Յոթ պարզ օրենք, թե ինչպես չծախսել ավելորդ գումար խանութում

Խանութներում հայտարարել են մինչև 50% զեղչ, և դա նշանակում է, որ պետք է լինել ավելի զգոն և չընկնել վաճառողների թակարդը:

Մինչ մենք սկսենք գլուխ հանել առևտրային հմտություններից, կարելի է պարզապես հետևել այս խորհուրդներին:

Բայց զգուշացնում ենք, որ այս խորհուրդները նրանց համար են, ովքեր չեն պատրաստվում վճարել՝ առանց նայելու: Մենք եվրոպացիներ չենք, ովքեր հաշվում են ամեն մի լուման, բայց ազնիվ վաստակած գումարի խելացի տնտեսումը նշան է քաղաքավարի քաղաքացի լինելու:

Օրենք 1: Վերցրեք զամբյո՛ւղ՝ սայլակի փոխարեն: Սուպերմարկետում դռներն ինքնուրույն բացվում են, և մեր առջև սայլակ է հայտնվում անիվների վրա, որը նախատեսված է մի քանի տասնյակ կիլոգրամ կարտոֆիլի կամ մի քանի տուփ լուծվող սուրճի, երշիկների և պանրի տեսականիների, տասնյակ տուփ կաթի և հացի համար: Իսկ մենք ընդամենը ցանկանում էինք գնել 200 գրամ «բժշկական» երշիկ ընթրիքի համար:

Սայլակն անիվների վրա հարմար է, բայց վտանգավոր: Չեք ցանկանում չէ՞ այն լցնել մինչև վերջ ամեն տեսակ ոչ անհրաժեշտ մթերքով և ծախսել ամբողջ գումարը, որ դրամապանակում է: Ուրեմն վերցրեք զամբյուղ և ուշադրություն մի՛ դարձրեք վաճառողներին, որոնք նայում են ձեր միակ կաթի շշին: Ի դեպ, փոքր գնումները վճարեք կանխիկ, ոչ թե քարտով: Իհարկե, դա ժամանակակից չի, բայց գումարը կմնա, իսկ քարտի վրա գտնվող անտեսանելի գումարի հետ շատ հեշտ է բաժանվել: Բանկային քարտով վճարեք միայն խոշոր գնումները, փոքրերն ավելի լավ է վճարել կանխիկ:

Օրենք 2: Մտնելով սուպերմարկետ՝ անմիջապես քայլե՛ք դեպի ձեզ անհրաժեշտ բաժինը, վերցրեք նախատեսված ապրանքը և շարժվեք դեպի դրամարկղ:

Հավանական է, որ դուք մտել եք խանութ՝ պատրաստվելով գնել ինչ-որ կոնկրետ բան՝ հաճախ ամենակարևոր և պետքական ապրանքներ: Իսկ խանութում հիմնականում այնպես է դասավորված ապրանքը, որ հասարակ ամենօրյա սնունդը, օրինակ՝ հացը, վերջին շարքերում է: Իսկ ամենաթանկ և շահավետ ապրանքները՝ ճանապարհին, և գնորդը, մինչև հասնի հացին, ինչ-որ մի թանկ ապրանք էլ կգնի՝ սուրճ, թանկ արտասահմանյան պահածոներ, էլիտար զեյթունի ձեթ և էլի ինչ–որ բան: Ուշադիր հետեևեք, թե ինչ եք դնում զամբյուղի մեջ սուպերմարկետում և ունեցեք նախօրոք գրված ցուցակ գնումների համար:

Օրենք 3: Մի՛ վստահեք հավաքածուներին (սուրճ + բաժակ): Բաժակ դուք ունեք, իսկ սուրճը դեռ չի վերջացել, և այն կարելի է գնել կողքի բաժնից ավելի էժան:

Այդ հավաքածուներից ոչ մի տնտեսում դժվար թէ լինի, քանի որ խանութն այդպիսի նվեր դժվար թե հենց այնպես անի:

Ընտրությունը ձերն է, ուշադրություն մի՛ դարձրեք վառ «օրիգինալ» փաթեթավորումներին և ստուգեք պիտանելիության ժամկետը:

Օրենք 4: Մի՛ մտեք սուպերմարկետներ քաղցած:

Ոսկերչական, հագուստի և կոշիկի խանութները միշտ անուշաբույր են, որպեսզի ավելի շատ գնորդներ գրավեն: Շուկայական հետազոտությունները ցույց են տվել, որ կոշիկի խանութների այն բաժիններում, որտեղից բնական կաշվի հոտ է գալիս, կոշիկները մեկ ու կես անգամ ավելի շատ են վաճառվում, քան այն բաժիններում, որտեղ ոչ մի հոտ չի գալիս: Իսկ լուծվող սուրճի տաղավարում, որտեղից պետք է որ սուրճի բույր չգա, հաճախ նոր բովված սովորական սուրճի բույր է տարածված լինում: Սա ևս մի հնարք է ձեր քիմքին հասնելու համար: Մի՛ վստահեք հոտերին:

Մի՛ գնացեք մթերային խանութներ քաղցած, դա կարող է ավելացնել ձեր ծախսերը:

Նույնը երաժշտության դեպքում է: Ինչ-որ տեղ վաճառողներին սովորեցրել են, որ հաճելի երաժշտությունը դրդում է գնորդներին ոչ անհրաժեշտ գնումներ կատարելու: Եվ նրանք միացնում են Վիվալդի կամ ռետրո երաժշտություն խանութի տարբեր բաժիններում, բայց դուք մի մոռացեք, որ խելացի և տնտեսող գնորդ եք՝ լավ իմաստով:

Օրենք 5: Ապագա վաճառողներին դասընթացների ժամանակ սովորեցնում են, որ ավելի լավ է վաճառվում այն ապրանքը, որը դրված է աչքերի մակարդակի վրա, այսինքն՝ 1,5 – 1,7 մետր բարձրության դարակների: Դա ճիշտ է, դրա համար էլ հենց այդ դարակների վրա վաճառողները դնում են ավելի թանկ գինիները, արտասահմանյան տուփով պանիրները, թանկ սուրճի տեսակները և անգամ հանքային ջրերը: Ամենացածր և բարձր դարակների վրա տեղավորում են գնի և որակի օպտիմալ ապրանքները: Ապրանքների տեղավորման մեջ օգտագործվում է նաև այլ խորամանկություն՝ քաղցրավենիքները և վառ խաղալիքները դնում են ցածր դարակների վրա: Եթե հրաժարվեք գնել, երեխաները կսկսեն լացել, իսկ դուք կամաչեք մարդկանց առջև: Եվ այդ «կինդեր սյուրպրիզը», ի վերջո, դուք նրան կգնեք՝ զուր ծախսելով ձեր փողերը և փչացնելով երեխայի ատամները: Հնարավորինս գնումներ կատարեք առանց երեխաների:

Օրենք 6: Չնախատեսված գնումների համար ամենահարմար մասը դրամարկղի մոտ է: Որքան էլ արագ աշխատի գանձապահը, և որքան շատ լինեն դրամարկղները խանութում, այստեղ միշտ կլինեն հերթեր: Եվ ձեր աչքերն ինքնըստինքյան նայում են կրակայրիչներին, քաղցրավենիքներին, ծամոններին, փոքրիկ շոկոլադներին և այլ մանր-մունր ապրանքներին: Այս մանր ապրանքները վաճառողներն անվանում են իմպուլսիվ գնելու ապրանքներ: Կանգնելով դրամարկղում հերթի մեջ՝ զբաղվեք ինչ-որ բանով, որպեսզի չշեղվեք ոչ անհրաժեշտ ապրանքների վրա: Օրինակ, ուշադիր կարդացեք բոլոր ձեր գնած ապրանքների պիտակները, մի անգամ էլ ստուգեք պիտանելիության ժամկետները, կամ էլ ծանոթացեք որևէ այլ գնորդի հետ:

Օրենք 7: Եթե որոշեք խորհրդակցել վաճառողի հետ, թե որ ապրանքն է ավելի թարմ և որը նա խորհուրդ կտա, իմացեք, որ նա ամենը, հնարավոր է, ճիշտ չասի:

Իհարկե, բարի վաճառողներ նույնպես լինում են, չմոռանանք այդ մասին: Որոշողը վերջում, միևնույնն է, դուք եք, պատասխանատվությունը ձեզ վրա է:

Աղբյուր՝ CrossNews.AM