Կորցրած ակնոցը

Իմ մոր հայրը աշխատել է՝ որպես ատաղձագործ: Հատուկ օրերին նա արկղեր էր պատրաստում հագուստների համար, որոնք եկեղեցին ուղարկում էր Չինաստանում գտնվող մանկատներին:

Մի անգամ իր տան ճանապարհին նա վերնաշապիկի գրպանում փնտրեց ակնոցը, բայց չգտավ: Երբ մտովի վերհիշեց իր կատարած գործողությունները, հասկացավ, որ ակնոցն աննկատ սահել է գրպանից և ընկել արկղերից մեկի մեջ, որն ինքը մեխելով փակել էր: Եվ իր բոլորովին նոր ակնոցն ուղևորվում է Չինաստան:

Մեծ ճգնաժամն իր գագաթնակետին էր, պապիկը վեց երեխա ուներ և իսկապես նյարդայնանում էր նոր ակնոց գնելու մտքից: Երբ բորբոքված տուն էր գնում, Աստծուն ասում էր. «Սա անարդարացի է: Ես մշտապես հավատարիմ եմ եղել քո գործի մեջ: Իսկ հիմա՝ այս ի՞նչ պատահեց ինձ հետ»:

Ամիսներ անց մանկատան տնօրենը արձակուրդի ժամանակ Միացյալ Նահանգներում էր: Նա ցանկանում էր այցելել բոլոր եկեղեցիները, որոնք աջակցել էին իրենց Չինաստանում:

Մի կիրակի նա գալիս է խոսելու պապիկիս փոքրիկ եկեղեցում, որը գտնվում է Չիկագոյում: Միսիոներն իր խոսքը սկսում է շնորհակալություն հայտնելով բոլոր մարդկանց, ովքեր հավատարմորեն աջակցում էին մանկատանը: Հետո ասում.

– Բայց ամեն ինչից առավել ես պետք է շնորհակալություն հայտնեմ ձեր ուղարկած ակնոցի համար: Կոմունիստները մանկատանը ոչնչացրել էին ամեն ինչ, այդ թվում նաև իմ ակնոցը: Ես հուսահատված էի: Եթե նույնիսկ ես գումար ունենայի, ոչինչ չէր կարող փոխարինել այդ ակնոցին: Լավ չտեսնելու հետ մեկտեղ, ես նաև ամեն օր գլխացավեր էի ունենում: Դրա համար ես և իմ աշխատակիցները շատ էինք աղոթում: Այնուհետև ձեր արկղը տեղ հասավ: Երբ իմ աշխատակազմը բացեց այն, երկու վերմակների արանքում տեսան ակնոցը:

Միսիոները որոշ ժամանակ ընդհատում է իր խոսքը, հետո շարունակում.

– Ես փորձեցի ակնոցը, այնպիսի տպավորություն էր, որ այն հատուկ իմ պատվերով էր պատրաստվել:

Մարդիկ լսեցին, ուրախացան, բայց մտածեցին, որ միսիոները հավանաբար շփոթել է իրենց եկեղեցին մեկ ուրիշի հետ, որովհետև իրենց ցուցակում, որտեղ գրված էին իրերի անունները, ակնոց չկար: Միայն հետևում նստած շարքային ատաղձագործը, ում աչքերից հոսում էին արցունքներ, հասկացավ, որ Վարպետ Ատաղձագործն օգտագործել էր իրեն հրաշալի կերպով:

Հ.Գ. Գալիս են ժամանակներ, երբ մենք մեղադրում ենք Աստծուն՝ շնորհակալություն հայտնելու փոխարեն: Բայց մենք պետք է փորձենք հաճախ և անկախ իկրավիճակներից հայտնել Աստծուն շնորհակալություն: «Եվ իմ Աստվածը լրացնի ձեր ամեն կարոտությունն իր հարստության չափովը՝ փառքով Քրիստոս Հիսուսումը» (Փիլիպպեցիս 4.19):

Աղբյուր՝ «Սերմնացան» ամսագիր