Որոշեցի անել մի բան, ինչը նախկինում երբեք չէի արել

Նախկինում ես աթեիստ էի: Շատ հպարտ էի դրա համար ու ձգտում էի ամեն կերպ մարդկանց ցույց տալ, որ իրենք հիմար են: Ես 14 տարեկան էի այդ ժամանակ և եթե կարողանայի վերադառնալ հիմա դեպի անցյալ, ուղղակի կհարվածեի ինձ՝ պատանուս, ու կասեի, որ դադարեմ վիրավորել մարդկանց, դադարեմ լինել այդքան հիմար:

Այժմ ես այդպիսին չեմ և մտածում եմ, որ մարդիկ ազատ են՝ հավատալու, կառուցելու իրենց կյանքը այնպես, ինչպես ցանկանում են:

Ի՞նչը ստիպեց ինձ փոխել իմ մտածելակերպը

Իմ քույրը 18 տարեկան էր, երբ ծնվեց նրա առաջնեկը՝ Օսկարը: Դա 7 շաբաթ առաջ էր: Անցյալ շաբաթ փոքրիկին հիվանդանոց էին տարել ուղեղի լուրջ հիվանդության կասկածով: Բժիշկներն ասել էին, որ հավանական է՝ երեխան կմահանա: Իմ քրոջից զանգ ստացա ու լսեցի, թե ինչքան կոտրված էր նա. դա սարսափելի էր: Եվ երբ նա անջատեց հեռախոսը, ես ուղղակի նստեցի ու լաց եղա, չէի կարողանում դադարել լացել: Եվ հանկարծ որոշեցի անել մի բան, ինչը նախկինում երբեք չէի արել. աղոթեցի:

Ես անկեղծորեն խնդրեցի օգնություն Աստծուց, քանի որ ինձ ահավոր մեղավոր էի զգում, որ փոքրիկ Օսկարին հաճախ չէի այցելել, հոգատարություն չէի դրսևորել նրա նկատմամբ: Խոստացա, որ եթե Նա օգնի փոքրիկին, ապա ես կփոխվեմ, ավելի հաճախ կայցելեմ քրոջս ու նրա երեխային ու կանեմ ամեն բան նրանց բարօրության համար: Ընդամենը կես ժամ անց ինձ նորից զանգահարեց քույրս ու ասաց, որ արյան փոխներարկումից հետո երեխան բացել է աչքերը ու առաջին անգամ նայել իր շուրջը: Ես չգիտեի՝ ինչ ասել:

Երեկ նրանց հիվանդանոցից դուրս գրեցին: Օսկարն օրեցօր ավելի լավ է զգում իրեն: Ես երբեք իմ կյանքում ոչինչի համար այդքան շնորհակալ չէի եղել, ուղղակի շնորհակալության նման զգացում երբեք չէի վերապրել:

Արդեն մեկ շաբաթ է անցել, բայց մինչև հիմա իմ ներսը լիքն է զգացմունքներով. ես այնքան ուրախ եմ, որ այն օրը համարձակվեցի անել այդ քայլը՝ դիմել Աստծուն: Եվ այնքան շնորհակալ եմ Նրան՝ պատասխանելու համար իմ պարզ աղոթքին, որի մեջ հավատքի չգիտեմ էլ քանի կաթիլ կար:

Մենք երբեք չգիտենք, թե ինչպես Աստված կպատասխանի մեր աղոթքներին, բայց մենք կարող ենք ակնկալել, որ նա կներգրավվի մեզ Իր գործողությունների ծրագրում: