Այս պատմությունները կլցնեն ձեր սիրտը հույսով և ուրախությամբ…
Մի քանի տարի առաջ ես քայլում էի փողոցով: Հանկարծ ոտքս ինչ-որ բանի դիպավ, և ես ընկա: Այդ պահին պատահաբար հրեցի նաև մի աղջկա, ում ձեռքի բոլոր իրերը վայր ընկան:
— Դու ի՞նչ է՝ կո՞ւյր ես,- նյարդայնացած ասաց նա:
— Այո՛,- պատասխանեցի ես:
Հենց այդպես էլ մենք ծանոթացանք: Շուտով նա իմ կինը կդառնա. մենք արդեն հարսանիքի օրը նշանակել ենք:
Ես երբեք չեմ տեսել նրա դեմքը և երբեք էլ չեմ տեսնի, բայց հաստատ գիտեմ, որ նա աշխարհի ամենագեղեցիկ աղջիկն է:
***
Երեկ հայրիկս աշխատանքից վերադառնալով՝ անսպասելիորեն մայրիկիս կարմիր վարդերի մի փունջ նվիրեց: Մայրս հարցրեց, թե ի՞նչ առիթով է:
— Այսօր աշխատավայրում բոլոր գործընկերներս բողոքում էին իրենց կանանցից, և ես հասկացա, թե որքան երջանիկ եմ ես, որ 35 տարի միասին ապրելուց հետո չկա մի բան, ինչից կարող եմ բողոքել,- ասաց հայրիկս:
Իմ ծնողների սերը ինձ հույս է պարգևում:
***
Ես միշտ խուտուտ էի տալիս իմ քրոջ ոտքերը, երբ նրան արթնացնում էի: Սակայն դա ոչ մի կերպ չէր օգնում, և նա, միևնույնն է, իմ ձայնից էր արթնանում, քանի որ գոտկատեղից ներքև ոչինչ չէր զգում: Նա հաշմանդամ էր: Բայց վերջերս, երբ ես, իմ սովորության համաձայն, էլի խուտուտ էի տալիս նրան, հանկարծ նա արթնացավ ու սկսեց բարձր ծիծաղել: Նա վեր կացավ ու սկսեց լացել, որովհետև զգացել էր ամեն բան:
Այժմ նա կարողանում է քայլել: Ես սիրում եմ քեզ, քույրի՛կս:
***
Պատերազմի ժամանակ պայթյունից իմ և իմ ընկերների դեմքերը սպիներով էին պատվել: Նրանցից շատերի կանայք հետո դժգոհում էին այդ սպիներից, ոմանք նույնիսկ ստիպեցին իրենց ամուսիններին գնալ պլաստիկ վիրահատության:
Իսկ իմ կինը ամեն անգամ համբուրում է դեմքիս ամեն մի սպին ու շնորհակալություն հայտնում Աստծուն՝ իմ կենդանի մնալու համար: Իմ կնոջ սերը լցնում է ինձ հույսով:
***
Ես աշխատում եմ վերակենդանացման բաժանմունքում: Եվ նկատել էի, որ մի տարեց տղամարդ արդեն երրորդ օրը գիշերն անցկացնում էր՝ միջանցքի նստարանին ննջելով:
Պարզվեց, որ նրա կինը մեր բաժանմունքի հիվանդներից էր: Իսկ այնտեղ այցելություններ չեն թույլատրվում: Երբ ես հարցրեցի այդ տղամարդուն, թե ինչու չի գնում տանը գիշերելու, նա պատասխանեց. «Մենք արդեն երկար ժամանակ է՝ ամուսնացած ենք: Եվ իմ կինը միշտ ինձ ասում է, որ չի կարողանում քնել, երբ ես կողքին չեմ»: Նման սերը ինձ հույսով է լցնում:
***
Երբ եղբայրս մանկապարտեզ էր գնում, ամեն օր տանը պատմում էր այնտեղի իր ընկերոջ՝ Ջերեմիի մասին, թե որքան լավն է նա: Եվ երբ վերջապես մենք Ջերեմիի հետ հանդիպեցինք, տեսանք, որ նա հաշմանդամի սայլակի վրա է: Տուն վերադառնալիս հարցրեցի, թե եղբայրս ինչո՞ւ այսքան ժամանակ մեզ չէր ասել, որ իր ընկերը հաշմանդամ է: Եվ նա պարզապես պատասխանեց. «Որովհետև դա կարևոր չէ»:
***
Մի կին հղի էր չորրորդ երեխայով: Բժիշկները նրան համոզում էին արհեստական վիժեցում անել, այլապես նա կմահանար ծննդաբերության ժամանակ: Բայց այդ կինը պատասխանում է, որ ավելի լավ է ինքը մահանա, քան թե սպանի իր զավակին:
Այժմ ես 15 տարեկան եմ: Եվ ամեն անգամ հիշելով մայրիկիս քայլի մասին, արտասվում եմ:
Մայրի՛կ, քո սերը իմ սիրտն ամեն անգամ հույսով է լցնում:
Աղբյուր՝ CrossNews.am