Ո՞վ է քո ընկերը

Երիտասարդներին թերևս ամենաշատ վերաբերող հարցերից է, թե «ո՞վ է իմ ընկերը»:

Շատերը բողոքում են իրենց շրջապատից և ընկերներից, որոնք իրենց չեն հասկանում: Եվ վստահ չեն, թե կարիքի դեպքում կարող են նրանց հուսալ, թե ոչ:

Մենք ինքներս ենք ընտրում մեր շրջապատը և ընկերներին: Մենք ինքներս ենք թույլ տալիս ոմանց ավելի մոտ լինել մեզ և առնչվել մեր կյանքին: Բոլորին էլ ընդունում ենք որպես մեր ընկեր մեր կյանքի «նավակի» մեջ: Բայց ցավոք սխալվում ենք՝ ավելորդ ծանրաբեռնելով մեր նավակը սխալ ընկերակցությամբ:

Մի պահ հայացք դարձնե՛նք մեր նավակին և փորձե՛նք հասկանալ՝ արդյոք այն իր մեջ կրո՞ւմ է ինձ համար օգտակար մարդկանց: Մենք ունենք դասական մի լավ օրինակ Սուրբ Գրքից:
7 Եւ նշան էին անում միւս նաւի մէջ լինող ընկերներին, որ գան իրանց օգնեն. Եւ նորանք եկան, եւ երկու նաւը լցրին մինչեւ որ թաղվում էին։ (Ղուկաս 5:7)

Նավի վրա են Սիմոնը և իր ձկնորս ընկերները, որոնք ամբողջ գիշեր չարչարվել էին, բայց ապարդյուն: Եվ Հիսուսի մեկ խոսքը Սիմոնին ստիպեց, որ ուռկանը նորից ծովը գցի:
Եվ երբ ուռկանը քաշեցին, ի զարմանս բոլորի, ձկների բազմությունից ուռկանները պատռվում էին: Սիմոն Պետրոսը, տեսնելով այս, իր մոտ կանչեց իր ընկերներին, որոնք և օգնեցին նրան և լցրեցին նավը ձկներով, մինչև որ իրենք էլ թաղվելու վտանգի մեջ էին:

Այժմ մի քանի հարց, որոնք կօգնեն քեզ ճանաչել քո ընկերներին:

  1. Ունե՞ս ընկերներ:
  2. Երբ կանչես, վստա՞հ ես արդյոք, որ նրանք կգան, երբ իրենց կարիքն ունենաս:
  3. Արդյոք քո ընկերներն ունե՞ն նույն նպատակը, ինչ դու՝ վստահել Հիսուսի մեկ խոսքին և գործել քեզ հետ:
  4. Արդյոք քո ընկերները պատրա՞ստ են մինչ ի մահ քո կողքին լինել:

Այս հարցերի շարանը դեռ կարելի է երկար շարունակել, բայց այսքանն էլ բավական է, որ ոչ միայն գտնես այսպիսի ընկերներ, այլ նաև ինքդ լինես այդպիսի ընկեր, ում կարիքը այսօր ունի յուրաքանչյուրը:

Թող Աստված օրհնի քեզ: