Եկեղեցու անսովոր հյուրը

Դա պատահեց մի հոկտեմբերյան արևոտ շաբաթ օր: Եկեղեցում հավաքույթը նոր էր վերջացել, և անդամները դուրս էին գալիս շենքից՝ մեկը մյուսի հետ շփվելով: Հանկարծ ես նկատեցի նրան՝ ոչ այնքան բարձրահասակ, կարմրաթուշ և որոշ չափով սպիտակած մազերով մի տղամարդու: Նա կանգնած էր եկեղեցու անդամներից մեկի կողքին, իսկ հետո քայլերն ուղղեց դեպի իմ կողմը: Նրա հայացքը խնդրանք էր արտահայտում:

-Էլե՛ն, նա արդեն մոտեցել է մի քանի հոգու և ուտելիքի համար գումար խնդրել, — ինչ-որ մեկն ասաց ինձ, — նրան օգնություն է հարկավոր: Մենք ասացինք, որ դու սոցաշխատող ես և կարող ես նրան օգնել:

«Ահա, նորից ինչ-որ մեկին ինձ «վրա են թողնում»,- մտածեցի ես,- ձեզնից յուրաքանչյուրն էլ կարող էր օգնել նրան»: Նյարդայնացած հարցրի այդ տղամարդուն.
— Ինչո՞վ կարող եմ օգնել ձեզ:
— Ես սոված եմ, ինձ ուտելու բան է պետք:
— Ես չեմ կարող ձեզ գումար տալ,- ասացի ես,- բայց ձեզ ընթրելու կտանեմ:
— Ինձ համար միևնույն է՝ դուք ինձ գումար կտաք, թե՝ ոչ: Ես պարզապես սոված եմ:
— Այդ դեպքում սպասեք ինձ այստեղ, ես պետք է մեկի հետ խոսեմ մինչ հեռանալս:
Քանի որ ես մենակ էի ապրում, նրան իմ տուն տանելու մասին խոսք անգամ չէր կարող լինել: Տասնհինգ րոպե հետո, երբ ես ավարտեցի իմ զրույցը բոլոր այն մարդկանց հետ, ում  պետք է տեսնեի, մենք քայլեցինք դեպի ավտոմեքենան: Ես հարցրեցի իմ հյուրին.
— Ի՞նչ կցանկանայիք ուտել:
— Դե,- ասաց նա, — այստեղից ոչ հեռու մի փոքրիկ ռեստորան կա, որտեղ, ասում են, շատ համեղ ապուր են մատուցում: Ռեստորանը կոչվում է «Մեծ Երկիր»:

Դեռևս նյարդայնացած այն բանից, որ ես պետք է «զբաղվեի» այդ անծանոթով՝ ասացի.
— «Մեծ Երկի՞ր»… Իսկ ի՞նչ կասեք հոթ-դոգի, աղցանի և կրկնակի համբուրգերի մասին:
— Ո՛չ, ես պարզապես ապուր եմ ուզում,- պնդեց նա:

Նրա վարդագույն այտերը տպավորություն էին ստեղծում, որ նա արբեցող է: Երբ արդեն մեքենայի մեջ էինք, ասացի.
— Ես անծանոթ մարդկանց գումար չեմ տալիս, քանի որ մտածում եմ, որ նրանք այդ գումարը կծախսեն թմրանյութերի, ալկոհոլի կամ էլ ծխախոտի վրա:
— Օ՜,  ո՛չ,- ասաց նա,- Ես չեմ խմում, չեմ ծխում և ոչ էլ թմրադեղեր եմ օգտագործում: Ես պարզապես սոված եմ:

«Այո՛, իհարկե՛, դու պարզապես սուրբ ես»՝ մտածեցի ես:
— Այդ դեպքում՝ ասացեք ինձ՝ ի՞նչ է ձեր անունը, և ինչո՞ւ եք դուք ողորմություն խնդրում:
— Ես գիտեմ, որ Աստված չի ցանկանում, որ մենք մեկնած ձեռքով քայլենք փողոցներով, բայց ես անհաջողակ եմ, որովհետև չէի հետևում մորս ցուցումներին: Առաջ ես միշտ մայրիկիս հետ հաճախում էի եկեղեցի: Բայց երբ հեռացա տնից, հավատքս սառեց:
— Իսկ որտե՞ղ  է ձեր տունը,- հարցրի ես:

Նա խուսափելով իմ հարցին պատասխանելուց՝ շարունակեց խոսել:
— Ես գիտեմ, որ խմելն ու թմրանյութ օգտագործելը հիվանդություն են, և երբեք դրանցով չեմ զբաղվել:
— Գիտե՞ք՝ Աստված երբեք մեզ չի թողնում, նույնիսկ՝ եթե մենք հեռանում ենք Նրանից:
— Ես գիտեմ դա: Մայրս էլ էր միշտ այդպես ասում:
— Իսկ ինչպե՞ս հայտնվեցիք մեր եկեղեցում:
— Վերջերս ես հաճախ եմ մտածում իմ երիտասարդ տարիների մասին, երբ դեռ դաստիարակվում էի եկեղեցում:
— Միգուցե Սուրբ Հոգի՞ն է ձեզ այսօր առաջնորդել եկեղեցի,- ասացի ես:

Այդ խոսքերիցս նրա աչքերը փայլեցին.
— Ես գիտեմ, թե ինչպես է գործում Սուրբ Հոգին:
Մենք հասանք ռեստորան, և մինչ ներս մտնելն ասացի.
— Դուք ինձ այդպես էլ չասացիք ձեր անունը և թե որտեղ եք ապրում:
— Իմ անունը Ջորջ Սվիֆթ է, և ես ապրում եմ «Քրիստոնյա երիտասարդների միջազգային միության» գրասենյակում՝ թարգմանչի ընդունարանում: Այնտեղ ես ստանում եմ իմ կենսաթոշակային նպաստը:
Երբ նստեցինք սեղանի շուրջ, ես ասացի.
— Պատվիրեք այն ամենը, ինչ կցանկանաք:
Նա պատվիրեց ապուր, նարնջի հյութ և մեկ սենդվիչ:

Մինչ մենք ուտում էինք, նա շարունակ հրաշալի բաներ էր խոսում Աստծո մասին: Նա մի սովորություն ուներ՝ խոսել՝ խոսակցի աչքերի մեջ նայելով:
— Ես այսօր միայն կենդանի եմ Աստծո անսահման սիրո շնորհիվ,- ասաց նա:
Ես փորձում էի խոսակցության թեման փոխել դեպի իր ընտանիքն ու իր խնդիրները, բայց նա շարունակ խոսում էր Աստծո մասին.
— Մայրս միշտ ասում էր՝ «Երբ հայտնվում ես խառնաշփոթության մեջ, Սուրբ Հոգին սկսում է գործել»:

Երբ ավարտեցինք ընթրիքը, ես առաջարկեցի նրան տանել իր բնակավայր, սակայն նա հրաժարվեց: Մենք քայլեցինք դեպի մեքենան: Ավտոկայանատեղում ոչ ոք չկար, և այնտեղ միայն իմ ավտոմեքենան էր:

— Ջո՛րջ, ինձ համար դժվար չէ, ես մեծ հաճույքով կտա…,- ես չհասցրեցի ավարտել խոսքս, քանի որ շրջվելով նրա կողմը՝ չտեսա նրան: Նայեցի շուրջս՝ այնտեղ շինություններ չկային, ուստի նա չէր կարող թաքնվել: Ես արագ նստեցի ավտոմեքենան, մի քանի պտույտ արեցի այդ տարածքով, որպեսզի գտնեմ այդ մարդուն, ով այդքան հիացմունքով խոսում էր մեր հրաշագործ և փառահեղ Աստծո մասին, այն դեպքում, երբ ես կենտրոնացել էի աշխարհիկ դատարկ կյանքի վրա: Ես չկարողացա գտնել նրան, և այդպես էլ երբևէ նորից չտեսա այդ մարդուն: Երբ վերադառնում էի տուն, զարմանում էի իմ սահմանափակության վրա: Նա ցանկանում էր և փորձում էր փառավորել Աստծուն, իսկ ես մտածում էի, որ դա նրա հնարքներից մեկն է: Ես շատ էի ափսոսում այդ օրվա իմ արարքների համար: Ես հրաշալի հնարավորություն ունեի փառավորելու Աստծո անունը՝ պատմելով մեր հանդեպ Նրա մեծ սիրո, ողորմության և շնորհի մասին, սակայն ես դա չարեցի: Ես չարդարացրեցի ակնկալիքները:

Այդ փորձառությունը լավ դաս եղավ ինձ համար: Ես այլևս անծանոթներին այնպես չեմ վերաբերվում, ինչպես առաջ: Ես շատ եմ ցավում, որ այդպես ստացվեց, որ ես հայտնվեցի իմ սեփական նյարդայնացվածության և էգոիզմի թակարդում:

«Հյուրասիրությունը մի՛ մոռացեք. որ նրանով ոմանք առանց գիտենալու հրեշտակներ ընդունեցին» (Եբրայեցիս 13.2):