Ամենագեղեցիկ սիրտը
Մեկ օր մի երիտասարդ կանգնում է քաղաքի կենտրոնում և բարձր ձայնով հայտարարում, որ ինքն ունի ամենագեղեցիկ սիրտը:
Մարդկանց մեծ բազմություն է հավաքվում, և բոլորը սկսում են հիանալ տղայի սրտով, քանի որ այն իսկապես կատարյալ էր:
Ոչ մի նշան, ոչ մի բիծ չկար այդ սրտի վրա, և բոլորը միաձայն համաձայնվում են, որ իսկապես այն ամենագեղեցիկ սիրտն է, որ երբևէ տեսել են:
Երիտասարդ տղան շատ է հպարտանում և սկսում է ավելի բարձր պարծենալ իր սրտով:
Հանկարծ մի ծեր պապիկ է հայտնվում բազմության առաջ և ասում.
— Քո սիրտն այնքան գեղեցիկ չէ, որքան իմը:
Երիտասարդ տղան և մնացած մարդիկ նայում են ծերունու սրտին: Այն ուժեղ էր բաբախում, բայց լի էր սպիներով, կային հատվածներ, որտեղից դուրս էին բերվել մասեր ու հետո նորից դրվել, բայց դրանք այնքան էլ համապատասխան չէին: Ծերունու սրտի վրա կային նաև հատվածներ, որոնք դատարկ էին, այնտեղից ինչ-որ մասեր էին բացակայում:
Մարդիկ զարմանում էին, թե ինչպես կարող է ծերունին մտածել, որ իր սիտն ավելի գեղեցիկ է:
Երիտասարդը, տեսնելով ծերունու սրտի վիճակը, սկսում է ծիծաղել.
— Դու, հավանաբար, կատակում ես,- ասում է նա,- համեմատիր քո սիրտն իմ սրտի հետ. իմը կատարյալ է, իսկ քոնը լի է սպիներով ու արցունքներով:
— Այո՛,- պատասխանում է ծերունին,- քոնը կատարյալ տեսք ունի, բայց ես երբեք չեմ համեմատվի քեզ հետ: Հասկանում ես՝ իմ սրտի ամեն մի սպին ներկայացնում է մի մարդու, ում ես տվել եմ իմ սերը: Ես պոկել եմ իմ սրտից մի մաս և տվել այդ մարդկանց, և շատ հաճախ նրանք էլ ինձ են տվել իրենց սրտից մի մաս, որպեսզի լրացնեմ բացակայող հատվածները, բայց, դրանք ոչ բոլորն են համապատասխանել չափով, այդ պատճառով էլ սպիներ են առաջացել: Եվ ես փայփայում եմ դրանք, քանի որ ինձ հիշեցնում են այն սերը, որ մենք կիսել ենք իրար հետ:
Երբեմն ես տվել եմ իմ սրտից մասեր մարդկանց, ովքեր ինձ չեն փոխհատուցել իրենց սրտի մասերով. դրանք սրտիս բացակայող հատվածներն են, որոնք թեև ցավ են պատճառում ինձ՝ մնալով բաց, բայց հիշեցնում են այն սիրո մասին, որ ունեցել եմ այդ մարդկանց նկատմամբ, և ես հույս ունեմ, որ մի օր նրանք կվերադարձնեն և կլրացնեն իմ սրտի բացակայող հատվածները:
Իսկ հիմա դու տեսնո՞ւմ ես, թե որն է իրական գեղեցկությունը…
Երիտասարդ տղան, ով արցունքն աչքերին կանգնած լսում էր ծերունուն, իր կատարյալ սրտից մի մաս է պոկում, մոտենում է ծերունուն և նրան տալիս սրտի այդ մի կտորը: Ծերունին վերցնում է այն և ավելացնում իր սրտին ու մի մաս էլ իր սրտից պոկելով՝ տալիս է երիտասարդին:
Այդ կտորը երիտասարդի սրտի վրա որոշ հետքեր է առաջացնում, քանի որ նույնությամբ իր պոկած կտորից չէր:
Երիտասարդը, նայելով իր սրտին, նկատում է, որ այն այլևս նախկին կատարյալ տեսքը չունի, բայց շատ ավելի գեղեցիկ է, քան նախկինում, քանի որ դրա վրա արտացոլվում է իր սերը ծերունու նկատմամբ և ծերունու սերն՝ իր նկատմամբ…