Անսովոր քարոզ մետրոյում

Ոչ շատ վաղուց մետրոյում մի հետաքրքիր դեպքի ականատես եղա: Գնացքն այնքան էլ լցված չէր, երբ մի տղա նստեց, ով, տեսքից դատելով, Աֆրիկայից էր:
Նա մի սովորական տղա էր՝ լավ հագնված, ուրախ ու ժպտերես: Երբ գնացքը շարժվեց, նա կանգնեց մեջտեղում, որտեղ ես էի կագնած: Եվ հենց այդպես էլ ամեն բան սկսվեց:
Նա սկսեց բարձրաձայն ինչ-որ բան պատմել: Պատմում էր Աստծո մասին, Նրա անվերապահ սիրո մասին:
Եվ 3-4 րոպե շարունակ խոսելով՝ բոլորին խնդրում էր պարզապես մտածել իրենց կյանքերի մասին:
Ինձ հետաքրքիր էր մարդկանց արձագանքը: Սկզբում, երբ նա նոր էր սկսել, բոլորը մի փոքր լարվեցին, կարծելով, որ հերթական «խելագարներից» է: Սակայն քարոզին զուգընթաց բոլորի դեմքերն ասես լուսավորվեցին, և քիչ-քիչ ժպիտներ սկսեցին հայտնվել մարդկանց աչքերում: Եվ դա իր պատճառն ուներ. այդ տղան ոչ մի կոչ չէր անում, նա չէր գովազդում որևէ եկեղեցի, այլ պարզապես պատմում էր Աստծո մասին:
Իր փոքրիկ քարոզի վերջում նա մի քանի անգամ երջանկություն մաղթեց բոլորին և լավ օր: Եվ երբ ավարտեց իր ելույթը «ամեն»-ով, մի քանի մարդիկ պատասխանեցին նրան՝ «Ամեն»: Ահա թե ինչ է նշանակում խոսել մաքուր սրտից և ասել այն, ինչ մարդիկ ուզում են լսել:
Նրա խոսքերից հետո ես գնացքից դուրս եկա մտածկոտ, սակայն մի անբացատրելի թեթևության և երջանկության զգացումով: Իհարկե, երբ խոսում են Աստծո մասին՝ Նա այնտեղ է: Եվ չես կարող չմտածել կյանքիդ մասին, չես կարող անտարբեր լինել ու որոշ հետևություններ չանել, միևնույն ժամանակ, չես կարող չլցվել Աստծո այդ քաղցր ներկայության երջանիկ զգացումով:
Այդ տղան անսպասելի ավարտեց, այնպես, ինչպես սկսել էր: Այնուհետև նա ուղղեց փողկապը և հանգիստ դուրս եկավ գնացքից՝ ինքն իրեն ժպտալով ու խառնվելով ամբոխին: Դժվար էր հավատալ, որ նա րոպեներ առաջ խիզախությամբ քարոզող այն տղան էր:
Ես այդ օրը հայտնություն ստացա. այդ գնացքի մեջ հավաքվել էին մարդիկ, որոնց պետք էր լսել Աստծո մասին, իսկ Աստված ուղարկել էր նրանց մեկին, ով կարող էր դա անել և արեց՝ հնազանդվելով վերերկրյա կանչին:
Հետաքրքիր բան է կյանքը: