Ո՞վ է Նա, որ քայլում է քո կողքով

Սիրելի՛ բարեկամ, չնայած Քրիստոսի հետ կյանքն, անկասկած, խաղաղության, ուրախության ու հաղթանակների զորավոր մի ընթացք է, սակայն պատահական չէ, որ այդ ընթացքը նկարագրվում է որպես Նեղ Ճանապարհ։ Այն լի է նաև պայքարներով, դժվարություններով, փորձություններով ու զանազան հոգևոր ճակատամարտերով։

Սակայն քանի որ Քրիստոսի հանդեպ մեր կենդանի հավատքի շնորհիվ մենք Աստծու զավակներ ենք դարձել, ապա անսասան համոզմունք ունենք, որ Տեր Հիսուսը մեր բոլոր դժվարությունների մեջ ամեն օր ու ամեն ժամանակ մեր կողքին է և օգնում է մեզ Նեղ Ճանապարհի մեր դժվարին ընթացքի մեջ։

«Ես միշտ ներկա կլինեմ, ձեզ համար Աստված կլինեմ, և դուք կլինեք Իմ ժողովուրդը» (Ղևտացոց 26․12

Միայն պատկերացրու՝ այս տիեզերքի ամենազորեղ Անձը՝ ամենահզոր Պաշտպանը, լավագույն Բարեխոսը և անպարտելի Պատերազմողը քայլում է քեզ հետ և քո կողքով․․․

Եվ քանի որ Տեր Հիսուսը քեզ հետ է

Փոթորիկների ժամանակ քո սիրտը լցվում է անբնական խաղաղությամբ և ուրախությամբ,
Քո հոգին անվրդով է անգամ ամենամեծ ցնցումների ժամանակ,
Քո կյանքը չի սասանվում անգամ ամենաուժգին ցնցումների պահերին։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, շարունակի՛ր առաջ քայլել, եթե անգամ քեզ թվում է, որ ուժերդ ուր որ է կսպառվեն։ Շարունակի՛ր առաջ ընթանալ ու մնալ Նեղ Ճանապարհի վրա, եթե անգամ հոգնել ես, և կյանքդ լի է հիասթափություններով։ Հայացքդ քո կյանքի դժվարություններից կտրի՛ր և ուղղի՛ր այն քո դժվարությունների մեջ քո կողքով քայլող Տեր Հիսուսին։ Նա հավատարիմ է և մշտապես քեզ հետ է, քանի որ դու հավատում ես Նրան և որոշել ես ապրել Նրա աշակերտի կյանքով։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

Աղբյուր՝ Քո Հրաշքն Ամեն Օր