Իսկ եթե ամեն օր Կանանց միջազգային օրը լինե՞ր․․․

Սիրելի՛ բարեկամ, այսօր Կանանց միջազգային օրն է, և առաջարկում եմ դադար առնել Աստծո որոշ անուններին վերաբերող մեր շարքից ու անդրադառնալ օրվա խորհրդին։

Աստվածաշունչն ասում է, «Սուտ է վայելչությունը, և ունայն՝ գեղեցկությունը. այն կինը, որ երկյուղում է Տիրոջից, կգովաբանվի»։ (‭‭Առակաց‬ ‭31․30‬‬)։

Այսօր ամբողջ աշխարհով մեկ կանանց պատվելու օրն է՝ Կանանց միջազգային օրը։ Լրատվամիջոցներում հատուկ հաղորդումներ ու համերգներ կլինեն նվիրված կանանց, կցուցադրվեն հարցազրույցներ ու ֆիլմեր։ Կանայք կարևոր դերակատարում ունեն ցանկացած միջավայրում և կարող են մեծ ազդեցություն ունենալ իրենց միջավայրի փոփոխության հարցում։

Եվ, հատկապես, այսօր ուզում եմ խոսքս ուղղել Տեր Հիսուս Քրիստոսի աշակերտ կանանց՝ Դուք մեծ փոփոխության գործիքներ եք Տեր Աստծո ձեռքին և շատ բան կարող եք անել ընտանիքների, եկեղեցիների և հասարակության առողջացման համար։ Դուք դա կարող եք անել․․․

  • Աղոթքի շնորհիվ։ Ես պետք է շեշտադրեմ այն փաստը, որ մեր աղոթքաժողովներին մասնակցողների մեծամասնությունը կանայք են։ Հավատում եմ, որ կանայք, այնպիսի մի սիրտ ունեն, որն առանձնահատուկ կերպով առաջնորդվում է կարեկցանքով, աղոթքով և բարեխոսությամբ։ Առաջարկում եմ այսօր միաբան աղոթել բոլոր այն կանանց համար, որոնք հալածվում են հանուն Տեր Հիսուսի հանդեպ ունեցած իրենց հավատքի, նրանց համար, ովքեր այնպիսի երկրներում են ապրում, որոնց մեջ արժեզրկված են կանանց իրավունքները և նաև այն կանանց համար, որոնք ապրում են ծանր կյանքով ու լռությամբ կրում են իրենց տառապանքը։
  • Ժպտալու շնորհիվ։ Նկատե՞լ եք, որ երբ լայն ժպիտով մեկն է սենյակ մտնում, ապա սենյակի մթնոլորտը միանգամից փոխվում է։ Չգիտեմ ինչու, բայց կանանց ժպիտը շատ ավելի գեղեցիկ ու ազդեցիկ է, քան տղամարդկանցը։ Սիրելի կանայք, օգտագործե՛ք այն ։-) Ժպտացե՛ք զայրացած հարևանին։ Ժպտացե՛ք երթուղային տաքսի նստելիս, ժպտացե՛ք մետրոյում, ժպտացե՛ք, երբ աշխատավայր եք մտնում։ Ժպտացե՛ք և կտեսնեք, թե ձեր ժպիտը որքա՜ն սրտեր է ջերմացնում։
  • Օրհնության խոսքերի շնորհիվ։ Ինչպես ժպիտի պարագայում, այնպես էլ խոսելու հարցում կանայք ու տղամարդիկ արմատական տարբերություններ ունեն։ Կանանց մեծամասնությունը շատ է սիրում խոսել։ Երբեմն այս զրույցների մեջ շատ է լինում տրտունջի ու բողոքի չափաբաժինը, ինչն, անշուշտ, ճիշտ չէ։ Հատկապես Քրիստոսի աշակերտ դարձած կանանց շուրթերը պետք է օրհնություն ու քաջալերանք բխող աղբյուրներ լինեն։ Օրհնելը դրական խոսքեր խոսելն է։ Օրհնեք ձեր ընտանիքը, ամուսնուն, երեխաներին, մտերիմներին ու երկիրը։ Դրական ու բարի խոսքեր ասեք բոլոր այն մարդկանց, ում հետ առնչություն եք ունենում օրվա ընթացքում։ Դուք կարող եք արդյունավետ կերպով օգտագոևծել խավարն ու գորշությունը ցրող այս զորավոր զենքը։ Կանանց մոտ դա առանձնահատուկ կերպով լավ է ստացվում։
  • Հոգատար ձեռքերի շնորհիվ։ Առակաց 31-րդ գլխում նկարագրվում է առաքինի կնոջ կերպարը։ Նա իր ձեռքերն օգտագործում է հոգատարության և խնամքի համար։ Նա օրհնություն է իր ամուսնու, ընտանիքի, քաղաքի ու նաև ողջ երկրի համար։ Քո ձեռքերը կարող են դառնալ ինչ-որ մեկին օգնություն ու խնամք փոխանցելու միջոց՝ նրա, ով դժվարանում է անցնել փողոցը, կամ մի ուժասպառ տատիկի, որ չի կարողանում տանել ծանր տոպրակը, կամ հացի խնդիր ունեցող մեկ ուրիշի, ով  կարիքի մեջ է…

Սիրելի կանայք՝ քույրեր ու մայրեր, այսօր քաջալերում եմ ձեզ ընդունել ձեր առաքելությունը Տեր Հիսուսի Քրիստոսից։ Աստված ձեզ ստեղծել է ձեր շրջապատում ազդեցություն թողնելու մեծ ունակությամբ։ Շտկի՛ր հարաբերություններդ Տեր Աստծո հետ, հնազանդվի՛ր Նրա Խոսքին ու կամքին, դարձի՛ր քո միջավայրը ծաղկեցնող մեկը։ Եվ թող ո՛չ մի մարտահրավեր, կյանքի հարված ու դժվարություն չկարողանա քեզ հետ պահել դրական փոփոխություն բերող կնոջ քո առաքելությունից։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, իսկ ինչպե՞ս կապրեիր, եթե ամեն օր Կանանց միջազգային օրը լիներ։ Եղի՛ր ուրախ։ Կանանց ուրախությունը ջերմացնում է մեզ շրջապատող աշխարհը։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n
Աղբյուր՝  hisus.am