Իրական մայրիկի ձայնը
– Ողջո՜ւյն: Խնդրո՛ւմ եմ, մի՛ կախի՛ր լսափողը:
– Ի՞նչ է հարկավոր: Ժամանակ չունեմ դատարկախոսություն լսելու, արագացրո՛ւ:
– Այսօր ես բժշկի մոտ էի…
– Եվ ի՞նչ:
– Հղիությունը հաստատվեց, արդեն 4-րդ ամիսն է:
– Իսկ ես ի՞նչ կարող եմ անել: Ինձ խնդիրներ պետք չեն, ազատվի՛ր նրանից:
– Ասացին արդեն ուշ է: Ի՞նչ անեմ…
– Մոռացի՛ր իմ հեռախոսահամարը:
– Ինչպե՞ս թե՝ մոռացի՛ր… դու ինձ լսո՞ւմ ես, ալո՜…
– Բաժանորդը գտնվում է…
3 ամիս անց…
– Բարև՛ փոքրի՛կ:
– Բարև, իսկ դու ո՞վ ես:
– Ես քո պահապան հրեշտակն եմ:
– Իսկ ումի՞ց ես դու ինձ պաշտպանելու: Չէ՞ որ ես այստեղ եմ, այստեղից ոչ մի տեղ չեմ գնա:
– Ինչպե՞ս ես քեզ զգում, դե ասա՛:
– Ես լավ եմ: Իսկ ահա մայրիկս ամեն օր լաց է լինում:
– Փոքրի՛կ, մի՛ մտահոգվիր, մեծահասակները միշտ ինչ-որ բանից դժգոհ են: Կարևորը դու ավելի շատ քնի՛ր, ուժ հավաքի՛ր, այդ ամենը դեռ քեզ շա՜տ են պետք գալու:
– Իսկ դու տեսե՞լ ես մայրիկիս: Ինչպիսի՞ն է նա:
– Իհա՛րկե, չէ՞ որ միշտ կողքիդ եմ: Մայրիկդ գեղեցիկ է և շատ երիտասարդ:
3 ամիս անց…
– Հրեշտա՛կ, դու այստե՞ղ ես:
– Իհա՛րկե, այստեղ եմ:
– Այսօր մի տեսակ մայրիկը շատ վատ է զգում իրեն: Ողջ օրը լաց է լինում և վիճում ինքն իր հետ:
– Իսկ դու ուշադրություն մի՛ դարձրու: Դեռ պատրաստ չե՞ս լույս աշխարհ գալու:
– Կարծես թե արդեն պատրաստ եմ, բայց շատ եմ վախենում: Իսկ եթե մայրիկն ավելի շատ բարկանա, երբ ինձ տեսնի…
– Ի՞նչ ես ասում, նա անպայման կուրախանա: Մի՞թե կարելի է չսիրել այսպիսի անուշ փոքրիկին, ինչպիսին դու ես:
– Հրեշտա՛կ, իսկ ինչպե՞ս է այնտեղ, ի՞նչ է կատարվում որովայնից դուրս…
– Այստեղ հիմա ձմեռ է: Շուրջբոլորը ամեն բան սպիտակ-սպիտա՜կ է և գեղեցիկ ձյան փաթիլներ են թափվում: Շուտով դու ինքդ ամեն բան կտեսնես:
– Հրեշտա՛կ, ես արդեն պատրաստ եմ տեսնելու այդ ամենը:
– Դե քեզ տեսնեմ, փոքրի՛կ, սպասում եմ:
– Հրեշտա՛կ, ես վախենում եմ և ցավոտ է…
Կանացի ձայն է լսվում՝
– Օ՜, որքան ցավոտ է: Օգնե՛ք խնդրում եմ, ինչ-որ մեկը… ինչպե՞ս կարող եմ ինչ-որ բան անել միայնակ, օգնե՛ք…
Փոքրիկը ծնվում է շատ արագ, առանց կողմնակի միջամտության: Հավանաբար նա շատ էր վախենում ցավեցնել մայրիկին:
Օրեր անց… երեկոյան քաղաքի ծայրամասում՝ բնակելի թաղամասի մոտակայքում…
– Որդի՛ս, մի՛ նեղացիր ինձնից: Հիմա այնպիսի ժամանակներ են, իսկ ես այնքա՜ն միայնակ եմ: Ո՞ւր կգնամ քեզ հետ: Ամբողջ կյանքս դեռ առջևում է: Իսկ քեզ համար միևնույն է, դու պարզապես կքնես և վերջ…
– Հրեշտա՛կ, իսկ ո՞ւր գնաց մայրիկս:
– Չգիտեմ, մի՛ անհանգստացիր, նա հիմա կվերադառնա:
– Հրեշտա՛կ, իսկ ինչո՞ւ է քո ձայնն այդպիսին: Դու ի՞նչ է, լա՞ց ես լինում: Հրեշտա՛կ, շտապեցրո՛ւ մայրիկին, խնդրո՛ւմ եմ, այստեղ շա՜տ ցուրտ է, ես մրսում եմ…
– Ո՛չ, փոքրի՛կ, ես չեմ լացում, պարզապես քեզ այդպես թվաց: Ես հիմա նրան կբերեմ: Միայն թե դու մի՛ քնիր, լա՛ց եղի՛ր, որքան կարող ես բարձր:
– Ո՛չ, հրեշտա՛կ, ես լաց չեմ լինի, մայրիկն ասաց, որ պետք է քնեմ:
Այդ պահին մոտակա բարձրահարկ շենքի բնակարաններից մեկում ամուսիններ են վիճում.
– Ես քեզ չեմ հասկանում, ո՞ւր ես պատրաստվում գնալ: Փողոցում արդեն մութ է: Դու անտանելի ես դարձել այդ հիվանդանոցից հետո: Սիրելի՛ս, մենք միակը չենք, հազարավոր զույգեր կան, որ անպտղության խնդիր ունեն: Չէ՞ որ ինչ-որ կերպ նրանք կարողանում են շարունակել ապրել:
– Ես խնդրո՛ւմ եմ քեզ, խնդրո՛ւմ եմ, հագնվի՛ր և ե՛կ ինձ հետ:
– Ո՞ւր…
– Չգիտեմ՝ ուր: Պարզապես զգում եմ, որ պետք է ինչ-որ տեղ գնամ: Հավատա՛ ինձ, խնդրո՛ւմ եմ:
– Լա՛վ, սա վերջին անգամ է: Լսո՞ւմ ես, վերջին անգամ է, որ քեզ հետ գալիս եմ:
Շենքի մուտքից մի զույգ է դուրս գալիս: Առջևից արագ քայլերով գնում է կինը, իսկ հետևից՝ ամուսինը:
– Սիրելի՛ս, այնպիսի տպավորություն է, կարծես գնում ես նախօրոք ընտրած երթուղով:
– Դու չես հավատա, բայց կարծես ինչ-որ մեկը ձեռքիցս բռնած տանում է:
– Դու ինձ վախեցնում ես: Խոստացի՛ր, որ վաղը ողջ օրը կմնաս անկողնում: Ես կզանգահարեմ քո բժշկին:
– Սո՛ւս… լսո՞ւմ ես, ինչ-որ մեկը լալիս է:
– Այո՛, այն կողմից երեխայի լացի ձայն է գալիս:
– Փոքրի՛կ, ավելի բարձր լացի՛ր: Քո մայրը մոլորվել է, բայց շուտով կգտնի քեզ:
– Հրեշտա՛կ, իսկ որտե՞ղ էիր դու: Ես կանչում էի քեզ, այնքա՜ն եմ մրսում, ցո՜ւրտ է…
– Ես գնացել էի քո մայրիկի հետևից: Նա արդեն այստեղ է:
– Օ՜, Աստվա՛ծ իմ, սա իսկապես երեխա է: Նա ամբողջությամբ սառել է, արա՛գ, շո՛ւտ տուն ենք գնում… Սիրելի՛ս, Աստված մեզ փոքրիկ ուղարկեց…
– Հրեշտա՛կ, իմ մայրիկի ձայնը փոխվե՞լ է:
– Ո՛չ, փոքրի՛կ, սա իրական ձայնն է քո մայրիկի…