Վճարիր անբանության վերացման համար
Մեր գյուղում կա մի տուն, որին մեկ մանկատուն են կոչում, մեկ որդեգրման տուն… Սակայն ոչ նրան, ոչ էլ մյուսին այն նման չէ, երեխաները ուղղակի թափառում են փողոցում… բայց խոսքս հիմա սրա մասին չէ: Նկատեցի ես նրանց մեջ մի ճարպիկ տղայի՝ պատանի էր արդեն: Մտածեցի՝ թեթև գործ առաջարկեմ, թող տղան գումար վաստակի, գոնե ամենաանհրաժեշտ իրերն իր համար գնի:
Իմ բակում ծաղիկներ էի մշակում և առաջարկեցի նրան օգնել ինձ՝ որոշակի գումարի դիմաց: Եկավ մեկ, երկու օր ու վերջ… հետո տեսա, որ խմիչքի հետ սեր ունեցող մեծահասակների հետ էր շփվում. երևի վաստակած փոքր գումարն էլ նրանց հետ էր ծախսել…
Դե ինչ, եթե չեն ուզում աշխատել, չեն էլ խնդրի աշխատել… չեմ դատում… բայց կարճ ժամանակ անց իմ դարպասների մոտ հայտնվեց մեկ այլ պատանի՝ էլի մեր գյուղից: Նա նույնպես 12-13 տարեկան էր:
– Խնձոր կգնե՞ք,- հարցնում էր:
– Այո:
– Որքա՞ն կվերցնեք:
– Օրական 5 դույլ, հյութ պատրաստելու համար ինձ այդքանը բավական է:
Ուրախ-ուրախ պատանին հեռացավ իր հեծանիվով: Այդ օրվանից սկսած՝ ամեն օր իմ շեմին մի պարկ խնձոր է հայտնվում: Իսկ իմ աջ ձեռքի ցուցամատի վրա մի մեծ կոշտուկ է առաջացել՝ դանակով այդքան խնձորը կտրատելու արդյունքում:
Մի քանի օր առաջ էլ իմ տան մոտ հայտնվեց մի երիտասարդ աղջնակ՝ նույն տարիքի:
– Խնձոր կգնե՞ք,- հարցնում էր:
– Այո,- պատասխանեցի ես:
– Իմ զամբյուղում տեղավորվում է մեկ ու կես դույլ խնձոր, ուրեմն ամեն երեկո ձեզ կբերեմ չորս զամբյուղ:
Հիմա ես արդեն իմ ձեռքն ամբողջությամբ փաթաթել եմ բինտով, որ ինչ-որ չափով մեղմեմ կոշտուկի ցավը: Դե, ինչո՞ւ խնձորները մնան փչանան:
Իսկ հիմա կարևորի մասին. խնձոր մեր գյուղում շատ կա, կան բազում լքված տներ, որոնց այգիներից կարող ես խնձոր հավաքել՝ որքան ուզես: Տատիկներն իրենք են խնդրում, որ գնաս իրենց այգիներից հավաքես տանես անվճար, քանի որ ափսոսում են բերքը: Բայց հնարավորություն տալ պատանուն աշխատել ու մի փոքր էլ վաստակել իր համար, դա, ասեմ ձեզ, շատ կարևոր բաներից ավելի կարևոր է: Վստահ եմ, որ եթե երեխան ժամանակին լուրջ հետաքրքրությամբ չի տարվում, կամ որևէ թեթև աշխատանքով չի զբաղվում, անխուսափելի է նրա համար անբանության համախտանիշը: Ինչպես իմ տատիկն էր ասում. հիմարությունով է տառապում: Նրան չեն հասկանում… Նեղացնում են… Առանց պատճառի պատժում են… Նյարդայնանում է… ու այս ամենին անվանում են մեկ բառով՝ անցումային տարիք:
Իսկ, ա՛յ, հրեաների երեխաների մոտ չկա անցումային տարիք ասվածը: Նրանց ընտանիքներում նման հասկացություն ընդհանրապես գոյություն չունի: Պատճառը շատ պարզ է. նրանք երեխային վաղ տարիքից ներգրավում են շատ լուրջ գործերի մեջ, լցնում նրա միտքը լուրջ նպատակներով, որին պետք է հասնել: Ահա և վերջ: Էլ ի՞նչ անցումային տարիքի խնդիրներ, ի՞նչ անբանություն, ի՞նչ նյարդայնանալ…
Իսկ մեր երեխաները քանի դեռ դպրոցում են, փոքրիկ են, հետո նրանք ուսանող են, որոնց պետք է օգնել (կերակրել, հագցնել, հոգ տանել), հետո նրանք համապատասխան աշխատանք չեն կարողանում գտնել, կամ էլ աշխատավարձն է շատ ցածր լինում: Հետո էլի ինչ-որ խնդիրներ… Էլ ինչո՞ւ նրանք, ասացեք խնդրեմ, չպետք է մեծանալով նստեն դրսում իրենց նմանների հետ՝ մի ձեռքում ծխախոտը, մյուսում՝ գարեջուրը, ու տրտնջան կյանքից:
Ես շատ ուրախ եմ այն տղայի ու աղջկա համար, ովքեր հեղեղում են իմ տունը խնձորներով: Գուցե տղան գումար է հավաքում՝ իր համար մի լավ սմարթֆոն գնելու, աղջիկը, գուցե, հավաքում է՝ մայրաքաղաք գնալու, զբոսնելու համար: Չգիտեմ: Մի բան գիտեմ, որ նրանց միտքը աշխատում է… Կյանքի հանդեպ ճիշտ վերաբերմունքի ծրագիրը բեռնվել է նրանց ուղեղներում. ճիշտ պատկերացումն այն մասին, թե ինչը ինչպես է ձեռքբերվում: Երբ մի քանի տարի հետո նրանց հասակակիցները գնան որևէ ԲՈՒՀ՝ ոչ թե սովորելու, այլ ժամանակ վատնելու, ծնողների փողերը քամուն տալու, նրանք արդեն կիմանան, թե ինչ են իրականում ուզում այս կյանքից և ինչպես հասնել դրան:
Դրա համար էլ ես պատրաստ եմ վճարել: Եվ ձեզ էլ խորհուրդ եմ տալիս: Վճարեք անբանության վերացման համար: Եվ թող երեխաները մեծանան ուժեղ, վստահ, ունակ կռանալու՝ որպեսզի բարձրացնեն, այլ ոչ թե նստելու, խմելու և տրտնջալու:
Սերգեյ Միրնիյ