Իսկ ինչպիսի՞ն է ձեր շրջապատը․ Ընկերների երեք տեսակ
Հետաքրքիրն այն է, որ որքան ավելի հասունանում ենք մենք, այնքան ավելի պարզ ենք գիտակցում, որ յուրաքանչյուր ընկերություն ունի տարբեր փուլեր, և որ ընկերներն էլ միատեսակ չեն լինում: Այդ ժամանակ արդեն շատ ավելի հեշտ է դառնում շփումը նրանցից յուրաքանչյուրի հետ: Մենք այլևս նույն խորությամբ չենք ընդունում ընկերների արարքները կամ պահվածքը, սովորում ենք անգամ նրանց թերություններին վերաբերվել ավելի թեթև ու մեծահոգաբար:
Հին ընկերներ
Այս խմբում ներառված են դպրոցական, համալսարանական, աշխատանքային ընկերները, ինչպես նաև նրանք, ում հետ ծանոթացել եք վաղ տարիքում տարբեր հանգամանքների բերումով: Ամենակարևորն այստեղ երկար ծանոթությունը, ընդհանուր անցյալը, հետաքրքիր հիշողությունները և անգամ վեճերն են:
Ցավոք շատ դեպքերում մենք հասկանում ենք, որ այս ընկերությունը վաղուց ավարտվել է, և մենք միայն սովորության համաձայն ենք պահպանում այդ հարաբերությունները: Պատճառն այն է, որ երկու կողմն էլ փոխվել են, չունեն ընդհանուր թեմաներ և արդեն շատ տարբեր կյանքերով են ապրում: Եթե ընկերությունը զրկվել է ամեն տեսակի իմաստից և ուրախությունից, ապա հարկավոր է հրաժեշտ տալ այդ ընկերներին: Չէ՞ որ տարիների ընթացքում դուք բազմաթիվ նոր ծանոթություններ եք ձեռք բերել, մարդիկ, ում հետ ուզում եք շփվել, սովորել նրանցից, բայց օրվա ժամերի քանակությունը նույնն է, և առաջ շարժվելու ու տեղում չդոփելու համար հարկավոր է դժվար, բայց կարևոր ընտրություն անել:Գիտակցեք նաև այն փաստը, որ հավանաբար ձեր ընկերն էլ գուցե նույն բանն է զգում: Եթե ոչ մի նոր բան չունեք իրար տալու, ապա ճիշտ կլինի, որ յուրաքանչյուրը շարունակի առաջ ընթանալ իր ճանապարհով: Անշուշտ, եթե վերը նկարագրված զգացողությունները դուք չունեք, ապա նշանակում է, որ դուք ընկերացել եք ոչ թե այն պատճառով, որ նույն դասարանում եք սովորել, այլ այն պատճառով, որ ձեզ իսկապես հետաքրքիր է միմյանց հետ: Այսպիսի ընկերությունը միանշանակ պետք է պահել և փայփայել:
Թեթև ընկերներ
Ընկերների այս տեսակը երկու խմբի է բաժանվում: Առաջին խմբի մեջ ընդգրկված են այն ընկերները, ում հետ դուք հաճույքով պահպանում եք հարաբերություններ, սակայն դրանք կրում են զուտ ժամանցային բնույթ: Այդ ընկերների հետ դուք չեք զրուցում լուրջ կամ անձնական թեմաների շուրջ, այլ պարզապես ուրախ ժամանակ եք անցկացնում միասին: Այս ընկերությունը առավելապես արտաքին ընկերություն է, ընկերություն՝ որոշակի հեռավորության վրա:
Երկրորդ խմբի մեջ մտնում են մարդիկ, ում դուք արդեն երկար տարիներ գիտեք, բայց հանդիպում եք տարվա մեջ մեկ-երկու անգամ: Դուք ունեք տարբեր կյանքեր, չեք խանգարում միմյանց, այլ հանդիպում եք միայն այն ժամանակ, երբ երկուսդ էլ իսկապես ուզում եք դա: Իրերի այսպիսի դրությունը դուր է գալիս երկու կողմին էլ, և ըստ էության որևէ բան փոխելու կարիք չկա: Հետաքրքիրն այն է, որ թեթև ընկերները ձեզնից երբեք չեն նեղանա, եթե նրանց քիչ ժամանակ հատկացնեք: Նրանց հետ կարելի է հանդիպում նշանակել անգամ կես տարի հետո, և դա միանգամայն բնական կլինի երկուսիդ համար էլ:
Ընկերներ աճի համար
Այս խումբն այն մարդիկ են, ում դուք մեծ ուրախությամբ պատկերացնում եք ձեր ապագայում: Նրանք ձեզ դուր են գալիս բազմաթիվ չափանիշներով և հիացնում են ձեզ իրենց մարդկային տեսակով: Երբ դուք մտածում եք այդ մարդկանց մասին, մի կարևոր միտք անպայման առկայծում է ձեր գլխում. «Ես ուզում եմ, որ այս մարդը լինի իմ կյանքում»: Այսպիսի մարդկանց դուք մեծ հաճույքով հրավիրում եք ձեր ծննդյան տարեդարձին կամ մեկ այլ իրադարձության, որը ձեզ համար կարևոր է: Այս ընկերների դեպքում կարևորը ոչ թե քանակն է, այլ որակը: Դուք նրանցով հպարտանում եք:
Այս մարդկանց հետ շփման վրա դուք ուզում եք և կարող եք ծախսել ժամանակ և էներգիա: Նրանք ձեզ հետաքրքիր են, որովհետև նրանք մարդիկ են, ում դուք եք ընտրել, այլ ոչ թե մարդիկ, ովքեր հայտնվել են ձեր կյանքում հանգամանքների բերումով: Ձեզ համար կարևոր է, թե ինչ են ասում նրանք, ինչպես են վերաբերվում այն ամենին, ինչ ասում կամ անում եք դուք: Դուք կարող եք տարբեր լինել, բայց այդ տարբերությունը երբեք կոնֆլիկտի պատճառ չի դառնա ձեր միջև: Այսպիսի ընկերները շատ չեն լինում: Եթե ձեզ թվում է, որ դուք ունեք 10 այդպիսի ընկեր, ապա, ամենայն հավանականությամբ սխալվում եք: Եթե ավելի լավ մտածեք, կպարզվի, որ նրանք, օրինակ, 3-ն են, իսկ մնացած 7-ը մյուս երկու խմբերին են պատկանում:
Անկախ ձեր ընկերների քանակից դուք պետք է շարունակեք շփվել մարդկանց հետ, նոր ծանոթություններ հաստատեք և ճանաչեք նոր մարդկանց: Ցանկացած մարդու ձևավորում են մարդիկ և գրքերը: Որքան շատ ոգեշնչող մարդիկ և գրքեր լինեն ձեր շրջապատում, այնքան ավելի լավ ու հետաքրքիր անհատականություն կձևավորեք դուք:
Ամերիկացի գրող Ջիմ Ռոնն ասել է.: Որքան ավելի խելացի, բարի, ստեղծագործ ու ձգտող լինեն այն մարդիկ, ում հետ դուք ընկերություն եք անում, այնքան ավելի լավը կդառնաք նաև դուք: Դա անխուսափելի է, քանի որ անգիտակցաբար կամ գիտակցաբար մենք փոխառում ենք մեզ մոտ մարդկանց կողմից հաճախ գործածվող բառերն ու արտահայտությունները, նրանց սովորությունները, պահվածքը, մտածելակերպը: Այնպես որ, ուշադրություն դարձրեք այն հանգամանքին, թե արդյոք ձեր շրջապատում կան ընկերներ աճի համար, և ծանոթանալով ու շփվելով նոր մարդկանց հետ՝ փոխառեք նրանցից միայն լավն ու դրականը:
Աղբյուր՝ http://internest.am/