Լավատեսությունը լավագույն դեղամիջոցն է

Հիվանդությունները հաճախ տարածված երևույթ են մեզանում: Երբ հիվանդանում ենք, դիմում ենք բժշկի միջամտությանը, բայց շատ հաճախ էլ ոչինչ չենք ձեռնարկում` մտածելով, որ ինքն իրեն կանցնի (հայկական մտածողություն է): Ճիշտ է, մեր օրգանիզմը ինքնավերականգնման ունակություն ունի, բայց նրան մենք կարող ենք օգնել… լավատեսությամբ:

«Լավատեսորեն նայելով կյանքին` մենք կարող ենք, ինքներս էլ չնկատելով, հաղթահարել շատ հիվանդություններ»,- այսպիսի եզրակացության են հանգել մասնագետները` շատ երկրներում կատարած հետազոտությունների շնորհիվ:

Եթե ընտանիքում, օրինակ, հակվածություն կա սրտանոթային հիվանդությունների նկատմամբ, ապա լավատեսի մոտ այդ հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալու վտանգը երկու անգամ նվազում է: Ուրեմն՝ լավատեսությունն ամենալավ դեղամիջոցն է:

Իսկ ինչու՞ է լավատեսությունն ամրապնդում առողջությունը: Միգուցե այն պատճառով, որ լավատեսը ավելի քի՞չ է սթրեսների ենթարկվում: Չէ՞ որ ներզատական գեղձերի կողմից արտադրվող սթրեսային հորմոնները երկարատև սթրեսի ժամանակ քայքայում են օրգանիզմը` ազդելով առաջին հերթին սրտի վրա:

Իհարկե, լավատեսը այն մարդը չէ, ով պնդում է, թե ամեն ինչ հրաշալի է, երբ իրականում ամեն ինչ շատ վատ է: Իսկական լավատեսը կարողանում է ճիշտ գնահատել իրավիճակը, հավատում է, որ ճիշտ քայլեր ձեռնարկելով ու ակտիվ աշխատելով` շատ բան կարող է բարեփոխել: Եվ ահա բազմաթիվ մասնագետների հավաստմամբ` հենց այդ լավատեսի լավատեսությունն է, որ կարող է խթան դառնալ առողջության համար:

Իսկ հաջողությունը սիրում է լավատեսներին…

Մանկավարժ-հոգեբան Լիլիթ Ստեփանյան