Հովիվը տեսել էր սատանային
Ամեն բան պատրաստ էր հավաքույթը սկսելու համար, և բոլորն սպասում էին հովվի գալուն, բայց նա ուշանում էր: Հավաքույթը սկսելու ժամն անցել էր, սակայն հովվի օգնականը չէր սկսում: Անցավ որոշ ժամանակ, և նա որոշեց վերջապես սկսել ծառայությունը:
Սկսեցին երգել: Երգեցին: Ապա նորից երգեցին, էլի երգեցին, և այդպես շարունակ, սակայն հովիվը չկար: Քարոզիչներն արագորեն սկսեցին պատրաստվել քարոզի համար: Փառաբանությունն ավարտվեց, և հովվի օգնականը վեր կացավ, որպեսզի սկսի խոսքը: Հենց այդ պահին ներս մտավ հովիվը: Նա արագ մոտեցավ բեմին, օգնականի ձեռքից վերցրեց խոսափողը և, դիմելով եկեղեցուն, խնդրեց, որ հավաքույթը տեղափոխեն հաջորդ օրվան: Նա ասաց, որ հենց նոր ինքը տեսել է սատանային, որն իրեն երեք բառ է ասել: Հովիվն այնքան շփոթված էր, որ չէր կարող ծառայություն անել ու խնդրում էր հավաքվել հաջորդ օրը, որպեսզի ամեն ինչ պատմի: Բոլորը գնացին տուն՝ քննարկելով կատարվածը:
Հաջորդ օրը եկեղեցի էին եկել նույնիսկ նրանք, ովքեր վաղուց տարբեր պատճառներով չէին հաճախում: Այնքան ժողովուրդ էր հավաքվել, որ նույնիսկ մի ոտքի տեղ չկար: Մարդիկ կանգնած էին դռների արանքում. բոլորը ցանկանում էին լսել, թե ինչ է ասելու հովիվը: Բոլորը ցանկանում էին իմանալ, թե ինչ է ասել սատանան հովվին: Բոլորը ենթադրություններ էին անում և տարբերակներ առաջադրում: Հովիվն ուշանում էր: Բեմի վրա երգչախումբը երգում էր, իսկ սենյակում դեռ քննարկում էին, թե սատանան ինչ կարող է ասած լինել հովվին: Վերջապես եկավ հովիվը և, մարդկանց միջով անցնելով, մի կերպ մոտեցավ բեմին: Եկեղեցում քար լռություն տիրեց, բոլորը քարացած սպասում էին նրա խոսքին: Իսկ հովիվը կանգնած էր բեմի վրա և մի կերպ էր զսպում իր լացը: Նա նայեց հավաքվածներին և ասաց. «Խնդրում եմ նայե՛ք ձեզ, թե ինչպիսի հետաքրքրություն առաջացրին ձեր մեջ այն երեք խոսքերը, որոնք ասել է սատանան՝ ճշմարտությունը խեղաթյուրողը, ստախոսը: Ամեն հավաքույթի ժամանակ ես ձեզ հետ խոսել և ասել եմ Աստծու Խոսքը, որը ճշմարտությունն է, սակայն այսպիսի հետաքրքրություն դուք չեք ցուցաբերել: Իսկ չարը ինձ հարցրեց. «Ո՞վ է քո Աստվածը»: Ես նրան պատասխանեցի. «Հիսուս Քրիստոսը», և նա փախավ ինձնից՝ չհամարձակվելով մոտենալ ինձ: Իսկ Ո՞վ է ձեր Աստվածը»: Հովիվը շրջվեց և գնաց՝ եկեղեցուն թողնելով մտորումների մեջ:
Տեր Հիսուս տուր, որ եկեղեցի գնանք միմիայն Քեզ հետ հանդիպելու համար! Ամեն։