Չակ Նորիսը խոսում է իր հավատքի մասին
Չակ Նորիսը սպորտի չեմպիոն է, դերասան: Նա հազարավորների ուշադրության կենտրոնում է՝ որպես ուժի մարմնացում, բայց, միևնույն է, մնում է սովորական մարդ, ով ունի իր խնդիրներն ու նպատակները:
Երբ նա հնարավորություն է ունենում խոսելու մարդկանց հետ, ապա առանց ամաչելու ասում է, որ իր անպայմանական հերոսը Հիսուս Քրիստոսն է:
Ահա մի քանի մեջբերում նրա խոսքերից, որ ասել է 82-ամյա դերասանը՝ իր հավատքի մասին խոսելիս:
Այն մասին, թե ինչպես է նա հետ նահանջել հավատքից.
«Ես իմ կյանքը Աստծուն նվիրեցի 12 տարեկանում: Նույն տարիքում մկրտվեցի: Ես ամրանում էի: Բայց ցավոք սրտի զվարճանքների ինդուստրիայում շատ են գայթակղությունները, դուք կարող եք հեշտությամբ ձեր տեսադաշտից կորցնել այն, ինչն իսկապես կարևոր է կյանքում: Այս պատճառով ես փչացրեցի իմ ամուսնությունը»:
Այն մասին, թե ինչպես Աստվածաշնչի ընթերցանությունը վերադարձրեց նրան հավատքի.
«Ես միշտ բարկանում էի, որովհետև իմ սրտում դատարկություն կար: Ոչինչ չէր ուրախացնում ինձ: Հետո ամուսնացա աստվածավախ կնոջ հետ: Տանը ամեն առավոտ նա Աստվածաշունչ էր կարդում: Եվ մեկ օր հարցրեց. «Ուզո՞ւմ ես բարձրաձայն կարդամ»: Եվ այդպես, ես նստում էի նրա դիմաց, իսկ նա բարձրաձայն Աստվածաշունչ էր կարդում ինձ համար ամեն առավոտ: Վերջիվերջո, ես ասացի. «Լավ, հիմա տուր ես ինքս կարդամ»: Այդպես սկսեցի բարձրաձայն Աստվածաշունչ կարդալ: Տպավորություն էր, թե Աստված ասում էր ինձ. «Չա՛կ, ժամանակն է տուն վերադառնալու: Դա բավական երկար տևեց»: Եվ այդ ժամանակ իմ սիրտը կրկին խաղաղությամբ լցվեց»:
Այն մասին, թե ինչպես է մոր հավատքն ազդել իր կյանքի վրա.
«Մայրս սիրում էր Հիսուսին իր ողջ սրտով ու հոգով և ցանկանում էր համոզված լինել, որ մենք հասկացել ենք դա: Իմ հոգևոր կյանքում նա մեծ ազդեցություն է ունեցել և սովորեցրել ինձ պատասխանատվության զգացում ունենալ, ինչը, սակայն, դրսևորվեց ավելի ուշ՝ արդեն իմ հասուն տարիքում: Նա միշտ ասում էր ինձ. «Աստված ծրագիր ունի քեզ համար»: Ես չգիտեի, թե ինչ նա նկատի ուներ: Մտածում եմ՝ դա այն է, ինչ ես անում եմ հիմա»:
Նրա խոսքը՝ սկսնակ դերասաններին. ճաշակեք հավատքը…
«Ես ճանաչում եմ բազում դերասանների և տեսնում նրանց աչքերում ինչ-որ բան: Նրանք փորձում են երջանիկ լինել, բայց դա այդպես չէ: Դուք տեսնում եք նրանց երեկույթներին, թե ինչպես են նրանք փորձում լցնել ներսի դատարկությունը: Ես ինքս նույն վիճակում եմ եղել, մինչև մահվան աստիճան փորձել եմ լցնել այն դատարկությունը, որը կար իմ ներսում: Դուք կտեսնեք, թե ինչպես են նրանք փորձում այդ դատարկությունը լցնել թմրադեղերով, ալկոհոլով, բոլոր բաներով, որոնք ոչ մի կերպ չեն կարող դատարկությունը բուժել: Ես հանդիպել եմ նաև այլ դերասանների, ովքեր հավատում են. նրանց աչքերում դուք կարող եք լույս տեսնել: Իսկ նրանց աչքերում, ովքեր դա չունեն, կարող եք տեսնել միայն խավար: Այս պատճառով ես ասում եմ ձեզ. պարզապես փորձեք հավատալ ու կհամոզվեք, որ դա գործում է ձեզ համար: Ես գիտեմ, որ այդպես էլ կլինի, քանզի դա գործել է իմ կյանքում»:
Այն մասին, թե ինչպես է Աստված ղեկավարում իր կյանքն ու կարիերան.
«Զարմանալի է, երբ մարդիկ մոտենում են ինձ ու ասում. «Չա՛կ, դու աշխարհի ամենահաջողակ մարդն ես, որովհետև կարողացել ես դառնալ սպորտի աշխարհի չեմպիոն և կինոաստղ»: Երբ նրանք ասում են ինձ սա, ես ժպտում եմ, որովհետև հաջողությունը ոչ մի կերպ չի վերաբերում դրան. այդ ամենի հետևում Աստված է»: