«Դու ինձ երկա՞ր ես սպասել, մայրի՛կ». զրույց 3-ամյա դստերս հետ

Ես ներկում էի կահույքը ավտոտնակում, իսկ իմ 3-ամյա դուստրը իմ կողքին կավիճներով նկարում էր բետոնե հատակի վրա: Հանկարծ նա ընդհատում է իր աշխատանքն ու ասում. «Ես ուրախ եմ, որ Աստված քեզ իմ մայրիկն է դարձրել»: Ես զարմացած էի, պատրաստ չէի դրան և հարցրեցի. «Ի՞նչ»: Այս անգամ նրա մոտ մի փոքր անհասկանալի արտահայտություն ստացվեց. «Ես ուրախ եմ, որ դու իմ մայրիկն ես Աստծուց»:

Աչքերս արցունքներով լցվեցին: Հետո մանկիկս սկսեց աղոթել. «Տե՛ր, շնորհակալ եմ Քեզ, որ Դու տվել ես ինձ իմ մայրիկին: Եվ շնորհակալ եմ (դրանից հետո չհասկացա, թե ինչ ասաց): Շնորհակալ եմ Քեզ այն բանի համար, որ նա ինձ համար նախաճաշեր է պատրաստում, և որ մենք այսօր պատրաստելու ենք դդումով թխվածքաբլիթներ: Հուսով եմ, որ նրանք լավ կստացվեն»:

Հետո նա բացեց իր աչուկները և շարունակեց նկարել:

«Ո՞վ է քեզ այս ամենը սովորեցրել»,- հարցրեցի ես՝ փորձելով կուլ տալ կոկորդիս կանգնած արցունքները: Նա ընդամենը երեք տարեկան է, և ես գաղափար անգամ չունեմ, որ նրա փորքրիկ սրտիկի մեջ կարող է այդչափ գոհություն կուտակվել: Սովորաբար մեր դուստրը երբեք չի ցանկանում բարձրաձայն աղոթել, անգամ երբ մենք նրան առաջարկում ենք: Զարմանալի է, որ նրա փոքրիկ սրտիկը կարող է իր մեջ տեղավորել ավելի շատ սեր, քան ես կարող էի պատկերացնել, իսկ նրա միտքը կարող է ընկալել այնպիսի հասկացություններ, ինչպիսիք են Աստված, սեր և գոհություն…

-Շնորհակա՜լ եմ, Շեյլա,- ասացի ես՝ ժպտալով:- Ես շատ ուրախ եմ, որ Աստված ինձ նման դստրիկ է ուղարկել:

Ես կգրկեի նրան, եթե իմ ձեռքերը թաթախված չլինեին սպիտակ ներկի մեջ: Մտածում էի, որ այդքանով մեր խոսակցությունը կավարտվի, բայց նա ևս մեկ հարց տվեց.

-Դու ինձ երկա՞ր ես սպասել, մայրի՛կ:

Ես պատմել էի նրան այդ պատմությունը հարյուրավոր անգամներ, բայց նա ցանկանում էր լսել այն նորից: Մոտեցա նրան.

-Այո՛, սիրելիս: Ես Աստծուն աղոթում էի, բայց նա երկար ժամանակ ինձ երեխա չէր տալիս: Իսկ հետո մի օր ես ու հայրիկդ իմացանք, որ դու իմ փորիկի մեջ ես, և շատ երջանիկ էինք:

-Իսկ դու գիտե՞ս, թե ինչու Աստված այդքան երկար ժամանակ քեզ երեխա չէր տալիս,- հարցրեց փոքրիկս:

-Չէ՛, արև՛ս, չգիտեմ,- զարմացած պատասխանեցի ես:

-Իսկ ես գիտեմ, թե ինչու,- ասաց նա,- որովհետև Նա ինձ էր պատրաստում:

Ես նայեցի նրա խորունկ կապույտ աչքերի մեջ, որոնք ինձ այնքա՜ն աներկրային էին թվում: Արևի շողերը անցնում էին նրա գանգուր խարտյաշ մազերի միջով: Այդ պահին ինձ թվաց, թե նա գիտի ամեն բան:

«Նա ինձ էր պատրաստում»,- այս պատասխանը բավարար էր: Իհարկե: Դրանում այնքան մեծ իմաստ կար: Նայելով նրան այդ պահին՝ ես հասկանում էի, որ այդ երեխան շատ երկար ժամանակ քնած էր Աստծո գրկում, ասես երկինքը չէր ցանկանում նրան երկիր ուղարկել:

Ես գրում եմ սա բոլոր նրանց համար, ովքեր արդեն շատ երկար ժամանակ աղոթում են երեխա ունենալու համար: Ես գրում եմ նրանց համար, ովքեր արդեն կորցրել են հույսը՝ երբևէ զավակներ ունենալու: Մի՛ հուսահատվեք, մի՛ բարկացեք Աստծո վրա: Նա լսում է ձեր աղոթքները: Գուցե Նա շարունակում է ձեր ապագան կերտել:

Ես չգիտեմ, թե ինչ կլինի ձեր ապագայում: Մեզ տրված չէ հասկանալ, թե ինչպես է ամեն բան կարգված երկնքում, բայց հնարավոր է՝ Աստված այնքան երկար ժամանակ ձեզ զավակ չի պարգևել, որովհետև նա արարում է ձեր ապագա փոքրիկին: Մի օր նա կգա՝ իր լուսավոր աչքերով նայելու ձեզ: Եվ դա կլինի ձեր երջանկությունը: Պարզապես սպասեք նրան:

Աղբյուր՝ CrossNews.am