և դրան հաջորդող խառնաշփոթից:
Ես ընկճվում եմ, երբ սկսում եմ խորհել ապագայի ու մեր ֆինանսների մասին: Ես խաղաղությունս հեշտությամբ կորցնում եմ չնչին հարցերից: Ես ինձ Աստծուց հեռու եմ զգում, իսկ Աստծո հետ անցկացրած րոպեները մակերեսային են, աղոթքներս՝ թույլ:
Ինչո՞ւ: Արդյոք Աստված, Ում ես ապավինել եմ իմ փրկության պահին, պակա՞ս բարի ու ողորմած է, երբ ես իմ լացկան ու չարաճճի երեխաների կողքին եմ: Անգամ եթե ասեմ, որ ես մեծ հավատք ունեմ, իմ քայլերը վկայում են իմ անհավատության մասին:
Երբ միտքս կլանված է բանկային հաշիվներովս, ես հավատացած եմ, որ իմ անվտանգությունն ապահովում են ավելի շատ գումարները, քան իմ Փրկիչը: Երբ բղավում եմ երեխաներիս վրա, որովհետև նրանք խառնաշփոթ են սարքել, ես հավատում եմ, որ իմ մխիթարությունը տան մեջ տիրող կարգ ու կանոնից է, ոչ թե ամեն մխիթարությունների Աստծուց:
Երբ ես հուսահատության գիրկն եմ ընկնում անորոշ ապագայից ու կայունության պակասից, մոռանում եմ, որ այս աշխարհում ընդամենը պանդուխտ եմ, և այս աշխարհը իմ տունը չէ:
Ամեն ժամը, երբ ես կարող էի աղոթել, բայց չեմ աղոթել ու Աստծուն հանձնել իմ խնդիրները, ժամ է եղել, երբ ասել եմ. «Ամեն բան նորմալ է, ամեն բան իմ վերահսկողության տակ է»… Իսկ հետո զարմանում ենք, թե ինչու ենք անհավատ դարձել…
Հավատքի պարզ ներկայությունը բավարար չէ անհավատությունը լիովին վերացնելու համար:
Ահա թե ինչու Մարկոս 9-րդ գլխում հայրը, ով իր որդու բժշկությունն էր խնդրում Հիսուսից, ասում է Նրան. «Հավատում եմ, Տե՛ր, իմ անհավատությանն օգնիր»: Դեռևս անկատար հավատքը միացավ այն դավանության հետ, որ նա Հիսուսի կարիքն ուներ հասնելու համար ավելի կատարյալ հավատքի: Եվ Հիսուսը հրաշքով պատասխանեց, որովհետև հրաշքը հավատքից է ծնվում:
Իմ խնդիրը ավելի խորն է, քան ներկայիս դժվարությունները: Անհավատությունը հաճախ շատ մեղքերի քողարկված արմատն է:
Ես Աստծուց գողանում եմ փառքը, որը գալիս է Աստծո գերիշխանության հանդեպ իմ հավատքից, անգամ եթե խոսքը գնում է իմ օրվա փոքր հիասթափությունների մասին:
Աղոթեք ջերմեռանդորեն և սպասումով. հավատքը, որը մենք ունենք, միակ միջոցն է հաղթելու այս աշխարհի իշխանին: Թույլ տվեք ձեր տկար հավատքին կառչելու զորավոր Աստծուց:
Բոննի ՄակԿերնան
CrossNews.AM