Նորի նախաշեմին
Նոր տարվա օրերին մենք հաճախ ենք միմյանց ասում, թե հինն անցավ, հիմնականում նկատի ունենալով՝ հին ցավերը, անհաջողությունները, դժվարությունները, և ահա նորն է գալիս, իսկ նոր ասելով՝ միշտ պատկերացնում ենք հաջողություններ, բարօրություն, առողջություն, սեր, երջանկություն… և այլն: Մի խոսքով, մենք պատկերացնում ենք, որ ինչքան վատ բան կար՝ պետք է անցնի, և ինչքան լավ բան կա, դեռ պետք է գա: Եթե անգամ մենք այսքան լավատես չենք, ապա գոնե ներքին մի փոքրիկ հույս ունենում ենք ու համաձայնվում ենք ուրիշների հետ, ովքեր ասում ու հավատում են այդ խոսքերին:
Իսկ տարիներն անցնում են, ժամանակն առաջ է սլանում, և մի օր էլ հետադարձ հայացք ես նետում ու տեսնում, որ դեռ նույն տեղում դոփում ես:
Քրիստոսնյա՞ ես՝ քրիստոնյա ես, Սուրբ Գիրք կարդո՞ւմ ես՝ կարդում ես, աղոթո՞ւմ ես՝ աղոթում ես, եկեղեցի գնո՞ւմ ես՝ գնում ես. ուրեմն ի՞նչ խնդիր կա:
Սուրբ Գիրքը նույնպես ասում է. «Հներն անցան, ամեն բան նոր է» (Բ Կորնթացիս 5.17): Բայց չի ասում, թե այն ինչ անցավ՝ վատն էր, այն ինչ նոր է լինելու՝ միայն լավն է:
Հիսուսն ասաց, որ աշխարհում նեղություններ ունենալու ենք: Այնպես չէ, որ Նոր տարվա մեջ մենք էլ ոչ մի նեղություն չենք ունենալու, ոչ մի անհաջողություն չենք կրելու, առողջական ոչ մի խնդիր չենք ունենալու: Բայց նաև մեր Տերն ասաց, որ մենք կարող ենք քայլել հավատքից հավատք, հաղթանակից հաղթանակ, փառքից փառք:
Իսկ ինչի՞ն մենք պետք է հաղթենք, եթե չլինեն խնդիրներ, եթե չլինեն պայքարներ, ինչի՞ համար է մեզ հավատք պետք, եթե ամեն բան արդեն հրաշալի է, ինչի՞ համար պետք է Աստծո փառքը փայլի մեզ վրա: «… նրանց փառք տրվի մոխրի տեղ, ուրախության յուղ՝ սուգի տեղ, գովության պատմուճան՝ հանգած սրտի տեղ…» (Եսայի 61.3):
Թող այս նոր տարվա մեջ իսկապես անցնի հինը՝ մեր հին մտածելակերպը, մեր մարդկային մոտեցումը կյանքի խնդիրներին ու նեղություններին, և թող նորոգվի մեր միտքը՝ նոր միտք ունենանք, նոր լինի մեր հայացքը, Աստծո աչքերով նայենք մեր կյանքերին, չէ՞ որ Աստված մեզ Քրիստոսի միտքն է տվել: Ու նաև Աստծո աչքերով նայենք մեր հին հաղթանակներին:
Եթե ուշադիր նայենք, կտեսնենք, որ բացի դժվարություններից, մենք նաև հաղթանակներ ենք ունեցել: Սակայն Աստծո աչքերով նայել՝ նշանակում է այդ հաղթանակներին նույնպես ասել հաջողություն, չբռնվել ու չկախվել դրանցից, քանի որ երբեմն հաղթանակները մեզ ավելի շատ են հետ մղում, քան անհաջողությունները:
Ինչպես այս տարի, այնպես էլ հաջորդ տարի մենք, իհարկե, կունենանք և խնդիրներ, և հաջողություններ, բայց կա մի սպասում, որն ամենակարևորն է. ունենալ մեր սրտերում Հիսուսին՝ բոլոր դեպքերում: Եթե հաղթելու ենք՝ Նրա համար ու Նրանով ենք հաղթելու, եթե անապատով ենք անցնելու՝ Նրա հետ ու հանուն Նրա ենք անցնելու:
Թող այս Նոր տարուն մենք նորովի նվիրվենք մեր Տիրոջը և նորովի նայենք մեր կյանքի ամեն մի վերապրումներին. թող Նա բացի մեր տեսողությունը, որպեսզի տեսնենք, որ տեղում չենք դոփում:
Գոհար Ավագյան
Աղբյուր՝ CrossNews.am