Զգո՛ւյշ պաշտպանությունդ վտանգված է

Հայաստանը քրիստոնեություն ընդունեց 301 թ-ին, և մինչ օրս մենք հպարտանում և ուրախանում ենք մեր կրոնով, մեր ու մեր պապերի հավատքով, մեր երկիր այցելած հյուրերին նախ և առաջ ցույց ենք տալիս մեր հսկայական ժառանգություն եկեղեցիներն ու վանքերը: Սիրում ենք մեր երկիրը, մեր մշակույթը, մեր կրոնը, սիրում ենք ու հպարտանում:
Սակայն քրիստոնեական հավատալիքների հետ միասին մեր մշակույթ են ներխուժել նաև սնոտիապաշտական երևույթներ, որոնց չպետք է հավատալ…

 

  • Այսօր շատ-շատերն են հավատում աչքի ուլունքին:
    Ի՞նչ է իրենից ներկայացնում աչքի ուլունքը, խաղալի՞ք, զա՞րդ, թե՞ թալիսման, որ իբրև թե պիտի պահի մեզ «չար աչքից»: Պատահական չէ, որ այն տարածված է հատկապես մուսուլմանների մեջ և կոչվում է նաև «սատանայի աչք»: Ինչպե՞ս կարող է «սատանայի աչքը» պահել մեզ հենց նույն չար աչքից: Մարդիկ աչքի ուլունք են փակցնում իրենց տներում, իրենց մեքենաների մեջ, իրենց նորածին բալիկների վրա՝ չհասկանալով, որ դրանով իրենց ու իրենց երեխաների վրայից հեռացնում են Աստծո օրհնությունները:
    ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՍ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ: ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ ԱՍՈՒՄ է՝
    «Եթե Տերը չպահի տունը, զուր են պահապանները» (Սաղմոս 127:1)
  • Շատերն իրենց դռներից կախում են ձիու նալ:
    Ի՞նչ է իրենից ներկայացնում ձիու նալը: Մարդու ձեռքով պատրաստված երկաթե իր, որ ունակ է ժանգոտվելու, քայքայվելու, կոտրվելու ու վնասվելու:
    Այդ դեպքում մի իր, որ ինքն իրեն չի կարող պահել, ինչպե՞ս կարող է զորություն ունենալ ինձ և քեզ համար, ինչպե՞ս կարող է օրհնություն բերել:
    ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՍ ՀԱՋՈՂՈՒԹՅՈ՞ՒՆ: ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ ԱՍՈՒՍ է՝
    «Ատում եմ նրանց, որ կուռքեր են պաշտում: Բայց ես Տիրոջն եմ հուսացած» (Սաղմոս 31:6):
    «Օրհնյալ լինի այն մարդը, որ Տիրոջն է ապավինում և Տերն է նրա հույսը» (Երեմիա 17:7):
  • Տանը կամ մեքենայի մեջ փուշ են դնում:
    Փուշն Աստվածաշնչում համարվում է անեծքի խորհրդանիշ: Երբ Ադամն ու Եվան մեղք գործեցին, Աստված ասաց. «Թող երկիրը փուշ և տատասկ բուսցնի»: Իսկ մենք՝ քրիստոնյա հայերս, անեծքի խորհրդանիշը բերում ենք մեր տուն ու պահում՝ հուսալով, թե այն մեզ համար օրհնության պիտի վերածվի:
    ՈՒԶՈՒՄ ԵՍ ԱՆԵԾՔԻՑ ՊԱՇՏՊԱՆՎԱ՞Ծ ԼԻՆԵԼ: ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ ԱՍՈՒՄ Է՝
    «Տերը ես եմ, ես եմ, և Ինձանից բացի ուրիշ Փրկիչ չկա» (Եսայի 43:11):
  • Շատ երիտասարդներ ու պատանիներ իրենց օրը սկսում են աստղագուշակությամբ:
    Ցավալի է, երբ մեր էլեկտրոնային ու տպագիր մամուլը ողողված է աստղագուշակություններով, որոնք երբեմն որպես խաղ, երբեմն որպես զվարճալի զբաղմունք, հրամցվում են մեզ իբրև ճշմարտություն և իրականություն: Եթե աշխարհի 7,3 մլրդ բնակչությունը բաժանենք 12 աստղակերպերի մեջ, կստացվի, որ աստղերը միևնույն բանն են հուշում ավելի քան 600 միլիոն մարդու՝ առանց հաշվի առնելու նրանց տարիքը, սեռը, երկիրը, աշխատանքը… Ու մարդիկ հավատում են այդ ամենին, ըստ դրա կառուցում իրենց օրն ու զբաղմունքները:
    ԱԿՆԿԱԼՈՒՄ ԵՍ ԿՅԱՆՔԻ ՃԻՇՏ ԸՆԹԱ՞ՑՔ: ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ ԱՍՈՒՄ է՝
    «Քանզի ձեզ համար ծրագիրս գիտեմ, ասում է Տերը, ծրագիր՝ բարօրության և ոչ չարիքի, ձեզ ապագա և հույս տալու» (Երեմիա 29:11):
    Աստված միակն է, որ կարող է պատասխանել ապագայի վերաբերյալ քո հարցերին: Հարցրո՛ւ արարիչ Աստծուն, ոչ թե ստեղծված և անշունչ աստղերին…
  • Այսօր որքա՜ն շատ են գուշակներին դիմողները:
    Ցավալի է քրիստոնյա երկրում տեսնել, թե ինչպես է գովազդվում գուշակությունն ու կախարդությունը, ցավալի է տեսնել, թե ինչպես բազում պատանիներ ու երիտասարդներ, հավատալով կեղծիքին ու ստին, գնում են գուշակների մոտ, խնդրում գուշակել իրենց ապագան, ցավալի է, երբ կախարդությունն արդեն գովազդվում է հեռուստացույցով ու մատուցվում հանրությանը որպես ժամանց:
    «Ձեր մեջ չգտնվի իր տղային կամ աղջկան կրակից անցկացնող, դյութություն դյութող, գուշակող և հմայող կամ հավահարց, նաև կախարդ, կամ վհուկ, կամ նշանագետ, կամ մեռելահարցուկ: Որովհետև բոլոր այս բաներն անողը Աստծո առաջ գարշելի է…» (Բ Օրինաց 18:10-12):
    ՈՒԶՈՒՄ ԵՍ ԻՄԱՆԱԼ ԱՊԱԳԱ՞Ն: ԱՍՏԾՈ ԽՈՍՔՆ ԱՍՈՒՄ Է՝
    «…Ապագայ բաներն ինձնից հարցրեք… Ես եմ շինել երկիրը և մարդուն նրա վրա ստեղծել, իմ ձեռքերն են տարածել երկինքը…» (Եսայի 45:11-12):

Ո՛չ, սա հարիր չէ քրիստոնյա ազգին… Երբեք չհավատաս, թե որևէ գուշակ կամ կախարդ կարող է օրհնության պատճառ լինել, բժշկել քեզ կամ էլ երջանկացնել…
Ո՛չ: Հստակ որոշում կայացրու. Այլևս երբեք չայցելել ու չդիմել որևէ կախարդի կամ գուշակի՝ անկախ նրա գուշակության «մեթոդից», որովհետև դա զզվելի է Աստծո առաջ և մեղք, և, այցելելով որևէ գուշակի, մենք թույլ ենք տալիս, որ անեծքը ներխուժի մեր տուն…
Նման հավատալիքները, ցավոք, շատ են… սուրճի բաժակ նայել, գուշակի մոտ գնալ, կրակի վրայով թռչել… Այս շարքը կարելի է դեռ երկա՜ր շարունակել:
Իսկ Աստվա՞ծ… Նման սնոտիապաշտական անհիմն հավատալիքներին հավատք ընծայում ենք, իսկ Աստծո համար երբեմն ժամանակ, ցավոք սրտի, չի լինում, մինչդեռ Աստվածաշնչում Հիսուսն ասում է՝ «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը» (Հովհաննես 14:6):
Ավելի լավ չէ՞ այսքան սին ու դատարկ հավատալիքների փոխարեն հավատալ կենդանի Աստծուն…
Ուզո՞ւմ ես գտնվել ճիշտ ուղու վրա, ուզո՞ւմ ես գնալ այն ճանապարհով, որ կործանման չի տանում, ուրեմն դու Հիսուս Քրիստոսի կարիքն ունես:
Կարևոր որոշումնե՞ր պիտի կայացնես, ճշմարտության կարի՞քն ունես, վախենո՞ւմ ես սխալվելուց, ուրեմն դու Հիսուս Քրիստոսի կարիքն ունես:
Եվ վերջապես, ուզո՞ւմ ես վայելել այն կյանքը, որի համար դու ստեղծված ես, ուզո՞ւմ ես արժանանալ հավիտենական կյանքին, որ խոստացված է Աստվածաշնչում, ուրեմն՝ դու դարձյալ Հիսուս Քրիստոսի կարիքն ունես:
Նայի՛ր մի պահ քո շուրջը, տես՝ որքա՜ն է չարացել այսօր աշխարհը. սպանություններ, հանցագործություններ, գողություն, պղծություն ու անառակություն, ստություն, խաբեություն, կեղծիք ու չարություն, հայհոյություն, հպարտություն, բամբասանք ու անեծք… մարդն օր օրի կորցնում է իր բարոյական կերպարը, չափանիշները: Հասել ենք դարաշրջանի, երբ ապականվում է անգամ մարդը՝ փոխելով իր սեռը…
«Որովհետև ամենքը մեղք գործեցին ու Աստծո փառքից պակասեցին» (Հռոմեացիս 3:23):
Աստվածաշունչն ասում է, որ բոլո՛րը մեղք գործեցին. ես և դու ծնվել ենք մեղքով և շարունակում ենք ապրել այդպես՝ անգամ եթե զգուշանում ենք մեծ ու երևացող մեղքերից…
Ի՞նչ է լինում, երբ մենք շարունակում ենք ապրել մեղավոր կյանքով. «Մեղքի վարձքը մահ է…» (Հռոմեացիս 6:23), ասում է Աստվածաշունչը: Նայի՛ր մի պահ քո կյանքին, այսօր այնքա՜ն հեռու ենք Աստծուց, այնքա՜ն մեղքեր ու վատ սովորություններ են բույն դրել մեր սրտի մեջ, և դրանք հաճախ գողանում են մեր ու մեր ընտանիքի խաղաղությունն ու հանգստությունը… ու մենք շարունակում ենք ապրել Աստծուց հեռացած, որը և հոգևոր մահն է… Եվ հենց այսօրվա մեր ապրած օրն էլ որոշում է, թե որտեղ կանցկացնենք մեր հավիտենությունը՝ Երկնային արքայությունո՞ւմ, թե՞ դժոխքում…
ԲԱՅՑ ԻՆՁ ԵՎ ՔԵԶ ՀԱՄԱՐ ՀՈ՛ՒՅՍ ԿԱ:
«Աստված այնպես սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որ ով որ Նրան հավատա, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա» (Հովհաննես 3:16):
Եթե միայն մի պահ գիտակցեիր, թե որքա՜ն շատ է Աստված քեզ սիրում, որքա՜ն թանկ ես դու Նրա համար…
«Բայց ովքեր որ Նրան ընդունեցին, իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու, նրանց, որ հավատում են Նրա անունին» (Հովհաննես 1:12):
Աստված ուզում է ոչ միայն քեզ ազատել մեղքի գերությունից, օրհնել քո կյանքն ու ընտանիքը, այլև ուզում է, որ լինես Իր զավակը…
Ուզո՞ւմ ես վայելել Աստծո սերն ու ապրել մեղքի գերությունից ազատ, ուզո՞ւմ ես վերականգնել ընտանեկան խաղաղությունն ու անդորրը, ուզո՞ւմ ես լինել Նրա՝ ամենակարող Աստծո պահպանության և օրհնության ներքո. քեզ պետք է պարզապես ընդունել Հիսուս Քրիստոսին որպես անձնական Տեր ու Փրկիչ: Աստվածաշունչն ասում է. «Որովհետև եթե բերանովդ Հիսուսին Տեր դավանես և սրտումդ հավատաս, թե Աստված հարություն տվեց նրան մեռելներից, կապրես» (Հռոմեացիս 10:9):
Եթե ուզում ես փոխել կյանքիդ ընթացքը, աղոթիր Աստծուն.
«Սիրելի՛ Աստված, ես հավատում եմ, որ Քո Որդին՝ Հիսուս Քրիստոսը, խաչվեց իմ մեղքերի փոխարեն: Ես հասկանում եմ, որ մինչ օրս ապրել եմ Քեզնից հեռու, բայց այսօր ուզում եմ փոխել կյանքիս ընթացքը…
Հիսո՛ւս, ներիր իմ մեղքերը, ներիր ինձ՝ մեղավորիս, ու արի իմ կյանքի մեջ: Նաև ներիր, որ այսքա՜ն ժամանակ Քեզ թողած՝ ապավինել եմ այլ բաների: Շնորհակալ եմ, որ Քո կյանքը տվել ես իմ փոխարեն, շնորհակալ եմ, որ լսեցիր աղոթքս: Օգնիր, որ կարողանամ հավատարիմ զավակ լինել քեզ ամեն ժամանակ: Ամեն»:
Ամեն օր Աստվածաշունչ կարդա, աղոթիր, գտիր ուղղադավան եկեղեցի, որտեղ քարոզում են սուրբ Երրորդություն և փորձիր մասնակցել ժողովների: Աստված օրհնելու է քեզ ու քո տունը…

Աղբյուր՝ Mesia.ru