Իմ անհավանական պատմությունը

Ամեն բան սկսվեց մի սովորական օր: Ես փոքր-ինչ թուլություն զգացի, ջերմությունս արագ բարձրացավ մինչև 39 աստիճան, և մեկ շաբաթ անց՝ սկսեցի շատ արագ նիհարել, ու ոչ մի դեղամիջոց չէր օգնում:
Այնուհետև հիվանդանոց, հետազոտություններ, անալիզներ և… բժիշների եզրահանգումը՝ «ուռուցք»:
Սկզբնական շրջանում դեռևս հայտնի չէր՝ բարորակ էր այն, թե՝ ոչ:
Ես ոչ մի կերպ չէի կարողանում հավատալ, որ նման բան ինձ հետ է պատահել՝ «Ես շուտով կմահանամ, իսկ ես դեռևս 35 տարեկան եմ, կին ու երեխաներ ունեմ»:
Նման վախ նախկինում ես երբեք չէի վերապրել, չնայած որ կյանքում հաճախ էի մահվան առաջ կանգնել:
Վերադարձա տուն, նստեցի բազմոցին ու սկսեցի լացել: Ինձ մոտեցավ մայրս, և հիշում եմ, թե ինչպես նա ինձ ասաց՝ «Տղա՛ս, ես ուզում եմ քեզ օգնել, բայց չգիտեմ, թե ինչպես»:
Մենակ մնալով՝ ես անդադար հարցեր էի տալիս՝ «Աստվա՛ծ, ինչո՞ւ դա պատահեց ինձ հետ: Ի՞նչի համար: Չէ՞ որ ես Աստվածաշունչ էի կարդում, աղոթում էի: Ինչո՞ւ պետք է ես մահանամ»։
Որպես հավատացյալ՝ գիտեի, որ ողջ կյանքս Աստծուց է կախված: Ձեռքս վերցրեցի Աստվածաշունչը և սկսեցի կարդալ այն: Եվ միայն այդ ժամանակ ես հասկացա, թե որքան մեղավոր եմ, այնքան, որ նույնիսկ իրավունք չունեմ այս երկրի վրա ապրելու:
Գիտակցելով դա՝ ես խնդրեցի. «Աստվա՛ծ, օգնի՛ր գիտակցել բոլոր մեղքերս: Օգնի՛ր ուղղել դրանք մինչև կյանքից հեռանալը, որպեսզի երբ կանգնեմ քո առաջ, մաքուր լինեմ»:
Հիշողությանս մեջ սկսեցին արտացոլվել դրվագներ ապրածս կյանքից: Հիշեցի, թե ինչպես եմ վիրավորել մի տարեց մարդու, անարդար եմ վարվել մարդկանց հետ,  ստել եմ…
Վերջին ուժերս ներդնելով՝ ես փորձում էի դրվագ առ դրվագ պահպանել այդ հիշողությունները: Ուժերս գնալով հատվում էին. 35 կիլոգրամ նիհարել էի, անգամ յոթ րոպե չէի կարողանում խոսել, մանկական ձայներն անտանելի էին ինձ համար, շատ դյուրագրգիռ էի դարձել:
Բայց հավաքում էի ուժերս, գտնում էի այն մարդկանց հեռախոսահամարները, ում ժամանակաին վիրավորել եմ և զանգահարում էի:
Ես նրանց ասում էի՝ «Ների՛ր ինձ խնդրում եմ, տարիներ առաջ ես վատ եմ վարվել քո հանդեպ», և բոլոր այն մարդիկ, ում ես զանգում էի, պատասխանում էին ինձ՝ «Ներում եմ քեզ, միայն թե ապրի՜ր»:
Եվ գիտեք՝ ես դրանից սկսում էի ինձ լավ զգալ: Զգում էի, թե ինչպես եմ ազատվում մի մեծ բեռից և, թե ինչպես է հոգիս թեթևանում: Ես հասկացա, որ պետք է պարզապես հասարակ բաներ անեմ: Չէ՞ որ Աստված մեզնից սպասում է հասարակ գործողություններ, քայլեր՝ ուղղված դեպի Իրեն: Եվ երբ մարդն այդ քայլն անում է հավատքով, Աստված հանդիպակաց քայլեր է անում…
Եվ բացի այդ՝ ես որոշեցի, որ խնդրելու եմ, որպեսզի մարդիկ աղոթեն ինձ համար: Ոչ մի կապ չուներ, թե այդ մարդիկ որ եկեղեցուն են պատկանում՝ ուղղափառ, կաթոլիկ, թե բողոքական… Ոչ մի տարբերություն չկար: Ես դիմում էի բոլոր նրանց, ովքեր կարդում էին Աստվածաշունչ, աղոթում էին Աստծուն և ովքեր գիտեին, ինչ է արել Հիսուս Քրիստոսը մարդկանց համար:
Եվ ինձ սկսեց զարմացնել այդ մարդկանց սերն ու անհանգստությունն իմ հանդեպ, որոնցից շատերին ես նույնիսկ չէի ճանաչում:
Բժիշկներն առաջարկեցին քիմիաթերապիա անցնել, բայց ես շատ էի վախենում, քանի որ գիտեի, որ մազերս կթափվեն ու ես ինձ վատ կզգամ:
Մեկ օր երեկոյան դուրս եկա փողոց: Ուշ աշուն էր, և երկինքը բաց ու աստղազարդ էր: Ես բարձրացրեցի աչքես դեպի վեր և սկսեցի Աստծո հետ խոսել այնպես, ինչպես ձեզ հետ եմ խոսում ու ասացի.  «Հա՛յր երկնային, իմ Տե՛ր և Արարի՛չ իմ, Դու գիտես իմ օրգանիզմի ամեն մի մասնիկը, Դու գիտես, թե ինչ է կատարվում ինձ հետ, բայց ես չգիտեմ՝ ինչպե՞ս վարվել. սպասե՞լ ինչ-որ բանի, թե՞ հանձնվել բժիշկների ձեռքը… Ես վախենում եմ: Ես չեմ ուզում, որ իմ երեխաներն անհայր մեծանան, քանի որ ինքս էլ առանց հայր եմ մեծացել: Խնդրում եմ՝ օգնի՜ր ինձ»:
Այդ գիշեր ես Աստծուն պատմեցի այն, ինչ կար սրտումս:
Այդ աղոթքից հետո ես գնացի քնելու, և… մի տեսիլք տեսա. «Ես հայտնվեցի ինչ-որ սենյակում: Այնտեղ կեղտոտ հատակ ու պատեր էին, և սենյակն ինքնին շատ մութ էր: Եվ հանկարծ լսում եմ, թե ինչպես է մեկը թակում դուռը:
Հիշում եմ, թե ինչպես վախեցա, և միանգամից բանալիով փակեցի այդ դուռը: Այդ պահին ես հստակ հասկանում էի, որ եթե ներս թողնեմ դուռը թակողին, ապա դա կլինի իմ վերջը: Սակայն դուռը բացվեց և ներս մտավ մի մարդ՝ երկար զգեստով. Հիսուսն էր:
Նա հարցրեց ինձ՝ «Ինչո՞ւ ես փակվել այստեղ: Չէ՞ որ Ես ցանկանում եմ օգնել քեզ»:
Ես ծնկի եկա նրա առջև ու ասացի՝ «Տե՛ր, ների՛ր, որ չէի վստահում քեզ»:
Եվ Նա պատասխանեց՝ «Վստահի՛ր բժիշկներին, նրանք քեզ չեն վնասի»»:
Այդ խոսքերից հետո ես գիտակցության եկա, և այլևս ոչնչից չէի վախենում:
Շուտով ես հայտնվեցի հիվանդանոցում, որից առաջ փախչում էի, և սկսեցի քիմաթերապիա ընդունել: Եվ հերթական թերապիաներից մեկի ժամանակ սիրտս կանգ առավ. ես տեսնում էի, թե ինչպես են ուռում իմ երակները, աչքերիս դեմ սկսեց սևանալ: Այդ պահին կանչեցի երեխաներիս և խնդրեցի աղոթել ինձ համար:
Նրանք երեքով կանգնեցին իմ անկողնու մոտ և սկսեցին բղավել՝ «Աստվա՛ծ, խնդրում ենք հայրիկին կենդանի թող», իսկ ես այդ պահին ասում էի՝ «Աստվա՛ծ, վերցրո՛ւ իմ հոգին, ես արդեն պատրաստ եմ»:
Այդ պահին ես նկատեցի, որ սենյակի ձախ մասից դեպի աջ կողմ մի ստվեր է շարժվում՝ մահվան ստվերը: Այն կամաց շարժվում էր ամբողջ սենյակով, բայց ես նկատեցի, թե ինչպես այն անցավ իմ կողքով և սենյակից դուրս եկավ պատուհանով:
Հենց դա պատահեց, ես սկսեցի ինձ ավելի լավ զգալ և սիրտս էլ սկսեց նորից բաբախել. հասկացա, որ կենդանի եմ մնացել:
Հաջորդ քիմիաթերապիայից հետո ինձ ևս մեկ անգամ հետազոտեցին, որից հետո թերապևտը ինձ կանչեց և ասաց՝ «Ձեր ուռուցքը փոքրացել է երկու անգամ, և անալիզի պատասխանները նույնպես դրական են: Բուժումը լավ է անդրադառնում ձեզ վրա»:
Իսկ ես ասացի՝ «Եթե միայն դուք իմանայիք, թե քանի եկեղեցի է աղոթում ինձ համար»:
Երբ դուրս եկա բժիշկի սենյակից, ուրախությունից սկսեցի լաց լինել այնպես, ինչպես երբեք կյանքում չէի լացել:
Քիմիաթերապիային հաջորդեց ճառագայթման թերապիան, որի ավարտից հետո բժիշկներն ասացին՝ «Ձեր ուռուցքն անհետացել է»:
Երբ մեքենաս ինքս վարելով հիվանդանոցից վերադառնում էի տուն, ես ոչ թե պարզապես աղոթում էի, այլ բղավում էի՝ «Տե՛ր, ի՞նչ կարող եմ Քեզ համար անել, որ Դու թույլ տվեցիր, որ շարունակեմ ապրել»:
Եվ պատասխանը եղավ, երբ արդեն տանն էի և Աստվածաշունչ էի կարդում: Այդ պահին ներքին մի բարձր ձայն ինձ ասաց՝ «Շուրթերի փառաբանություն բարձրացրու»:
«Իսկ ի՞նչ է դա»,- հարցրեցի ես,- «Պատմի՛ր մարդկանց իմ մասին: Ասա՛ նրանց, որ Ինձ համար ոչ մի անբուժելի հիվանդություն և ոչ մի անկարելի բան չկա: Միայն թե թող մարդիկ չհեռանան Ինձնից»,- պատասխանեց Ձայնը:
Այդ օրից ի վեր՝ ես մարդկանց պատմում եմ այս պատմությունը:
Վերապրելով նման փորձություն իմ կյանքում՝ ես հասկացա՝ ուռուցքաբանության բաժնում մարդիկ հայտնվում են երկու պատճառով. կա՛մ Աստված ցանկանում է փոխել նրանց կյանքը, կա՛մ էլ՝ նրանց պատրաստում է հավերժության համար:
Այսօր ես երջանիկ եմ, և ինձ զգում եմ որպես Աստծո կողմից բժշկված մի մարդ: Ուզում եմ շատ աշխատել, օգուտ տալ ինձ շրջապատողներին:
Ու բացի այդ՝ ես վստահ եմ, որ Նա կա, և ինչպես հազար տարի առաջ, այսօր էլ Նա բժշկում է հիվանդներին: