Ռոքֆելլերի «նվերը»

Մի ձեռնարկատեր պարտքերի մեջ էր ընկել և արդեն չէր տեսնում այդ ծանր իրավիճակից դուրս գալու որևէ ելք: Ամեն կողմից նրան անհանգստացնում էին պարտքատերերը:

Եվ նա դուրս է գալիս այգի, որպեսզի մի փոքր ցրվի իր մտածմունքներից, բայց մտքերը նրան հանգիստ չեն տալիս:

Նա գլուխն առնում է ձեռքերի մեջ և խորասուզվում հաշվարկների խառնիճաղանջ աշխարհ: Հանկարծ նրա դիմաց հայտնվում է մի պապիկ.

– Ես տեսնում եմ, որ ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում,- ասում է նա,- չե՞ք կիսվի ինձ հետ:

Եվ ձեռնարկատերը պատմում է իր խնդիրների մասին, ֆինանսական նեղությունների մասին, և այն մասին, որ բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել, որ գոնե ինչ-որ կերպ պարտքերից դուրս գա:

Պապիկը լսում է առանց ընդհատելու, իսկ հետո ասում.

– Ես մտածում եմ, որ կարող եմ ձեզ օգնել:

Նա հարցնում է ձեռնարկատերի անունը, գրում այն մի անդորրագրի վրա, որտեղ գումարի նշման տեղում հստակ ընդգծված էր «500 000 դոլար»-ը, իսկ ներքևում, որտեղ նշվում է անդորրագիրը տրամադրողի անունը, գրված էր «Ջոն Ռոքֆելլեր»: Իսկ, ինչպես գիտենք, Ռոքֆելլերն աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկն է:

– Վերցրեք այս գումարը: Կհանդիպենք այս նույն տեղում ուղիղ մեկ տարի հետո այս օրը, և դուք այդ ժամանակ կարող եք դրանք հետ վերադարձնել:

Ձեռնարկատերը մինչ անդորրագրից բարձրացնում է իր զարմացած հայացքը, պապիկն արդեն տեսադաշտում չի երևում:

«Ես կարող եմ իմ բոլոր ֆինանսական խնդիրները միանգամից լուծել»,- մտածում է տղամարդը, բայց դրա փոխարեն նա որոշում է այդ անդորրագիրը պահել: Եվ միայն դրա գոյության մասին միտքն արդեն տալիս է նրան ուժ իր բիզնեսը պահպանելու և աճեցնելու տարբերակ գտնելու համար:

Նոր ոգևորությամբ ու լավատեսությամբ նա կնքում է շահավետ պայմանագրեր՝ գնալով ռիսկի, քանի որ պահարանում ուներ «ապահովություն»: Եվ շուտով նրան հաջողվում է մի քանի մեծ վաճառքներ անել:

Մի քանի ամսվա ընթացքում նա մարում է իր բոլոր պարտքերը և սկսում է նորից լավ վաստակել: Եվ մեկ տարի անց նա վերադառնում է այն նույն այգին՝ վերադարձնելու պապիկին «500 000 դոլար»-ի անդորրագիրը:

Ճիշտ ժամանակին պապիկը հայտնվում է: Տղամարդը պատրաստվում է արդեն նրան հանձնել անդորրագիրն ու պատմել իր հաջողությունների մասին, հանկարծ վազելով նրանց է մոտենում բուժքույրն ու քաշում պապիկի ձեռքից.

– Ես այնքան ուրախ եմ, որ վերջապես բռնեցի նրան,- բացականչում է բուժքույրը,- հուսով եմ՝ նա ձեզ չի անհանգստացրել: Նա հաճախ փախչում է տանից և պատմում է մարդկանց, իբր ինքը Ջոն Ռոքֆելլերն է:

Ձեռնարկատերը ապշած է մնում: Մի ամբողջ տարի նա ռիսկի էր դիմել՝ ֆինանսական մեծ ներդրումներով ու ծախսերով գործարքներ կնքել, այն համոզմամբ, որ եթե հանկարծ մի բան այն չլինի, այդ գումարով ամբողջ պարտքերը կփակի… և, փաստորեն, դրանք չեն էլ եղել…

Հանկարծ նա հասկանում է, որ ոչ թե այդ գումարները վերափոխեցին իր կյանքը, այլ իր նոր վստահությունն ու ոգևորությունը: Եվ այժմ նա ունի ավելին, քան կարող էր պատկերացնել: